Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ, պարտադիր չի՝ ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է»

Հունիս 27,2012 16:13

Երեկ ՀԱԿ հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատորեն մոտեցավ բոլոր նրանց, ովքեր ԲՀԿ-ի ետեւում տեսնում են «Ռոբերտ Քոչարյանի ականջները»:

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինքն այդ «ականջները» չի՞ տեսնում ու ի՞նչ է կարծում` այլեւս չկա՞ որեւէ կապ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի միջեւ: Նա պատասխանեց. «Ինքը քաղաքական գործիչ է, հեռահար նպատակներ ունի, ինքը այդ ստրատեգիան է ընտրել` տակտիկական այդպիսի հնարքներով` դա իր իրավունքն է: Ես իհարկե համամիտ չեմ, ընդհանրապես քաղաքական դաշտում ականջների մասին ներկայացնելը ճիշտ չէ: Այնքան փոքր է մեր երկիրը, այնքան փոքր է մեր քաղաքական դաշտը, որ ամեն ինչ տեսանելի է: Ես գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ արտահայտում է իր անձնական տեսակետը, որը առանձին դեպքերում համընկնում է ԲՀԿ-ի կամ այլ ուժերի տեսակետներին կամ չի համընկնում: Ինքը ասել է, թե որ 3 խնդիրների դեպքում, երբ անհրաժեշտություն կզգա` կվերադառնա քաղաքական դաշտ: Առայժմ այդ մարդը այս է ասել, եւ կարծում եմ, որ մենք նախագահի ինստիտուտի նկատմամբ պետք է ուշադիր լինենք` դա կլինի երկրորդ նախագահը, թե առաջին, թե երրորդ: Ականջներով-մականջներով չպետք է խոսենք»:

Նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ Ռոբերտ Քոչարյանով սարսափեցնելով` փորձում են ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի գիրկը նորից գցել` մենք հետաքրքրվեցինք, թե հիմա ԲՀԿ-ն, ըստ Ձեզ, ավելի շատ ո՞ւմ գրկում է, ինչին Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն բավականին մեծ եւ կայացած կառույց է, երկրորդ քաղաքական ուժն է` ԱԺ-ում ներկայացված, եւ ես կարծում եմ, որ այնտեղ, առավել եւս վերջին ժամանակահատվածում ներկայացված քաղաքական գործիչների քանակն ու տեսակն ընդլայնվել է, բաղադրիչը մեծացել է: Ինչ-որ մեկի հետ կապել ԲՀԿ-ն ես չեմ կարող: Նրանց գաղափարները կամ սկզբունքները կարող են համընկնել այս կամ այն անձի, այս կամ այն աշխարհաքաղաքական տարածքի նկատմամբ վերաբերմունք ունեցող պետությունների հետ: Ես ԲՀԿ-ն ավելի շատ տեսնում եմ իր դաշտում, այն է` կոնստրուկտիվ այլընտրանքային դաշտում: Եվ այդտեղ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ, պարտադիր չի, որ հայտարարվի, որ ինքը ընդդիմություն է»:Մեր հարցին` բայց ԲՀԿ-ի վարքագիծը ընդդիմությա՞ն է՝ նա պատասխանեց. «Առանձին հարցերում` այո, առանձին հարցերում` չէ»:

Թե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն ում կսատարի` Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ իրենք, համենայնդեպս, իրենց հույսը դնում են ժողովրդի եւ իրենց ուժերի վրա, ոչ թե ԲՀԿ-ի. «ԲՀԿ-ի հետ մենք եղել ենք համագործակցող ուժ, այսօր էլ համագործակցում ենք այս կամ այն հարցում»: Թե կոնկրետ ո՞ր հարցերում են համագործակցում, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ ԱԺ նիստերին 11 հարց են քննարկել, 11-ից միայն 1-ին է ԲՀԿ-ն դեմ քվեարկել. «10-ում կողմ են եղել, մեզ հետ համագործակցել են, առողջ բանականությամբ մեզ հետ քննարկել են հարցերը եւ մեզ հետ համամիտ են եղել: Եթե 11 հարցից 1-ին դեմ են եղել, ուրեմն պետք է ասենք, որ նրանք ընդհանրապես մեզ հետ չե՞ն համագործակցում»:

Մեր հարցին` իսկ սպորտի նախարարի հարցում ԲՀԿ-ի եւ իշխանության միջեւ համագործակցություն կա՞` Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ կա բարի կամքի դրսեւորում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930