Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը նախագահի առնվազն երեք թեկնածու կունենա

Հունիս 28,2012 11:22

ՀԱԿ-ի հանրահավաքի ասելիքը օրակարգային կարելի էր այլեւս չհամարել, քանի որ ընտրությունների թեման ՀԱԿ-ի խորհրդարան անցնելով ի վերջո փակվեց, ու անգամ հանրահավաքի հրավիրումն այս պահին ժամանակավրեպ էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ արհեստական թե ինքնաբերաբար` ՀԱԿ-ը փորձում է օրակարգ բերել քաղաքական ընդդիմության բոլոր միավորների հետ համագործակցելու խնդիրը, որի ուղղորդումը կարծես այս պահին ՀԱԿ-ի ցանկությունների եւ հնարավորությունների տիրույթից դուրս է: Եթե անգամ այդպիսի խնդիր առաջանա` այդ օրակարգը թելադրելու է այն միավորը, որը հանրության վրա բավարար ազդեցություն ունի: Իսկ ՀԱԿ-ի ներսում արդեն շատ վաղուց գիտեն, որ հանրության ազդեցության առումով իրենց ցուցիչը շատ ու շատ է փոքրացել, բացի դրանից` հենց ՀԱԿ-ում արդեն միմյանց հետ այլեւս սինքրոն չեն գոյատեւում տարբեր սերունդների տեսակետները, ու այստեղ վերջին տեղում չէ սերնդափոխության խնդիրը` թարմացնելու համար դեպի հասարակություն արյունատար երակը: Սա ընթանալու է զուգահեռ խորհրդարանական գործունեությանն ու նախագահական ընտրությունների վերաբերյալ մոտեցումների բյուրեղացմանը կամ գուցե նույնիսկ բախմանը (Նիկոլ Փաշինյանի վստահ լողալը խորհրդարանում հենց դրա ակնարկն է): Ու անգամ այն, որ հանրահավաքին ՀԱԿ-ի առաջնորդը կրկին ու վերստին նախ շեշտադրումներ արեց ղարաբաղյան հարցի վրա, փորձելով այս թեմայով ակտուալ դարձնել իր ասելիքը ու դրանից հետո անդրադարձ արեց ընդդիմությանն ու նրա համագործակցության հեռանկարներին, ցույց է տալիս, որ ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի ասելիքի պակաս կա, սա էլ գալիս է աստիճանաբար հալվող հասարակության վստահության պակասից եւ ԲՀԿ-ի սարքած շիլափլավից ու անորոշությունից:

Ղարաբաղյան կարգավորման տերպետրոսյանական վերլուծությունը, երբ կարծես որեւէ հրամայական այս պահին այդ ուղղությամբ չկա, համանախագահների պարբերական հայտարարությունների հերթագայությունում սեւ կատվի որոնումը եւ «լոսկաբոսյան» ընդամենն ափսոսանքն ու մաքսիմալիստական բառի սեփական ինտերպրետացիաները որպես նախորդ հայտարարությունների համեմատ կոշտություն մատուցելը հնարք է, բայց շատ հնացած, իսկ զանազան շահեր արտահայտող վերլուծություններն (Ուեյն Մերի) ու դրանցից արված սեփական հետին միտք պարունակող եզրակացություններն էլ որպես վերին ճշմարտություն մատուցելը նույնիսկ ՀԱԿ-ի օրակարգն ի զորու չէ ակտուալ դարձնել եւ ՀԱԿ-ի առաջնորդի մանեւրի դաշտը լայնացնել:

Հասկանալի է, որ Ղարաբաղի հարցը պետք է լինի քաղաքական ուժերի համար առանցքային հարց, սակայն «ավազակապետության» դեմ պայքարի թեմայից առաջ բերել Ղարաբաղի հարցն ու փորձել այդպես փոխհատուցել հանրության վստահության պակասի պատճառով առաջացած վակուումը, նշանակում է, թե ՀԱԿ-ի առաջնորդի զինանոցն աղքատացել է, եթե չասենքՙ զենքերն սպառվել են, իսկ դրանք շատ չեն էլ կարող լինել` տարածաշրջանային գեոկենտրոնների մրցակցություն, հայ-թուրքական հարց, ղարաբաղյան հարց. վերջին երկու հարցում հարաբերական դադար է, տարածաշրջանային իրադարձությունների վրա մերոնք տաշեղի ազդեցություն ունեն, ուրեմն մի հարց մնաց, որ հավերժական ջուր է ուզում, եւ այդ ջուրը կարող է լցնել ամեն ոք, դա Ղարաբաղն է: Ահա եւ բանուգործ չունենալով եւ անպատեհ ժամանակ հանրահավաք հրավիրելով` մարդը խոսեց հենց այդ` ոչնչով չպարտավորեցնող թեմայից:

Իսկ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մասամբ «Ժառանգության» համագործակցության հնարավորությունից, որ ՀԱԿ-ի առաջնորդը խոսում է` հիշելով նախընտրական ժամանակը, վերջինից շահեց ԲՀԿ-ն, մասամբ գուցե ՀԱԿ-ը` խորհրդարանում խմբակցություն ունենալով, իսկ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն տուժեցին, ու դեռ հարց է` ով ում հաշվին է շահել-տուժել: Իսկ ընդհանուր առմամբ` ԲՀԿ-ն ապրի, մի լավ «ֆռռացրեց» ընդդիմությանը եւ ապագայում էլ «ֆռռացնելու» է, այնպես որ չարժե անգամ ԲՀԿ-ի փաստաբանը դառնալ եւ պաշտպանել նրան, թե պարտադիր չէ, որ նա խորհրդարանում ընդդիմություն դառնալու հայտարարություն անի, իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է: «Բարգավաճը» երեւի լավ էլ գիտի անելիքը, ու հազիվ թե ՀԱԿ-ի առաջնորդի շոյիչ խոսքերի կարիքը զգում է` ոչ քաջալերանք ու ոչ էլ ճնշում ԲՀԿ-ի անելիքի վրա հազիվ թե ազդեն, նրա անելիքն այլ խնդիրներ լուծելու համար է:

Իսկ կառավարության ծրագրի 49 դեմ ձայների մեջ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր շարժառիթն ունի, եւ ՀԱԿ-ի շարժառիթը ԲՀԿ-ի շարժառիթին չի բռնում, ՀՅԴ-ինը` այդ երկուսի շարժառիթին, ու ամառային արձակուրդից հետո բոլոր այս ուժերի շարժառիթները կարող են փոխվել ինչպես նաեւ գործելակերպը:

Ընդհանրապես` ընդդիմության համագործակցության մասով մի շարք անսինքրոն շարժընթացներ վկայում են, որ նախագահական ընտրություններին բացառվում է միասնական թեկնածուի շուրջը ընդդիմության մի սեղանի մոտ նստելու հնարավորությունը: Նախ` առկա բոլոր ուժերը գաղափարախոսական եւ մտածելակերպային ընդգծված տարբերություններ ունեն: Գումարած դրան` ամեն մարդ ցանկանալու է մյուսների համագործակցությունն իր թեկնածուի շուրջը: Իսկ դա, գիտեք, ամենակարճ ճանապարհն է չհամագործակցելու: Միայն այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկը չի բարձրաձայնել այն թեկնածուի անունը, որով գնալու է մի ութ ամիս հետո ընտրությունների, ամեն ինչ ասում է: Ըստ ամենայնի` ընդդիմությունը նվազագույնը երեք թեկնածու ունենալու է:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930