Լրահոս
Օրվա լրահոսը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված գագաթաժողով

Հունիս 27,2012 15:41

Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:

 Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը: Նա անդրադարձավ նաև միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության  ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության և երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:

Ի պատասխան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների, Աշոտ Հովակիմյանը նշեց. «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի և օրակարգի սահմաններում և չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձևաչափը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:

Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ  հոբելյանական հռչակագիրը և ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը:

Հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի  գլխավորած պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930