«Սա քաղաքական հռչակագիր է, որի իրականացումը ստանձնում է կառավարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կառավարության ծրագիրն այսպես որակեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ ըստ էության, միջազգային փորձն էլ չի հուշում, որ կառավարությունների ծրագրերում պետք է խորը տնտեսական վերլուծություններ կատարվեն: Խ. Հարությունյանը կարծում է, որ նման կառավարությանը կարելի է վստահել իր իսկ մշակած ծրագրի իրականացումը:Պարոն Հարությունյանը բարձրաձայնեց այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քաղաքական և տնտեսական սերտաճումը, մենաշնորհը և այլն: ՀՀԿ-ական պատգամավորը համարում է , որ կառավարության ծրագրի իրականացումը իսկական քննություն կլինի կառավարության համար:
Պարոն Հարությունյանը խոսեց նաև ներքաղաքական զարգացումներից: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Խ. Հարությունյանը քաղաքական ինչ-ինչ հաշվարկներ տեսնո՞ւմ է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, քանի որ երեկվա հանրահավաքի ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե ՀՀԿ-ն փորձում է ԲՀԿ-ին իր կցորդը դարձնել և այլն: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Չէի փորձի խիստ և պահանջկոտ լինել ԲՀԿ-ի նկատմամբ, նա ապրում է կայացման լուրջ փուլ, մեր բոլորի շահերից է բխում, որ այդ ուժն իրականում վերածվի լուրջ թիմի: ԲՀԿ-ն այս պահի դրությամբ փորձում է առաջ գնալ՝ չհռչակելով իրեն ընդդիմություն կամ իշխանություն: Եվ այդ պատճառով էլ շատ բաների կոշտ գնահատականներ չի տալիս: Սա մեր իրականության համար անսովոր երևույթ է, քանի որ մենք սովորել ենք ամեն ինչի ասել կամ սև, կամ սպիտակ: Այդպես էլ անում է ՀԱԿ-ը: Նա ասում է, կապ չունի, թե իշխանությունը լավն է, թե՝ ոչ, դուք պետք է ասեք, որ դեմ եք իշխանությանը»:
Վերլուծելով ՀԱԿ- ԲՀԿ հնարավոր քաղաքական հաշվարկները՝ պարոն Հարությունյանը նկատեց. «Կարծում եմ, որ ընդդիմությունը բավականին լուրջ ընտրազանգվածի կարիք ունի առաջիկա քաղաքական զարգացումներում հաջողություն ակնկալելու համար: Իսկ այդպիսի ընտրազանգված ունի ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը չունի, երեկվա հանրահավաքը դրա վառ ապացույցն էր. Ազատության հրապարակում համեստ ներկայություն էր ապահովված: Ահա ընդդիմությունը փորձում է ԲՀԿ-ին սիրաշահելով օգտագործել նրա կապիտալը: Բայց ԲՀԿ-ի թե ղեկավարը, թե անդամները շատ լավ գիտակցում են իրենց տեղն ու դերը, նրանք սիրաշահումներով չեն առաջնորդվի: Ուստի ՀԱԿ-ը շատ կուզենար ԲՀԿ-ի հետ համագործակցել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև