Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման

Հունիս 27,2012 17:01

Այսօր «Տեցի կռուգում» մոտ 70 տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք կառավարությունից պահանջում են չեղյալ համարել դեղին պետհամարանիշերի մասին որոշումը, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ` ավելորդ ծախսեր են առաջացնում: Aravot.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Հուսիկ Մելքոնյանն ասաց, որ լիցենզիա հանելը, դեղին պետհամարանիշ ստանալն ու մնացած վճարները միասին կազմում են մոտ 160 հազար դրամ գումար, մինչդեռ, դա իրենց համար հսկայական գումար է. «Մենք չենք խուսափում հարկային դաշտ մտնելուց: Պարզապես կառավարությունը պետք է մի քիչ հեշտացնի մեր աշխատանքը: Ինչպես ԱՊՊԱ կտրոն ենք ձեռք բերում որոշակի ժամկետով, նույն սկզբունքով թույլտվություն տան, ով ցանկանում է` ասենք 1 ամսով, կամ 2 ամսով կտրոն տրամադրեն համապատասխան վճարի դիմաց, որպեսզի վարորդներն իրենց սեփական մեքենաներով որպես տաքսի աշխատեն, այլ ոչ թե` անպայման անհատ ձեռներեցի փաստաթուղթ»:

Մեզ հետ զրույցում վարորդներից մեկն էլ` Արմեն Վարդազարյանը պատմեց, որ ինքը ժամանակավոր է «տաքսու գործ» անում եւ հնարավոր է մի քանի օրից մեքենան վաճառի, իսկ կառավարության պահանջը` մեքենայի վրա տաքսու նշաններ փակցնելը, հետագայում խնդիրների առաջ է կանգնեցնելու. «Հո տաքսիստ չենք ծնվել, կամ հատուկ ինստիտուտ չենք ավարտել, որ դառնա մասնագիտություն ու ամբողջ կյանքներս ստիպված տաքսիստ աշխատենք. էսօր տաքսիստ ենք, վաղը կարող է մի ուրիշ գործ անենք: Հիմա, որ կառավարությունը պահանջում է մեքենայի դռների վրա տաքսու նշաններ դաջել, հաշվիչ ունենալ ու դեղին համարներ, վաղը նորից ծախսեր եմ անելու, որպեսզի էդ ամեն ինչը փոխեմ: Մարդ ենք, մի օր ուզում ենք մեր մեքենայով, ընտանիքով գնանք հարսանիք կամ մի ուրիշ տեղ, տաքսու նշաններով ու դեղին համարներով ոն՞ց գնանք: Մենք էլի հարկեր մուծենք, բայց էդ ամենը թող խելքին մոտ լինի»:

Aravot.am-ի հետ զրույցում, վարորդներն այնքան վրդովված էին, որ անգամ սպառնացին`«Եթե կառավարությունը չընդառաջի իրենց` մեքենաներով քշելու ենք ուղիղ Մարգարա ու էնտեղից էլ` ուղիղ Թուրքիա: Գնանք հանձնվենք թուրքերին: Ամեն ինչ անում են, որ էլի հազարավոր ընտանիքներ, որ հազիվ հացի փող են առնում, էլի թողեն գնան Հայաստանից»:

Վարորդների ներկայացմամբ` մինչեւ ԱԺ ընտրությունները, իրենք գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նախագահականից այն մակագրել էին Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ վստահեցրել են, որ դա իրենց իրավասության գործը չէ. «Ստացվում է բոլորն իրենց վրայից ցրում են մեր գործը»:

Նշենք, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունը սպիտակ պետհամարանիշով տաքսի մեքենաներին տուգանում է 50 հազար դրամով, իսկ հարկայինը՝ 285 հազար դրամ: Մի քանի օր առաջ կրկին նույն վայրում վարորդները ակցիա էին կազմակերպել, ակցիայից հետո, վարորդների պատմելով` «Էնքա¯ն մարդ տուգանվեց էդ օրը, որովհետեւ գիտեին, որ էկել էինք այստեղ, արդեն հետ գնալուց տեսուչները ճանապարհային ոստիկանների հետ «զասադա» էին մտել, ում տեսնում էին տաքսու նշանով ու սպիտակ համարներով, բոլորին կանգնեցրեցին ու ակտ գրեցին: Էսօր էլ չգիտենք գլխներիս գալիքը: Բայց մենք պայքարելու ենք, կամ էլ թքելու ենք էս երկրի վրա ու հեռանանք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930