Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքի մասնակիցներն ուղղում են Արամ Մանուկյանին` «Այդ 3-ը ոչ թե սոխակ, այլ կաչաղակ են» (Տեսանյութ)

Հունիս 27,2012 15:11

«Այն, որ ԲՀԿ-ն այսօր կոալիցիա չկազմեց եւ այլընտրանքային դիրքորոշում ունի, ինչ-որ տեղ կարելի է  նաեւ ՀԱԿ-ի հաղթանակը համարել: Տեր-Պետրոսյանի աշնան ելույթից սկսվեց, որ ասաց` եթե միասնական ցուցակով գնա, կդառնա ստրուկ»,- երեկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում կիսվեցին ԱԺ նիստերից եւ հետընտրական զարգացումներից ստացած իրենց տպավորություններով:

Նրանց խոսքերով՝ եթե ԱԺ նիստերին ՀԱԿ-ի հարցադրումնրին ՀՀԿ-ականները որեւէ պատասխան ունենային՝ 5 տարում տված կլինեին. «5 տարում մի անգամ գոնե չեն տվել պատասխան: Իրենց ծրագիրն իրականության հետ կապ չունի»: Նրանք չեն հավատում կառավարության ծրագրում նշած խոստումներին՝ նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու կամ կենսաթոշակները ավելացնելու. «Շատ բաներ են խոստացել, ո՞ր մեկն են կատարել: Մենք այդ խոստման արդյունքները տեսել ենք: Ոնց որ քամին՝ անապատում: Եթե կառավարության ծրագիրը ճիշտ լիներ՝ Հայաստանը չէր դատարկվի: Կներեք՝ կառավարությունում ծրագիր կա՞, այդ անգրագետները կարող են ծրագի՞ր կազմել:Ժողովուրդը ծայրահեղ աղքատ վիճակի մեջ է ընկել, գները բարձացրել են, աշխատանք չկա, մարդկանց աշխատավարձ չեն կարողանում տան՝ դրանք ի՞նչ ծրագիր պետք է կազմեն»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ՀՀԿ-ի կողմից ՀՀՇ-ի ժամանակները հիշեցնելուն՝ կոնգրեսականները նշեցին. «Դա անճարության նշան է: ՀՀՇ-ի ժամանակ օբյեկտիվ պայմաններ շատ կային, որպեսզի արտագաղթ լիներ»: Հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքերով՝ «Ներկա իշխանության շատ անդամներ ՀՀՇ-ի ժամանակ եղել են իշխանություն: Եթե այն ժամանակ այդ նույն թերությունները կար, իրենք թող բարի լինեին շտկեին, եւ գոնե բարձրաձայնեին: Ինչի՞ են այսօրվա դրությամբ նոր հիշել, որ այն ժամանակ ՀՀՇ-ն թույլատրեց սխալներ: ՀՀՇ-ն սխալներ թույլ չի’ տվել: Ժամանակաշրջանն է այդ պահանջել, պատերազմ է եղել: Այսօրվա դրությամբ ամեն ինչը հանգիստ է, իրենք պատճառ են բռնում ճգնաժամը: Բայց ինչպե՞ս հասկանանք, որ այս ճգնաժամն իրենց հարստանալու վրա չի ազդում: Թող իրենց վրա ազդեր՝ մենք կընդունեինք, որ ճգնաժամ է: Ճգնաժամ չկա: Այդ ճգնաժամի պայմաններում Քոչարյանը դարձել է Եվրոպայի հարուստներից մեկը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ կո՞ղմ են իրենք հանրահավաքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտնած դիրքորոշմանը, որ ՀԱԿ-ը որոշել է ընդհանրապես չպատասխանել «3 սոխակներին»՝ նկատի ունենալով Հայկ Բաբուխանյան- Խոսրով Հարությունյան-Արտաշես Գեղամյան եռյակին՝ նրանք պատասխանեցին, որ իհարկե՝ կողմ են. «Արհամարհել է պետք ու վերջ: Ո՞վ են նրանք, որ նրանց էլ պատասխանեն: Մենք ժամանակին շա՜տ լսել ենք նրանց՝ ինչքան որ հարկ է եղել: Առաջ Արտաշես Գեղամյանն ինչ ասես, որ ասում էր Սերժ Սարգսյանին՝ մարդասպան: Այսօր բոլորը դարձան Սերժի փաստաբա՞նը: ՀՀՇ-ն վատն  էր՝ թող իրենք լավը լինեին: Արամ Մանուկյանն այդ սոխակներին լավ է բնութագրել: Իրենք իրականում ոչ թե սոխակ են, այլ՝ կաչաղակ»: Ըստ նրանց, եթե ինչ-որ բանում մեղադրում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը հավասարապես մեղավոր է, որովհետեւ նա այդ ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930