Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան ծանր է բարոյահոգեբանական վիճակը, այնքան փոքրանում են պայքարելու ուժն ու ցանկությունը

Հունիս 28,2012 10:56

Արտագաղթի մասին զարհուրելի թվեր, ինքնասպանությունների մասին զարհուրելի լուրեր, զարհուրելի պատմություններ սպանությունների մասին՝ որդին հորը, փեսան՝ աներորդուն, սկեսրայրը՝ հարսին, հարեւանը՝ հարեւանին, երթուղայինի վարորդը՝ մեկ ուրիշ վարորդի, օլիգարխի թիկնապահները՝ ՊՆ բժշկին, մայրը՝ երեխաներին, թոռը՝ տատիկին եւ աղքատություն, աղքատություն, աղքատություն, անհուսություն ու էլի անհուսություն, սա է այսօրվա Հայաստանը։ Բայց սա դեռ ոչինչ, այս ամենի հետ՝ չկա ապագա, ապագային հավատացող գոնե մի շնչավոր էակ։ Եվ ոչ ոք չի էլ խոսում ապագայի մասին, նման խոսակցություն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների օրակարգում չկա։ Օրակարգում են բոլորովին այլ բաներ, օրինակ, սոցիոլոգներին հարցնում են, թե ի՞նչն է մարդկանց դրդում ինքնասպանության, նրանք էլ բացատրում են, որ յուրաքանչյուր ընտրություններ իրենց հետեւանքն է թողնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա, եւ ինքնասպանությունները, վերոնշյալ դաժանությունները հենց դրա արտահայտությունն են։ Ասել է թե՝ յուրաքանչյուր ընտրություններից հետո հասարակության բարոյահոգեբանական վիճակը եւս մեկ աստիճանով անկում է ապրում, եւ դա իր հետ բերում է աղետներ։ Չի կարելի չհամաձայնել սրա հետ, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հենց այդպես էլ եղավ, եւ մենք ականատեսն ենք լինում հենց այդ թեզի «պաշտպանությանը» ամեն օր, ամեն լուրի հետ։ Օրակարգ է մտել մեկ այլ հարց, արդյոք արտագաղթողներին ու ինքնասպաններին նույն տեսակի մեջ պետք է նայել, այսինքն՝ մտածելու բան է՝ նրանք, ովքեր ինքնասպան են լինում, արտագաղթելու հնարավորություն ունենալու դեպքում՝ կընտրեի՞ն այդ ճանապարհը, եւ արդյոք նրանք՝ ովքեր արտագաղթում են, երկրում մնալով՝ մի օր չէի՞ն հասնի ինքնասպանության։ Այս երկրորդ թեզը նույնպես «պաշտպանվեց»։

Նախօրերն ինքնասպանություն գործած գյումրեցու մայրը ասաց, որ իր որդին երկար ժամանակ բողոքել է, ասել, որ էս երկիրը ապրելու տեղ չի, ամեն կերպ Ռուսաստան գնալու թույլտվություն է խնդրել, բայց ինքը չի համաձայնել։ Մայրը իրեն մեղավոր է համարում որդու ինքնասպանության համար, որովհետեւ եթե ինքը համաձայներ, եւ նրանք գնային Ռուսաստան, իր տղան կենդանի կլիներ։ Այս կինը մի որդի էլ ունի. նա, բարեբախտաբար, ինքնասպան չի եղել, նա… Ռուսաստանում է։ Հասարակության օրակարգ է մտել նաեւ հետեւյալ հարցը, ճիշտը ո՞րն է՝ գնա՞լ, թե մնալ պայքարել։ Ընդ որում, օրակարգում չկա պայքարելու կոնկրետ ձեւաչափի կամ մեխանիզմի քննարկում։ Հնարավոր է, որ սոցիոլոգները սրան նույնպես ունենան իրենց բացատրությունը, օրինակ, հասարակության բարոյահոգեբանական վիճակից է կախված, թե որքանով է այդ հասարակությունը պատրաստ պայքարելու։ Ասել է թե՝ որքան ծանր է բարոյահոգեբանական վիճակը, այնքան փոքրանում են պայքարելու ուժն ու ցանկությունը։ Գրեթե համոզված եմ, որ այս թեզը նույնպես հնչել է կամ կհնչի։ Ամեն դեպքում մենք դրա «պաշտպանությանն» էլ ենք ականատես լինում կյանքում։ Ու ստացվում է, որ յուրաքանչյուր ընտրություն բարոյալքում է, իսկ բարոյահոգեբանական վիճակի յուրաքանչյուր մեկ աստիճան անկում՝ հասարակությանը մոտեցնում է հուսահատության։ Ի՞նչ անել ուրեմն այս վիճակի հետ. պարզապես մտածեցի, որ ընտրությունները բարոյալքում են ոչ միայն ընտրակեղծիքները, այլեւ այն պատճառով, որ մարդիկ շարունակում են համոզված լինել, որ քաղաքականությունը անբարոյականություն է, եւ նույնիսկ ամենաբարձր արժեքների համար քաղաքական պայքարը համարում են անիմաստ, որովհետեւ վերջում, միեւնույն է, իրենց կարծիքով՝ անբարոյականությունն է հաղթելու, ու իրենք հայտնվելու են օգտագործվածի դերում։ Հենց այս գիտակցումն է, որ անհրաժեշտ է հաղթահարել, ու հասկանալով, թե որքան դժվար է դա, չեմ ուզում հավատալ, որ անհնար է:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930