Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը»

Հունիս 27,2012 14:47

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը Վարդան Օսկանյանի՝ «Սիվիլիթասի» շուրջ խնդիրների մասին ասաց, որ անմեղ մարդը պիտի գոռա, հայտարարություն անի, բայց ոչ պարտիզանի պես լռի:

Aravot.am-ը այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Քննություն է գնում: Ես չեմ ուզում մտնել Գորիկ Հակոբյանի ու Օսկանյանի արանքը: Խնդիրներ կան էլի: Դա իր կարծիքն է հայտնել Գորիկ Հակոբյանը»: Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անի Վարդան Օսկանյանը, եւ եթե Դուք իր փոխարեն լինեիք՝ ի՞նչ կանեիք՝ նա պատասխանեց. «Վարդան Օսկանյանը եւ բոլոր այն քաղաքացիները, ում կազմակերպությունները ստուգում են,  պետք է ներկայացնեն ամբողջ փաստաթղթերը, պարզեն եւ դրանով հարցը կփակվի»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ կուրծք ծեծելու անհրաժեշտություն չկա՞, ինչպես կարծում է Գորիկ Հակոբյանը՝ նա պատասխանեց. «Քաղաքական երեւույթ չի կուրծք ծեծելը: Կա տեղ կուրծք ծեծելու, գնում այնտեղ են կուրծք ծեծում: Բնականաբար, եթե ես մեղավոր չեմ, պետք է դրա մասին հայտարարեմ: Բայց ոնց որ թե Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը մեղավոր չի»: Մեր դիտարկմանը, որ պարոն Օսկանյանն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Թող էլի ասի՝ ի՞նչ է եղել»:

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան եւ իրենք հիմա առավել զգույշ են այդ հարցում. «Իրենք հայտարարել են, որ իրենք այլընտրանքային ուժ են, կառուցողական ուժ են: Ցանկացած սխալ քայլ կարող է ընկալվել որպես ճնշում: Մենք դրան չենք ուզում գնալ: Մենք ասում ենք, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի, բայց նախարարության այ ներքեւի մասում մարդիկ նորմալ աշխատում են, որովհետեւ իրենք քաղծառայության մրցույթով անցած քաղաքացի պաշտոնյաներ են, որոնց որեւէ մեկը չի  կարող ձեռք տալ: Օրենքով դա արգելված է` ԲՀԿ-ից լինի, լինի ՀԱԿ-ից` նրանք իրավունք ունեն աշխատելու եւ կաշխատեն»:

Չե՞ք կարծում, որ Հանրապետականը հիմա ԲՀԿ-ին, այսպես ասած, «փշի-փշի» է անում, մինչեւ նախագահական ընտրություններ, իսկ նախագահականից հետո լուրջ ճնշումներ կլինեն՝ պարոն Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ես չեմ հասկանում փշի-փշի-ն ինչ է: Կան կոնկրետ հարաբերություններ, եւ նրանք գործում են դրան համապատասխան: Այդ հարաբերությունների մեջ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի հայտարարի իր մասին ինչպես ինքը ուզում է, թե այս բազմաբեւեռ քաղաքական դաշտում ինքը որ բեւեռում է: Ինքն ասում է, որ այս բեւեռում է` ոչ ընդդիմություն է, ոչ էլ՝ այլընտրանքային, իսկ այդպիսի ուժեր պետք են նաեւ ԱԺ-ին: Ի վերջո չմոռանանք, որ ԲՀԿ-ն ստացել է հասարակության ծանրակշիռ 30%  ձայն, իրենք երկրորդ տեՂում են գտնվում, եւ, բնականաբար, հասարակությունը նաեւ իրենցից պահանջելու է, ձայները տվել է որոշակի գործողությունների համար: Եվ իրենք կողմնորոշվում են, թե հասարակության մեջ ոնց պետք է հարաբերվեն: Պրոցեսը նորմալ է գնում, ապագայում կերեւան զարգացումները, չգուշակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930