Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ չի բացահայտվում 70 անասունների թունավորումը

Հունիս 27,2012 15:00

 2010թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւան քաղաքի Մետաղագործների -58 հասցեում թունավորել են Գանձաքարի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին եւ 68 խոզերին` պատճառելով 5,5 միլիոն դրամի վնաս: Անաստաս Հակոբյանը շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնին տեղեկացրել է, որ դեպքի մասին ինքը նույն օրը հաղորդել է ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա հաղորդագրությունը ոստիկանությունում չեն ընդունել եւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել:

Հակոբյանը սեփական նախաձեռնությամբ նմուշներ է վերցրել անկված անասունների մսեղիքից, անասունների այդ օրվա կերից, խմելու ջրից եւ ստուգման տարել հանրապետական անասնաբուժական համաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն: 2010թ. սեպտեմբերի 6-ին այդ ստուգման արդյունքները ստանալով` նա ներկայացրել է ոստիկանության Իջեւանի բաժին, որից հետո ոստիկանությունում այդ նյութերը գրանցել են: Չանցած մեկ ամիս, փոխվել է գործով քննիչը եւ քրեական գործի վարույթը կասեցվել է:

Մեկ տարի ութ ամիս Ա. Հակոբյանն ինքնուրույն ձեռնարկել է գործի բացահայտման միջոցառումներ: Նա գրավոր դիմել է Իջեւանի ոստիկանության բաժին եւ Տավուշի քննչական բաժին`նշելով այն վկայի անունը, որի միջոցով կարող է գործը բացահայտվել, սակայն վկան չի հրավիրվել եւ չի հարցաքննվել; 2012թ. հունվարի 12-ին Իջեւան քաղաքի երկու բնակիչներ գրավոր հայտարարություն են ներկայացրել Անաստաս Հակոբյանին, որ լուրեր ունեն այն մասին, թե նրա անասունները ում միջոցով են թունավորվել: Ա. Հակոբյանը այս մասին տեղեկացրել է Տավուշի քննչական բաժին եւ Իջեւանի ոստիկանություն, սակայն այդ անձինք հարցաքննության չեն հրավիրվել:

Մայիսի 13-ին Հակոբյանը ստիպված դիմել է Տավուշի մարզի դատախազին եւ մայիսի 21-ին դատախազից պատասխան է ստացել, որ իր դիմումի պատասխանը կստանա ոստիկանության Տավուշի քննչական բաժնից: Սակայն մինչ օրս Ա. Հակոբյանը քննչական բաժնից պատասխան չի ստացել: Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը Անաստաս Հակոբյանի դիմումը ուղարկելու է Տավուշի մարզի դատախազություն: Մենք կհետեւենք բազմաչարչար գործի հետագա ընթացքին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930