Երեկ ինձ կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննվելու ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով, որը մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության համար։ Հարցաքննությունը տեւեց մոտ 5 ժամ։ Ինձ ուղղված բոլոր հարցերը վերաբերում էին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 2003 թվականին գողացված կտավների շուրջ կատարած լրագրողական հետաքնությանը։ Այս փաստը, որ ԱԱԾ-ն հետաքրքրվում է ազգային արժեքներին առնչվող հանցագործության վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանքներով, զարմանալի չէ, եւ «Հրապարակը» պատրաստ էր իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմիններին, իր ուժերի չափով նպաստել՝ գտնելու մեծ նկարչի կտավները։ Մանավանդ, նկարչի ժառանգները եւս շահագրգիռ են եւ հույս ունեն, որ դրանք ի վերջո գտնվելու են։ Թեեւ հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի նկարների պատմությունը Սամվել Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի հետ, որքանո՞վ է իրավաչաւի մի գործով կանչել, մյուսի շուրջ հարցաքննելը, ինչո՞ւ ենք մենք հարցաքննվում սպանության գործով, որի մասին մի քանի օր առաջ ապարդյուն փորձում էինք որեւէ տեղեկություն ստանալ. այս մասին քննիչները հստակորեն չեն պարզաբանում։ Ավելի վաղ իրավապահները հերքել էին մամուլում տարածված վարկածը, թե ՔԿՎ նախկին պետի կալանավորման հիմքում հենց նկարների պատմությունն է, ոչ թե դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանության կազմակերպումը։
Հիշեցնենք, որ լրագրողական պրպտումների ընթացքում տեղեկություններ էինք ստացել, որ ՔԿՀ վարչության նախկին պետը, ով այժմ կալանավորված է, ժամանակին կաշառք է վերցրել Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գողության գործով դատապարտված Վարուժան Գեւորգյանից, նա էլ դրա դիմաց ազատազրկման մի մասը տանն է անցկացրել։ Այնուհետ Գեւորգյանին Հովհաննիսյանը տարել է Մոսկվա, կոշիկի անեկամտաբեր առեւտրի մեջ ներքաշել՝ իրենից կախյալ վիճակի մեջ գցելու համար եւ իբր վերջինիս մոտ գտնվող Բաժբեուկ-Մելիքյանի կտավները ստանալու մտադրությամբ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»