Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը ինքնահռչա՞կ

Հունիս 28,2012 10:09

Վճռաբեկ դատարանի կամայականություններն այլևս չհանդուրժող փաստաբանների բողոքի ակցիայի ու գործադուլի քննադատությամբ ու վճռաբեկ դատարանի պաշտպանությամբ օրերս հանդես եկավ իմ կողմից հարգված իրավաբան Արա Ղազարյանը , որն իր մոտեցումը փորձեց հիմնավորել հետևյալ փաստարկներով.

  1. «փաստաբանները նշում են, որ իրավական որոշակիություն գոյություն չունի, որովհետեւ վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով տարբեր որոշումներ է կայացնում»:

Մեր պահանջները և դրանց հիմնավորումները նման դատողություն չեն պարունակում: Մենք ասում ենք իրավական որոշակիություն գոյություն չունի, քանի որ վճռաբեկ դատարանը չի կատարում Սահմանադրության, դատավարության օրենսգրքերի ու սահմանադրական դատարանի որոշումների պահանջները և չի բացահայտում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հիմնավորումները:

Մենք ասում ենք, որ վճռաբեկը կարող է մի գործ վարույթ ընդունել ու նախադեպային որոշում կայացնել, սակայն այդ որոշման մեկնաբանությանը հակասող այլ դատական ակտերի դեմ բողոքները վարույթ չընդունել` օրենքին ու իր որոշմանը հակասող դատական ակտերը թողնելով անփոփոխ ու դուրս գալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովողի իր գործառույթից: Նման պայմաններում վճռաբեկի նախադեպային որոշումները դառնում են բուտաֆորային բնույթի:

  1. 2.     «Վճռաբեկն ի սկզբանե հայտարարել է, որ ինքը սովորական բողոքարկման դատարան չէ, այլ վերանայման դատարան է»:

Այ, սրա հետ, չեմ կարող չհամաձայնել, իսկապես, վճռաբեկ դատարանն ինքնահռչակ է, ինքն է հայտարարել թե ինչ դատարան է` դուրս գալով Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իր լիազորությունների շրջանակից: Այսպես, Սահմանադրության 92 հոդվածի համաձայն վճռաբեկ դատարանը ընդհանուր իրավասության դատարան է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և նրա լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Սահմանադրությամբ ու որևէ օրենքով վճռաբեկին տրված չէ որոշելու, թե ինքն ինչ դատարան է, դա ժողովրդի ու օրենսդրի լիազորությունն է:

  1. «Ես արդարացնում եմ վճռաբեկի մոտեցումն այն իմաստով, որ Սահմանադրության 92 հոդվածով իրենք ունեն հատուկ լիազորություն եւ, դրանից ելնելով, չեն կարող բոլոր գործերը վարույթ ընդունել, եւ աննպատակահարմար է բոլոր գործերը վարույթ ընդունել»:

Բայց ո՞վ է ասել, որ վճռաբեկը պետք է բոլոր գործերը վարույթ ընդունի, մենք նման բան չենք ասում: Հիշեցի, նման բան ասող էլ է եղել, բայց դա շուտ էր, մի քանի տարի առաջ, երբ վճռաբեկ դատարանի իմ կողմից հարգված նախագահ, պարոն Ա. Մկրտումյանը այդ պաշտոնում նշանակվելուց հետո փաստաբանների պալատում հայտարարեց, որ բողոքները վերադարձնելու պրակտիկան պետք է փոխվի և հիմնավորումն էլ այն էր, որ մեկա, բողոքի վերադարձը պետք է պատճառաբանվի, հենա բողոքը վարույթ կընդունվի ու մի կես էջ ավել կպատճառաբանվի, թե ինչու է մերժվում:

  1. «Օրենքում անորոշ է իրավակարգավորումը: Խնդիրն օրենսդրության հետ է», «Փաստաբանները ճիշտ են այն հարցում, որ կա իրավական անորոշություն օրենսդրական կարգավորման հետ, եւ այդ անորոշ պայմաններում վճռաբեկն անում է առավելագույնը, որ հնարավոր է անել», «Որպես բարձրագույն ատյան՝ վճռաբեկը կարող է շատ սուղ պատճառաբանություն տալ»:

Մենք չենք ասում, որ օրենքում անորոշություն կա, իրականում այսօր օրենքում անորոշություն չկա: Անորոշությունները օրենսդրական փոփոխություններով ու սահմանադրական դատարանի որոշումներով հստակեցվել են: Անորոշությունը վճռաբեկի իրավակիրառ պրակտիկայում է, որը չի ցանկանում կատարել օրենքի պահանջը և եթե առավելագույնն էլ անում է, ապա իր իսկ ստեղծած անորոշ վիճակը պահելու համար:

Այսպես, օրենքը վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար բողոք բերողին պարտավորեցնում է հիմնավորել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ` որ առերևույթ դատական սխալը կարող է ծանր հետևանք առաջացնել, կամ` որ բողոքարկվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտին:

Փաստաբաններիս կողմից սահմանադրական դատարանում մի քանի անգամ բարձրացվել է նման պահանջի սահմանադրականությունը` օրենքի որոշակիության տեսանկյունից և վերջինս իր որոշումներով հստակեցրել է դաշտն ու պարզաբանել, որ վճռաբեկ դատարանը, գործելով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված իր սահմանադրաիրավական գործառույթի, այն է` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի և այդ գործառույթն իրականացնելիս` իրավունքի զարգացմանը նպաստելու իրավասության շրջանակներում, պարտավոր է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին պատճառաբանված որոշումներում բացահայտել «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունների և դրանց բնորոշ հատկանիշների օրենսդրական բովանդակությունը` հնարավորություն տալով իրավունքի համապատասխան սուբյեկտներին կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները:

Մինչ օրս, սակայն, վճռաբեկ դատարանը այդպես էլ իր որևէ որոշումով չի բացահայտել նշված հասկացությունների ու դրանց բնորոշ հատկանիշների օրենսդրական բովանդակությունը` ստեղծելով անորոշ վիճակ: Այսինքն վճռաբեկ դատարանը չի կատարում Սահմանադրության 92 հոդվածով սահմանված իր սահմանադրաիրավական գործառույթը:

Մեր պահանջն է, որպեսզի վճռաբեկը կատարի իր պարտականությունը և իրավական հստակություն մտցնի ու կանխատեսելի դարձնի մեր գործողությունների իրավական հետևանքները: Թե չէ ասօր միակ բանը, որ կարելի է կանխատեսել, դա վճռաբեկի անկանխատեսելիությունն է:

Ի դեպ, սահմանդրական դատարանը պարզաբանել է, որ վճռաբեկ դատարանը պարտավոր է վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե այն չի պարունակում վերը նշված հիմնավորումներից որևէ մեկը, և հակառակը` պարտավոր է բողոքն ընդունել վարույթ, եթե բովանդակում է որևէ հիմնավորում:

  1. «Ես համաձայն չեմ փաստաբանների հետ, երբ որ նրանք դատադուլ են անում, որովհետեւ ես փաստաբաններին համարում եմ արդարադատության անիվի բաղկացուցիչ մասը: Ինչ է, իրենք իրենց դե՞մ են դատադուլ անում: Նրանք պետք է պտտեն այդ անիվը, իսկ գործադուլով կամ դատադուլով անիվը չես պտտի»:

Մինչև դատադուլ անելը մենք մի քանի անգամ դիմել ենք սահմանադրական դատարան և ստացել որոշումներ, որոնք, սակայն, վճռաբեկ դատարանը չի կատարում: Երբ վճռաբեկը տարիներ շարունակ չի կատարում իր սահմանադրաիրավական գործառույթը, ամենաքիչը, ինչ կարելի էր անել, դա մեկօրյա գործադուլն էր: Մեր կողմից իրականացված գործադուլն արդարացված էր, այն առկա խնդիրները հանրայնացրեց և հնարավորություն տվեց հասկանալ, որ թեև արդարադատության անիվները պտտվում են, սակայն դա տեղապտույտ է, իսկ մենք արդարադատության այն անիվն ենք, որ ցեխաջրում հայտնված ու տեղապտույտվող մյուս անիվներին դուրս է բերելու այդտեղից:

Հ.Գ.

Արա Ղազարյանը ընկերս է, սակայն ճշմարտությունն ավելի թանկ է. իսկապես որ, մեր պահանջն այնքան հիմնավոր է, որ հնարավոր չէ քննադատել առանց խեղաթյուրելու:

 

Կարեն Մեժլումյան

փաստաբան, հանձնախմբի անդամ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930