Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ես սկսեմ նեղել իմ գյուղացուն, ո՞նց կարող եմ դրանից հետո աշխատել այդ մարդկանց համար»

Հունիս 27,2012 20:10

 Համայնքապետերին  նոր լիազորություններ տալու մասին խոսակցությունները մտահոգությունների առիթ են դարձել:

Վերջերս ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանումները` համայնքապետերին նոր լիազորություններ տալու հետ կապված, Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավարին անհանգստությունների առիթ են տվել: Վաչե Տերտերյանի խոսքերով` համայնքապետերին տրվելու է լիազորություն` պարտք ունեցող բնակիչների նկատմամբ վարչական ակտ կիրառելու:

Թեեւ դեռ չկա օրենք կամ օրենքի նախագիծ, այնուամենայնիվ, համայնքապետը պնդում է, որ այդ նախաձեռնությունը կսրի գյուղացի-գյուղապետ հարաբերությունները: «Մարդիկ ինձ  ընտրել են իրենց գյուղապետ, եթե ես սկսեմ նեղել իմ գյուղացուն, էլ ո՞նց կարող եմ դրանից հետո աշխատել  այդ մարդկանց համար»,-ասում է Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:

Ըստ համայնքապետի` թեեւ  գյուղում մարդիկ պարտաճանաչ վճարում են հարկերը, այնուամենայնիվ, նրա համոզմամբ, եթե այս նախաձեռնությունն իրագործվի, եւ իր գրած ակտի համաձայն հարկադիր կատարողն իրավունք ունենա գյուղացիներին պարտք ու պահանջ ներկայացնել, ապա վաղ թե ուշ լարված մթնոլորտ կստեղծվի գյուղում:

«Մի գյուղի բնակիչներ ենք, մեկի ուրախությամբ ուրախանում ենք, տխրությյամբ` տխրում, հարկերն էլ  նորմալ հավաքում ենք, բայց այս դեպքում անպայման գյուղացի-գյուղապետ հարաբերությունները կսրվեն»,-բացատրում է նա:

Հակառակ սրան` Լոռու մարզպետարանի աշխատակազմի  ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը դրական է գնահատում նախաձեռնությունը: Ըստ նրա` սա հնարավորություն կտա բարձրացնելու թե հարկատուի, եւ թե համայնքապետի պատասխանատվության աստիճանը. «Եթե գյուղապետը դրեց իր թեկնածությունն ու ընտրվեց, ապա պիտի իմանա, որ կան պատասխանատովություններ, այդ թվում` հարկահավաքման  պարտադիր լիազորություններ, որ ինքը պարտավոր է կատարել»:

Վարչության  պետը նշում է, որ ժամանակն է ազատվելու կեղծ լավություն, բարություն անելու սովորություններից: «Պետք  չէ կեղծ լավություն, բարություն անել, մանավանդ, որ գիտես`  այսօր զիջեցիր պարտքը, վաղը, երկու տարի անց, երեք տարի անց, ավելի ծանր վիճակում ես դնելու գյուղացուն. տարիներ անց ստիպված է լինելու միանգամից մի քանի տարվա պարտքն ու գոյացած տուգանքները միասին   վճարել, ինչն ավելի մեծ գումարների խնդիր է»,-բացատրում է Սեւակ Հովհաննիսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930