Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը փորձում է օգտագործել ԲՀԿ-ին, իսկ դա անիրականանալի է» (տեսանյութ)

Հունիս 27,2012 18:25

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ի քաղաքական պահվածքը վերլուծելով, օրեր առաջ հայտարարեց, թե ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին և հաստատ ԲՀԿ-ում կարող են մտածած լինել, որ իրենք կարող են հավակնել վարչապետի պաշտոնին:

Ուստի Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ պատգամավորը համաձա°յն է «Ժառանգության» ներկայացուցչի հետ: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն նախընտրական ամբողջ մրցարշավի ընթացքում իր քննադատության թիվ մեկ թիրախը համարում էր վարչապետին և կառավարությանը: Նա չի էլ թաքցրել այդ դժգոհությունը: Իհարկե, այս հայտարարությունները մի քիչ խոցելի են այն առումով, որ ԲՀԿ-ն նման դժգոհություն արտահայտելու բազում հնարավորություններ ուներ, երբ կոալիցիայի մեջ էր: Բայց եթե հաշվի առնենք, որ կոալիցիան կազմվեց մարտիմեկյան իրադարձություններից հետո, ապա կարելի է հասկանալ, որ ԲՀԿ-ն այն ժամանակ քաղաքական իշխանությանը հավելյալ ամրության պաշար հաղորդելու առաքելություն ուներ, որ նախագահին հաջողեր մարտի մեկից հետո ստեղծված իրավիճակից հասարակությունը քայլ- քայլ, զգուշորեն տեղափոխել բնական զարգացումներ: Այդ ժամանակ ԲՀԿ-ն գիտակցում էր իր մասնակցությունը ավելի կարևոր առաքելությանը և կարող էր կառավարության արժանի, բայց անհարկի քննադատությունից զերծ մնալ»:

Վերլուծելով իրավիճակը ընտրությունների շրջանում ՝ Խ. Հարությունյանը նշեց. «ԲՀԿ-ն չէր կարող այդ շրջանում չհայտարարել կառավարության նկատմամբ իր ունեցած դժգոհությունը: Նա այդ իրավունքն ուներ: Եվ ընտրությունների արդյունքում ձևավորվեցին երկու քաղաքական լիդերներ, ու  ողջամտությունը եւ էթիկան ենթադրում էր, որ ՀՀԿ ղեկավարը, ՀՀ նախագահը պետք է առաջարկի ԲՀԿ-ին՝ արդյոք կցանկանա՞ համագործակցությունը շարունակել: Անբնական կլիներ, որ նախկին կոալիցիոն գործընկերոջը նման առաջարկ չլիներ: Եվ այստեղ կարող էր ԲՀԿ-ն ասել, այո կհամագործակցենք, եթե լինի սա… ԲՀԿ-ն չէր կարող մտնել կոալիցիա, որը կարող էր ակնհայտորեն պաշտպանել վարչապետին և կառավարությանը»:

Մեր հարցին` հնարավո°ր է ԲՀԿ-ն գայթակղվի Խ. Հարությունյանի ձևակերպմամբ «ՀԱԿ-ի սիրաշահումներին» այն դեպքում, երբ տեսնում է, որ երկրի կարևորագույն պաշտոնները, միևնույն է, ՀՀԿ-ի ձեռքին են: Այս կապակցությամբ Խ. Հարությունյանն ասաց. «ԲՀԿ-ն, որ չմտավ կոալիցիա, քաջ գիտակցում էր, որ ինքը այլևս չի կարող չլինել կոալիցիայի մեջ, բայց ստանձնել պատասխանատվություն: Նա շատ իմաստավոր քայլ է արել: Բայց նա չի կարող գայթակղված լինել, թե տեսեք մի քանի պաշտոն ունեի, դա էլ չմնաց: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ին այդպիսի մոտեցումներն են առաջնորդում: Կգայթակղվի՞ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի սիրաշահումներով` թույլ տվեք կասկածեմ:  Այնքան պարզ է, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը իր քաղաքական նպատակների համար փորձում է օգտագործել ԲՀԿ-ի կապիտալը, իսկ դա անիրականանալի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930