Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարաբերդցի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից

Հունիս 27,2012 21:51

Այսօր Aravot.am հետ զրույցում  Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի բնակիչները հայտարարեցին, թե իրենց գյուղի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից: Նրանց ասելով` լեռնային այս  գյուղում մշտապես ձմեռ է, իսկ  դպրոցում  10 տարուց ավելի է` ջեռուցում չկա: Թեև գազը կրթօջախից  10 մետր հեռավորության վրա է գտնվում, բայց ոչ մեկը չի ստանձնում այն դպրոց հասցնելու գործը, և գյուղի երեխաները ստիպված են տաքանալ հին մեթոդով` «էլեկտրական պլիտաներով»: «Բա ամոթ չէ՞, ո՞վ է տեսել, որ էս դարում երեխաները մրսեն ու բոլորի կույրաղիքները հերթով  հանեն, մեկինը չէ, երկուսինը չէ, չգիտեմ, որ մեկինը ասեմ, ամեն օր մեկի կույրաղիքը վիրահատում են: Մանկավարժներն էլ իրենց հերթին անընդհատ դասի չեն գալիս, մեղադրել չի լինում, էդ խեղճերը մրսում ու հիվանդանում են, բա սրանից լուրջ խնդի՞ր կա էս երկրում, հիվանդոտ սերունդ  եք մեծացնում»,- խմբովի բողոքեցին  գյուղացիները:

Մեզ մի պահ թվաց, թե այս  տեղեկությունը չափազանցված է, հետևաբար և մոտեցանք գյուղի դպրոցի տնօրենին` Վահրամ Հովհաննիսյանին,  ճշտելու, թե որքանո՞վ է  հավաստի գյուղացիների ասածը: Դպրոցը տնօրենը ևս հաստատեց նրանց խոսքերը`  նշելով, որ չնայած այդպիսի ծանր պայմաններին` իրենց դպրոցի շրջանավարտները Երևանի պետական համալսարանից պակաս բուհ չեն սովորում, նույնիսկ  Սորբոն սովորող ուսանողուհու ունեն: «Գյուղացիները ձեզ մի փոքր սիրունացված են ներկայացրել, բայց կույրաղիքների մասին ասածը իրականությանը իրոք համապատասխանում է, երկու տարի է`  գյուղը գազիֆիկացրել են , բայց դեռ դպրոց չի հասել: Մենք հին կաթսայատուն ունենք, մնում է կաթսայատունը վերանորոգեն,  նախահաշիվը մանարամասնորեն ներկայացրել ենք, մոտավորապես 25 միլիոն դրամի աշխատանք  է,  խոստացել են անպայման այս տարվա մեջ իրականացնել սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Երկու հերթով ենք աշխատանքները կազմակերպում, որպեսզի գոնե ունենաք մինիմալ ջեռուցում, էն տաք օրերին դպրոցում ջերմաստիճանը  լավագույն դեպքում 15-20 աստիճան է», -ասաց  Վահրամ Հովհաննիսյանը:

Նրա պատմելով, կաթսայատան վերանորոգման  հարցով իրենց մոտ բարձրաստիճան պաշտոնյաներ են  եկել, իրենք  էլ դպրոցի ջեռուցման խնդիրը ներկայացնելիս շեշտել են, որ գյուղը 2000 մետր բարձրության վրա է, ի պատասխան սրան, պաշտոնյա-հյուրերը  կատակել են` ասելով. «Եթե էդքան Աստծուն մոտ եք, ուրեմն թող Աստված ձեզ օգնական լինի»: «Իհարկե Աստված մեզ օգնական է, բայց լավ կլինի անկեղծ, անմիջական օգնականներ ունենանք»,- ակնարկում  է դպրոցի տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930