Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերահաստատում է իր գնահատականները

Հունիս 27,2012 16:15

Եվրոպացի դիտորդների ասուլիսը Երեւանում, 7-ը մայիսի, 2012թ.

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եզրափակիչ զեկույցը կրկին փաստում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, աչքի են ընկել մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ՝ վստահության ցածր աստիճանով՝ ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։ 

Երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում միջազգային դիտորդներն արձանագրում են, որ մրցակից որոշ ուժեր խախտել են քարոզչության դրույթները, այդ թվում՝ չարաշահել են վարչական ռեսուրսը, ինչպես նաեւ փորձել են սահմանափակել ընտրության ազատությունը, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Ընդհանուր այս ձեւակերպումներից հետո մատնանշվում են կոնկրետ դեպքեր ու փաստեր, մասնավորապես, նշվում է Հանրապետականի կողմից ուսուցիչներին ու աշակերտներին նախընտրական քարոզչությունում ներգրավելու մասին, ինչպես նաեւ արձանագրվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ այդ կուսակցության ներկայացուցիչներից մեկը խախտել է Ընտրական օրենսգրքի դրույթը, որն արգելում է մրցակիցներին եւ նրանց հետ առնչություն ունեցող բարեգործական կազմակերպություններին նվերներ կամ ծառայություններ մատուցել ընտրողներին։

«Մինչ մայիսի 6-ը ընտրությունների կազմակերպումը անցկացվել է պրոֆեսիոնալ եւ թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ եւ հանգիստ, քվեարկությունը՝ կանոնակարգված եւ լավ կազմակերպված ընտրատեղամասերի գերակշիռ մասում, այդուամենայնիվ, միջազգային դիտորդները քվեարկությունը բացասական են գնահատել դիտարկված տեղամասերի 9 տոկոսում, ինչը զգալի թիվ է», – փաստում է զեկույցը։

Դիտորդները, միաժամանակ, մանրամասնում են, որ բացասական այս գնահատականը տրվել է հիմնականում կազմակերպչական խնդիրների, վստահված անձանց կողմից ընտրական գործընթացին անպատեհ միջամտելու դեպքերի, ինչպես նաեւ մի շարք լուրջ խախտումների, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ կիրառված սպառնալիքների պատճառով։

Անդրադառնալով քվեաթերթիկների հաշվարկին՝ դիտորդները նշում են, որ այդ գործընթացը դիտարկված յուրաքանչյուր հինգ տեղամասից մեկում բացասական գնահատական է ստացել, միեւնույն ժամանակ արձանագրում, որ լուրջ խախտումների դեպքերը եզակի բնույթ են կրել։

Զեկույցը փաստում է, որ ընտրությունների նախապատրաստական շրջանում կուսակցությունների մեծ մասը, բացառությամբ Հանրապետականի, մտահոգություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ, պնդելով, թե ուռճացված թվերը, ցուցակներում առկա մահացած անձանց անունները, ինչպես նաեւ նույն հասցեում գրանցված մեծաքանակ ընտրողների առկայությունը կարող են օգտագործվել քվեարկության օրը մանիպուլյացիաներ իրականացնելու համար։

Իրենք՝ դիտորդները, զեկույցում փաստել են՝ Ընտրական օրենսգրքի դրույթը, որով քվեարկության օրվան նախորդող չորս օրվա ընթացքում` մինչեւ քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընդգրկել ընտրողների ցուցակում անորոշ է եւ չի հստակեցնում՝ ընտրողների որ խմբերը հատկապես կարող են դիմել ցուցակներում ընդգրկվելու համար։

«Քվեարկությանը նախորդող երկու օրերի ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրացուցակներում մի քանի անգամ ընդգրկվելու հնարավորությունը մտահոգության տեղիք է տալիս», – արձանագրում են միջազգային դիտորդները։

Այս բաժնում նշվում է նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչևերը փաստել են վեց դեպք, երբ ընտրացուցակներում դեռեւս առկա են եղել երկրաշարժից հետո քանդված շենքեր։

Անդրադառնալով ընտրությունների լուսաբանմանը՝ զեկույցը նշում է, որ լրատվամիջոցները ընդհանուր առմամբ կատարել են իրենց պարտավորությունը՝ անվճար եւ վճարովի եթերաժամեր տրամադրելու եւ լուսաբանման ոչ խտրական ու անաչառ պայմաններ ապահովելու առումով։ Այդուամենայնիվ, դիտորդները արձանագրել են նաեւ անհավասարակշիռ լուսաբանման դեպքեր մասնավոր որոշ հեռուստաընկերություններում՝ «Կենտրոն»-ում եւ «Երկիր Մեդիա»-ում։

եղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930