«Կոնգրես» հյուրանոցում սկսվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրամիություն ենթահանձնաժողովի 3-րդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԳՆ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արեւելյան համագործակցության բաժանմունքի ղեկավար Ջոն Քեյերը:
Արդարադատության նախարար Հ. Թովմասյանը անդրադարձավ հավաքների ազատությանը, հավաքների մասին օրենքի փոփոխությանը, որն, ըստ նրա, ավելի առաջադեմ է, քան Եվրամիության օրենսդրությունը: Նա ասաց, որ մեր երկրում չունենք արգելված, չարտոնված, չիրազեկված հանրահավաքներ եւ որ դրանք այն ձնծաղիկներն են,որոնց վրա կառուցված է մեր արժեհամակարգը:
ԵՄ բարձրաստիճան հյուրերին Հ. Թովմասյանը ներկայացրեց քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացները: Ըստ նախարարի, եթե տարիներ առաջ հեքիաթային ժանր կարող էր թվալ հանրային կարծիքը հաշվի առնելը, ապա, ըստ նրա, մեզ մոտ սովորական երեւույթ է դարձել այլեւս այն: Որպես օրինակ բերեց Թռչկանի եւ Մաշտոցի պուրակի շուրջ զարգացումները:
Կարդացեք նաև
Հ. Թովմասյանն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումներին, ասելով՝ եթե հանրային կյանքը հիմնված չէ արդարության սկզբունքի վրա, ապա անհնար են դառնում հետագա քայլերը:
Ջոն Քեյերն ակնկալում էր, որ այս հանդիպումից հետո լուրջ քննարկումներ կլինեն, մասնավորապես՝ նրան հետաքրքրում են արդարադատության, իրավական ոլորտում, ինչպես նաեւ վիզաների բանակցությունների հետ կապված խնդիրները: Նա ասաց, որ ԵՄ համար ապօրինի էմիգրացիայի կանխումը կարեւոր է, ինչպես եւ կարեւոր է այդ ուղղությամբ կառույցներ ձեւավորելը: Դրա համար մեր հյուրն առաջարկեց, որ ապօրինի էմիգրանտները վերադառնան Հայաստան:
Ջոն Քեյերն ասաց, որ Եվրամիությունը օգնում է Հայաստանին, որպեսզի բարեփոխումներ կատարվեն օրենսդրության մեջ, իսկ դա բացառելու է բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը:
Արդարադատության նախարարը Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները նմանեցրեց ինքնաթիռի արագություն հավաքելու եւ քիթը բարձրացնելու հետ: Նա ասաց, որ երբ իր 6,5 տարեկան տղան հարցրեց, թե ինչպե՞ս է ինքնաթիռը շարժվում, նա ծանոթանալով գրքերին, նկատեց, որ ինքնաթիռը մինչեւ 10 անգամ էներգիա է հավաքում արագության համար, հատկապես բարձրություն հավաքելու, «քիթը պոկելուց հետո»: Հրայր Թովմասյանն ասաց. «Մենք մեծ էներգիա ենք ծախսել եւ այլեւս երրորդ ճանապարհ չկա»:
Այս ելույթներից հետո նիստի աշխատանքները շարունակվեցին փակ ընթացակարգով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ