Բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆայանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանն ու կառավարման մյուս մարմինները ոչ թե քաղաքացու, այլ օլիգարխների շահերն են պաշտպանում: «Հանրային շահի պաշտպանություն ես չեմ տեսնում, ու հանրային շահ պաշտպանելու համար գոնե պետք է հարցնել հանրությանը՝ ինչ եք դուք ուզում, ինչը չի արվում»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ակտիվիստը:
Ըստ նրա, Հայաստանում մի քանի հոգով ու անհայտ հանգամանքներում հանրային տարածքները մասնավորին հանձնելու նախադեպ է ստեղծվել ու նման գործելաոճը շարունակվում է. «Եվ անօրինական որոշումներ են կայացնում, մինչդեռ այս համայնքները պատկանւմ են բնակիչներին եւ քաղաքացիները իրենք պետք է որոշեն՝ ինչ ձեւի միջավայր են ուզում կառուցել: Այս իմաստով քաղաքապետարանը շատ վատ է աշխատում»:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն էլ մտավախություն ունի, որ քաղաքապետարանի հովանավորությամբ շարունակվելու է սեփականաշնորհել կամ կառուցապատել հանրային տարածքները. «Ինչպես եղել է քաղաքի մնացած բոլոր զբոսայգիների հետ: Խանջյանի փողոցի, մասնավորապես Օղակաձեւ զբոսայգու օրինակը մեզ բոլորիս շատ լավ դաս է, որ իրականում մաս մաս այսպիսի շինություններ թույլ են տրվում եւ վերջնական արդյունքում օտարվում են ու դուրս են գալիս քաղաքի կանաչ գոտու հատակագծից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ