Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սեւան ազգային պարկ»-ում

Հունիս 27,2012 17:08

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

Ուսումնասիրելով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ հողահատկացումների գործընթացում արձանագրվել են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:

Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի   եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, մի շարք անձանց հատկացրել եւ նրանց անվամբ վարձակալության կամ կառուցապատման տրամադրման իրավունքով գրանցել են ՊՈԱԿ-ին հատկացված, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներ:

Ըստ քրեական գործի նյութերի` հիշյալ պաշտոնատար անձինք, ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, վարձավճարների հավաքագրման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտելով անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ օրենսդրության, ՀՀ Կառավարության` 2008թ. դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ եւ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգի, ՊՈԱԿ-ի հողատարածքների հետ կապված գործարքների նոտարական վավերացումների ու գրանցումների սահմանափակումների վերաբերյալ 2009թ. նոյեմբերի 10-ի արձանագրության պահանջները, ապօրինի, այն է` սահմանված նիշից ցածր, առանց մրցույթի կամ մրցույթով սահմանված ժամկետների խախտմամբ, կեղծիքների միջոցով հատկացրել են հողատարածքներ:

Արդյունքում` նշված գործողությունների, ինչպես նաեւ տարիների ընթացքում կուտակված վճարների 257 000 000 դրամը հավաքագրելու ընթացքում վերոհիշյալ անձինք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, որի հետեւանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Միաժամանակ պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցեր է հարուցել դատարան` ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930