Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի տան բանալիները հանձնվեցին Վիրահայոց թեմի առաջնորդին (Տեսանյութ)

Հունիս 27,2012 14:02

«Ամիսներ առաջ մտահոգությունների առիթ տված Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցն արդեն լուծված է՝ խնդրով հետեւողականորեն զբաղվողների շնորհիվ: Գյումրու քաղաքապետը, ինչպես եւ խոստացել էր, 145.000 ԱՄՆ դոլարով գնեց բնակարանի մի հատվածը, որի հետագա ճակատագիրը տնօրինելու է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը»,-այսօր, «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտնեց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ Թումանյանի տան բանալիները հանձնելով  Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

Պարոն Անանյանը նկատեց, որ վերջին շրջանում կեղծ բարերարների գումարները լծվել էին նախընտրական ձայներ հավաքելու գործին. «Բայց Գյումրու քաղաքապետը խոստացավ հոգալ նաեւ վերանորոգման ծախսերը: Թումանյանի տունն այսուհետ կիրականացնի կրթական, գրական եւ մշակութային գործառույթներ՝ Թբիլիսիում դառնալով հայկական մշակութային օջախ»:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ այժմ բանակցություններ են տարվում բնակարանի մյուս հատվածը ձեռք բերելու ուղղությամբ, որտեղ Թումանյանի ծոռնուհին  է ապրում: Իսկ մինչ այդ նախատեսվում է որոշ ծրագրեր իրականացնել. «Վրաստանում գործում է հայ գրողների վերնատուն, հայ մտավորականների եւ նկարիչների միություն, իսկ հուլիսի մեկից կգործի նաեւ հայ երաժիշտների միությունը: Այս կառույցները գրասենյակներ չունեն, բայց  Թումանյանի բնակարանը կդառնա նրանց միջոցառումների վայրը՝ շարունակելով հին Վերնատան առաքելությունը»:

Վազգեն սրբազանը հավելեց, որ մեկ տարի առաջ Վրաստանի քաղաքացիական օրենսդրության մեջ մտցված  փոփոխության արդյունքում Վիրահայոց թեմին տրվեց սեփականություն ունենալու իրավունք. «Դա հնարավորություն  կընձեռի ետ բերել Վրաստանում հայկական գործող եւ չգործող եկեղեցիները, որոնց թիվը հասնում է, համապատասխանաբար, 40-ի եւ 300-ի: Իսկ Թումանյանի տան բացումը նախատեսում ենք անել աշնանը՝ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930