Ազատվելով 14 տարվա ամուսնու ֆիզիկական եւ սեռական բռնությունից՝ 32-ամյա Մերի Համբարձումյանն արդեն վստահությամբ ու առանց վախի է պատմում իր հետ կատարվածը:
Ասում է, որ առաջին անգամ ամուսինը ձեռք է բարձրացրել իր վրա, երբ հղի էր առաջնեկով: Իսկ հետո, բռնությունը 14 տարի շարունակ սովորական է դարձել մի ընտանիքում, ուր երեք մանկահասակ երեխաներ են մեծանում:
«Սկզբից կենցաղային խնդիրներ էին, հետո, ծեծի պատճառ սկսեցին դառնալ ամեն ինչ՝ լարվածությունը, դրսում ունեցած իր անախորժ խոսակցությունները, պարտքերը, գործազրկությունը…հարձակվում էր վրաս ու ծեծում այն աստիճանի, որ ուշաթափվում էի»,- «Մեդիալաբին» պատմում է Համբարձումյանը:
Նա ասում է, որ արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը ամուսինը խզել էր. երկու անգամ ջարդել է հեռախոսները՝ կտրելով անգամ կապը իր եւ ծնողների միջեւ: Ւսկ բռնությունները շարունակվում էին առօրյա հաճախությամբ՝
Կարդացեք նաև
պատճառը պատուհանից դուրս նայելն էր, գազի, լույսի թանկ վարձերը, հեռուստացույցն առանց «հարցնելու» միացնելը: Ընդ որում, ծեծից անմասն չէին մնում նաեւ երեխաները, որոնց եւս «բաժին էր հասնում»:
«Ինձ որ ծեծում էր, երեխեքը քաշվում էին մի սենյակ, որ չխառնվեն իրենք էլ ծեծի չենթարկվեն: Իսկ իմ գիտակցությունը, որ կորում էր, ուշագնաց էի լինում, այդ ժամանակ էլ շարունակում էր հարվածել քացիներով: Երբ սեռական ցանկություն էր ունենում, իսկ ես չէի ուզում, սեռական բռնության էր ենթարկում ինձ: Հետո թողում տանից գնում էր, հանդարտվում էր, նոր գալիս տուն»,- պատմում է Համբարձումյանը՝ ով տարիների տառապանքներից հետո այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտել եւ հեռացել բռնարար ամուսնուց:
Նա պատմում է, որ ամուսինը բոլոր հոգսերը թողել էր իր ուսերին, հիշում, որ ստիպված էր ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, իսկ երբ զուգահեռ ճաշը մի քիչ ուշանում էր, կրկին դաժանաբար ծեծվում էր նրա կողմից:
«Եթե ինքը տանն էր, ես իրավունք չունեի անգամ պատուհանից դուրս նայել: Նրա քույրն ու եղբայրը, մայրը տեղյակ էին, թե ինչ է կատարվում մեր ընտանիքում, բայց ոչ միայն չէին խառնվում, այլեւ ներկա լինելու դեպքում «ոգեւորում» էին նրան: Մի բան էլ սկեսուրս ինքն էր էնպես անում, որ կռիվ դառնար, երեխաներին հավաքում էր իր շուրջը եւ սպառնում, որ եթե իր տղայից բաժանվեմ, երեխաներին մանկատուն կտա, բայց ինձ թույլ չեն տա տեսնեմ»:
Իր մեջ ուժ գտնելով, կինը օրերից մի օր իր մեջ բավականաչափ ուժ է գտել դիմելու «Կանանց իրավունքների կենտրոն» ու հայց ներկայացնելու դատարան: Այժմ Մերին ասում է, որ մի ցանկություն ունի՝ հետ վերդարձնի իր երեխաներին, ովքեր գտնվում են սկեսրոջ մոտ: Նա չի էլ խոսում ամուսնու մոտ վերադառնալու հավանականության մասին, որից ժամանակին հեռացել է նաեւ վերջինիս առաջին կինը՝ կրկին բռնության եւ անմարդկային վերաբերմունքի պատճառով:
«Կանանց իրավունքների կենտրոնը», որ զբաղվում է կանանց եւ նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելմամբ ու նրանց իրավունքների պաշտպանությամբ, Մերիին հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն է տրամադրել:
Կազմակերպությունը նրան ժամանակավորապես տեղավորել է ուղղորդել է նրան նաեւ ժամանակավոր կացարանում, իսկ համապատասխան մասնագետները օգնում են, որպեսզի Մերին աշխատանք գտնի եւ ինտեգրվի սոցիալական միջավայրին՝ փորձելով վերապրել անցյալը:
Կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը «Մեդիալաբին» պատմում է, որ կանայք, ովքեր դիմում են իրենց շատ ճնշված են լինում, ունենում են վախեր, հաճախ մեղքի զգացում: Կապտուկներից բացի այնպիսի վնասվածքներով ու կոտրվածքներով են գալիս, որ մասնագետները հաճախ զարմանում են, թե ինչպես են այդ կանայք ողջ մնացել:
«Բռնարարները ներշնչում են նրանց, որ իրենք են մեղավոր նրանում, ինչ կատարվում է իրենց հետ, թեեւ իրենք ոչ մի մեղք չունեն: Եվ ընդհանրապես մեր հասարակությունում կա այդ կարծրատիպը, որ եթե ընտանիքում անհաշտ մթնոլորտ է, ապա կինն է մեղավոր: Հաճախ հանդիպում ենք նաեւ այսպիսի կարծրատիպերի, թե «ամուսինս էր, մի հատ ապտակեց», այսինքն եթե ամուսինն է, ապա կարելի է՞ մի հատ ապտակել»,- ասում է Հակոբյանը:
Հոգեբանը նշում է, որ բռնության ենթարկելու պատճառը մեկն է՝ իշխանություն եւ վերահսկողություն սահմանելը տվյալ անձի նկատմամաբ, որ իրենց իմացությունից դուրս ոչինչ չպատահի, նույնիսկ լվացք փռելը: Իսկ նպաստող գործոնները կարող են լինել խմիչքի չարաշահումը, թմրամիջոցների օգտագործումը, սոցիալական վատ պայմանները, որոնք կարող են սրել բռնարարի ագրեսիվ վարքագիծը:
«Թեեւ կանայք դաժան բռնության են ենթարկվում, բայց ամուսնալուծությունը դիտարկում են վերջին ելք այդ խնդրից դուրս գալու համար: Վախենում են ամուսնալուծված լինելու այդ պիտակից կամ մտածում են ամուսնալուծված կինը հասարակության կողմից լավ չի ընկալվում,- ասում է Հակոբյանը,- Վախենում են զրկվեն նաեւ երեխաներից կամ որ իրենց երեխաները առանց հայր կմեծանան: Հայ կանայք կարող են ենթարկվել տարբեր տիպի կտտանքների, հանդուրժել ֆիզիկական ու հոգեբանական բռնություն, միայն թե ընտանքիի ամբողջականությունը պահպանվի, այդ իսկ պատճառով շատ կանայք ուշ են դիմում մեզ»:
Համեմատելով անցած տարիների հետ՝ հոգեբանը նկատում է, որ հիմա կանայք շատ ավելի հեշտ են պատմում իրենց մասին.
«Մի քանի տարի առաջ, երբ զանգում էին ուրիշ անուն էին ասում, տարիքը փոխում էին, պատմությունից որոշ դրվագներ էին ասում, հիմա ավելի համարձակ ու իրազեկ են դարձել»:
Ի տարբերություն 2010-ի, 2011-ին «Կանանց իրավունքների կենտրոնի» թեժ գծի զանգերն աճել են: Եթե 2010-ին ընդհանուր առմամբ 1777 զանգ է եղել, ապա 2011-ին թեժ գծի զանգերի թիվը ընտանեկան բռնության մասով եղել է 2032: Ընդ որում, զանգողների գերակշիռ մասը՝ 1679-ը՝ Երեւանից են եղել, իսկ 806-ը՝ 4 մարզերից /Գեղարքունիք, Շիրակ, Տաուշ, Սյունիք/:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներքո գործող սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Անետ Շամիրյանը «Մեդիալաբին» ասում է, որ թեեւ փոփոխություն կա բոլոր այն կազմակերպությունների զանգերի վիճակագրության մեջ, որոնք ընտանեկան եւ սեռական բռնության խնդիրներով են զբաղնում, դա չի նշանակում, որ բռնությունը շատացել է հասարակության մեջ:
«Բռնությունը միշտ էլ եղել է, եթե նայենք մեր պատմության հին ժամանակները կամ մեր տատիկներին, պապիկներին: Իսկ թե ինչու՞ է զանգերի քանակը ավելացել, որովհետեւ գիտակցությունն է բարձրացել կանանց մոտ իրենց իրավունքների մասին, եւ կանայք հասկանում են, որ իրանք մենակ չեն, կան կազմակերպություններ, որոնք օգնում են իրենց հաղթահարելու այդ ամենը»,- ասում է Շամիրյանը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնը» զբաղվում է կանանց նկատմամբ ցանկացած խտրկանության վերացմամբ՝ անկախ նրանց տարիքից, ազգային եւ կրոնական պատկանելիությունից, սեռական կողմնորոշումից եւ սոցիալական կարգավիճակից:
Շամիրյանը նշում է որ կնոջ մոտ անօգնական վիճակ է լինում, երբ նրա ծնողները, քույրերը, ընկերուհին կամ հարազատները չեն ընդունում ամուսնալուծությունը.
«Դա էլ է տարածված կարծրատիպերից, երբ կողքինները նախընտրում են, որ ըստ ավանդույթների, կինը մնա տանը կամ ասում են «դա քո ընտանքի պրոբլեմն է ինչի՞ ես հանրությանը ցույց տալիս, պետք չի, ավելի լավ է սուս փուս դու քո կյանքը ապրես, դե լավ տղամարդա» եւ սա էլ է խնդիր, որ իրենց մոտ հետո վերականգման պրոցեսը ավելի դանդաղեցնում է»:
Հոգեբանը նշում է որ բռնության ցիկլը անընդհատ կրկնվում է եւ սեփականության զգացումից է, որ տղամարդիկ հիմնականում բռնության են ենթարկում կանանց:
«Մենք դեպք ենք ունեցել, որ ամուսինը իրավաբան էր, բայց իր հղի կնոջը ենթարկում էր բռնության: Այսինքն այն ենթադրությունը, որ միշտ բռնությունը լինում է սոցիալապես անապահով, ցածր կրթությամբ ամուսինների մոտ, այդպես չէ: Բոլորն էլ կարող են ենթարկվել բռնության, ոչ ոք ապահովագրված չէ»,- հավելում է Շամիրյանը:
Հերոսուհու անունը փոխված է:
Լիլիթ Առաքելյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի