Հետաքննությունը տևել է ավելի քան երկու տարի և դրանում ներգրավված են եղել 13 պետությունների իրավապահ մարմինների գաղտնի գործակալներ
ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն բացահայտել է համացանցի միջոցով վարկային քարտերի մեքենայություններով զբաղվող մի հանցախումբ:
ՀԴԲ-ի Նյու Յորքի գրասենյակը հանցախմբի բացահայտումն անվանել է պատմության մեջ նմանօրինակ ամենախոշոր գործողություն, որը տևել է ավելի քան երկու տարի, և որտեղ ներգրավված են եղել 13 պետություններում գործող իրավապահ մարմինների գաղտնի գործակալներ:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից ներկայացված տվյալների համաձայն, այս գործողությունը կանխել է ավելի քան 400 հազար մարդու վարկային քարտերի հետ կապված մեքենայությունները՝ ընդհանուր առմամբ խնայելով 205 միլիոն դոլար կազմող գումար, որով հանցագործները պատրաստվում էին գնումներ կատարել:
Կարդացեք նաև
Իրավապահ մարմինների գործողության արդյունքում ձերբակալվել է 24 կասկածյալ, որոնցից 11-ի ձերբակալությունն իրականացվել է Միացյալ Նահանգներում, իսկ մնացած 13 կասկածյալները ձերբակալվել են այլ պետություններում՝ Մեծ Բրիտանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի համաձայն, կասկածյալները մեղադրվում են «քարդինգ» անվանվող հանցագործության կատարման մեջ, որի դեպքում իրականացվում է հազարավոր վարկային քարտերի և բանկային հաշիվների մասին տեղեկությունների գողություն, և այս տվյալների օգտագործմամբ հետագայում ապրանքներ կամ ծառայություններ են գնվում:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»