Այսօր երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեցին սպանությունների, ինքնասպանությունների աճի ու դրանց վերաբերյալ հասարակության ընկալման, արձագանքի մասին: Խառատյանի ձեւակերպմամբ՝ ինքնասպանությունները, մանկապղծություններն ու դաժանությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, եւ այս երեւույթի մասին հիմնավոր խոսելու պրոբլեմ կա, պատճառը՝ խնդրի վերաբերյալ պատշաճ հետազոտություն չունենալն է:
«Պատկան մարմինների ուշադրությանն եմ հրավիրում, ի վերջո պետք է պատվիրեն մի լուրջ հետազոտություն: Մենք նույնիսկ հստակ տեղեկություններ չենք ունենում նմանատիպ դեպքերի մասին: Ինքնասպանությունը սոցիալական երեւույթ է, պատճառները կարող են շատ տարբեր լինել: Մեր հասարակությունում խորը արմատավորված է ապատիան, անարդարության համոզմունք կա, անհուսալի ու անելանելի վիճակներ, քիչ թե շատ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորության անկարողություն»,- նշեց Խառատյանը՝ հավելելով, որ շատ տխուր կյանքով ենք ապրում, ուրախանալու միջոցներ, հնարավորություններ չկան, անգամ տոն չկա:
Ազգագրագետը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների դերը ինքնասպանությունները կանխելու գործում մեծ կարող է լինել. «Չէ՞ որ քրիստոնեությունը դատապարտում է ինքնասպանությունները, բայց ի՞նչ քայլ է անում հիմա Հայ առաքելական եկեղեցին: Օրինակ՝ անցյալում ինքնասպաններին թույլ չէին տալիս թաղել գերեզմանատներում»:
Բայաթյանն էլ մտածում է, որ սուիցիդը մարդու մեջ ի ծնե է. «Դրա վառ ապացույցն այն է, որ մարդն իրեն բնականոն սպանում է պատերազմներով, բնությունը ապականելով եւ այլ միջոցներով: Բնական է, երբ մարդը կամաց-կամաց նեղացնում է իր սահմանները, ինքնասպան է լինում: Ես ինքնասպաններին չեմ մեղադրում, բայց եթե մարդուն մանկուց ասեն, որ ծնվել ես մեղքով, մեղքով էլ գնալու ես՝ նրա ինքնասպանության ճանապարհը կարճ է ու մոտ: Բացի այդ, այն ընդհանուր երանգը, որ ունենք՝ ինքնասպանությունը շատ բնական բան է մեզ մոտ, դրա կարեւորագույն ապացույց է այն, որ մարդիկ, որոնք այստեղից գնացել են՝ մնալու դեպքում մեծամասնությունը հաստատ ինքնասպան էր լինելու»:
Կարդացեք նաև
Բայաթյանի խոսքով՝ եթե մարդու տունը ձեռքից վերցրել են, բանեկերը նրան թալանել են, վերջինը մնացել է առանց աշխատանքի, չի կարողանում կերակրել ընտանիքը, նրա կինը՝ որը 35 տարեկան է, դուրս են շպրտում աշխատանքից, որովհետեւ 10 լեզու չգիտի, չի համապատասխանում չափանիշներին, բնականաբար այդ մարդը կդիմի ինքնասպանության. «Պետք է արձանագրենք երջանիկ փաստ, այն ինքնասպաններին, որ պետք է այստեղ տեսնեինք, եւ նրանք հաստատ 100 հազարավոր մարդիկ էին լինելու՝ փրկվել են, այստեղից գնալով»:
Խոսելով երգիչ-երգչուհիների՝ աղանդավորական խմբավորումների մեջ ներգրավվածության մասին՝ Բայաթյանը ասաց. «Չեմ ուզում որակումներ տալ: Համարում եմ, ամեն մեկն ազատ է լինել այնտեղ, որտեղ ուզում է, զբաղվել այն բանով, ինչով ուզում է: Մի խնդիր կա՝ պետք է այդ ամենը չհակասի մեր երկրի օրենքներին: Իսկ եթե երկիրը թույլ է տվել այդ վիճակը, ու մեզ դա դուր չի գալիս, ուրեմն պետք է լավ մտածել եւ օրենքները փոխել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ