Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը «պոչիկով լակոտներ» եւ «չորսոտանիներ» ասելով նկատի չի ունեցել հայցվորին

Հունիս 27,2012 18:54

Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց 8 էջանոց բացատրություն:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանը ավարտեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործի քննությունը` ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի:

Դատական ակտը կհրապարակվի հուլիսի 11-ին: Այսօր դատարանում հանդես եկավ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանը: Նա դատարանից պահանջեց ամբողջովին հայցը մերժել: Որպես հայցի մերժման փաստարկ, Ա. Զոհրաբյանը հիշեցրեց հայցի վաղեմության ժամկետի խախտումը: Նա ասաց, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումից հետեւում է, որ հայցվորը պատասխանողի հասցեն նշել է Դավիթաշեն-1 թաղամասը, ինչը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում չի գտնվում, այլ գտնվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում: Արա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ հայցվորը պատասխանողի բնակության հասցեն ճիշտ է նշել, սակայն դիմել է «սխալ դատարանի»՝ այդ  տարածքը չսպասարկող դատարանին, ավելին, ըստ Ա. Զոհրաբյանի, դատարանները հայցվորների կողմից մատնանշված պատասխանողների հասցեն հիմնավորելու պարտականություն նրանց վրա չեն դնում:

Պատասխանողի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանը նաեւ մեջբերեց Հելսինկյան կազմակերպության հայցում տեղ գտած հետեւյալ մտքերը, որոնք արտահայտել է Վլադիմիր Գասպարյանը . «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, դատարանի նկատմամբ, տեսնում եմ թույն մեջները, 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտությունները անձնական վիրավորանք են հասցնում… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին… Չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ իր ոտքը կորցրել է…»: (Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք հայցվորի մեջբերումներին): Նա ասաց, որ այդ արտահայտություններով Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ անուններ չի նշել, չկա հասցեատեր, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն, զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Արա Զոհրաբյանը պնդեց, որ հայցվորն ինքն ապացուցի, թե այդ, ինչպես նաեւ Hraparak.am-ի, ինչպես նաեւ «Զինուժ» ծրագրով Վլ. Գասպարյանի հնչեցրած  արտահայտությունները վերաբերում են հայցվորին եւ փաստացի տվյալ են պարունակում հայցվորի վերաբերյալ: Ա. Զոհրաբյանը նաեւ նշեց. «Վլադիմիր Գասպարյանը 20 տարեկան պոչիկով լակոտներ, ինչպես նաեւ չորսոտանիներ ասել է պաշտպանության նախարարին վիրավորանք հասցրած անձանց, ոչ թե հայցվորին կամ Հելսինկյան կազմակերպություններին, կամ զոհված զինվորների ծնողներին»:

Ի դեպ, ճանաչված փաստաբանը նաեւ նկատեց, որ հայցվորը չունի լիազորագիր զոհված զինվորների ծնողներից: Պատասխանող կողմը նաեւ հղում արեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, մասնավորապես «Գյուլդին եւ Կիսլովնч ընդդեմ Ռուսաստանի գործի», որտեղ նշված էր. «Դատարանը փաստում է, որ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջ են ներկայացրել առանձին պետական ծառայողներ, նրանցից ոչ մեկը անվանարկված չէր եւ չէր հիշատակվում…»: Նկատի էր ունեցել կոնկրետ հասցեատիրոջ անորոշությունը:

Ա. Զոհրաբյանը 8 համակարգչային էջից բաղկացած բացատրությունները ներկայացնելուց հետո պատասխանեց նաեւ հայցվորի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանի հարցերին: Նշենք, որ հայցվոր կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները եւ մտավ խորհրդակցական սենյակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930