Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի տարածաշրջանում աղվեսներն ապրում են խոպանչիների տանիքներում

Հունիս 27,2012 14:24

Գավառի տարածաշրջանի գյուղերում այս տարի աղվեսները նկատելիորեն շատացել են: Աղվեսները ոչ միայն հաճախ են հայտնվում գյուղամիջում, այլեւ` մշտական բնակություն են հաստատել համայնքներում:

Սարուխան, Լանջաղբյուր եւ Նորատուս գյուղերի եզրային հատվածներում աղվեսների այցելություններն անսովոր չէին, բայց այս տարի աղվեսները ոչ միայն շատացել են, այլեւ հաստատվել են տների բակերում ու տանիքներում:

Սարուխանի բնակչուհի Օֆելյա Գսպոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ աղվեսների ներկայությունն արդեն սովորական է դարձել բակերի շների համար, նույնիսկ շները չեն հաչում: Աղվեսներն անարգել իջնում են բակեր, խմում շների կերակրամանի ջուրը, ուտում հարեւաններից գողացած հավերն ու ճագարները:

Բնակիչները նշում են, որ նրանց որսալը շատ բարդ է, որովհետեւ աղվեսները շատ զգուշ են: Աղվեսները նշված գյուղերում ապրում են հիմնականում արտագնա աշխատանքի մեկնած բնակիչների դատարկ տների տանիքներում, որտեղ բազմանում ու ձագեր են հանում:

Աղվեսները մշտական բնակության են անցել Գավառ քաղաքի կենտրոնական թաղամասերում: Բնակիչներից մեկը նշում է, որ աղվեսներն իրենց բակ են գալիս երեկոյան ժամը 8-ից հետո: Բերում են հիմնականում ճերմակ հավեր, ճագարներ կամ անասունների փորոտիք ու փշեր:

Կենտրոնական թաղամասում տեսել են երեք աղվեսների, որոնցից մեկը մոխրագույն է: Գիշերելով բակերում` աղվեսները վայելում են ավարը, քանդում ցանված կարտոֆիլները:

Բնակիչները ահազանգում են, որ սեփական ուժերով աղվեսներին քշելն անհնար է:

Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ աղվեսների գոյության հարցով ոչ մի բնակիչ չի դիմել քաղաքապետարան, դիմումների դեպքում քաղաքապետարանը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

 Լուսանկարներում աղվեսների թողած հետքերն են: Չնայած «Առավոտի» թղթակցի երկար դարանակալումներին` աղվեսներին տեսախցիկով որսալ չստացվեց:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930