Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես ադրբեջանական այդ դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու»

Հունիս 27,2012 13:50

«Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում» եւ «Ժողովրդավարությունը վտանգի ներքո է. քաղաքացիների եւ պետության դերն այսօր»՝ այսպես էին կոչվում ԵԽԽՎ-ում այսօր հրապարակված այն զեկույցները, որոնց միացյալ քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք նրա ելույթը. « Վերջին տարիներին ես չեմ հիշում ԵԽԽՎ որեւէ նստաշրջան, երբ մենք անդրադարձ չանենք Եվրոպայում ժողովրդավարության վիճակին, ժողովրդավարության ճգնաժամին, իսկ վերջին շրջանում նաեւ՝ ծայրահեղականության, ռասիզմի եւ այլատյացության խնդիրներին։ Ուստի այս առումով ես կարեւորում եմ մեր գործընկերներ Անդրեաս Գրոսսի եւ  Նուրսունա Մեմեքանի զեկույցները։ Իրապես, այսօր Եվրոպայում ժողովրդավարության ճգնաժամն ակնհայտ է, եւ դրա պատճառները բազմաթիվ են։ Պատճառներից որոշները ներկայացված են Նուրսունա Մեմեքանի զեկույցում։ Պոպուլիստական ծայրահեղականության աճը ԵԽ անդամ երկրներում լրջագույն սպառնալիք է ժողովրդավարական արժեքների համար, եւ ես համաձայն եմ զեկուցողի այն գնահատականի հետ, որ ԵԽ անդամ որոշ երկրների քաղաքական առաջնորդների կողմից հնչեցվող ծայրահեղական ելույթները ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ են ձեւավորում Եվրոպայում։

Այս համատեքստում ես կրկին ուզում եմ հիշեցնել ապրիլի 3-ին Բաքվում, Եվրանեսթի Վեհաժողովում  Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթը, որը ռասիզմի, այլատյացության անգերազանցելի շեդեւր կարելի է համարել։ Եվ բնավ պատահական չէ, որ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի պատրաստած զեկույցը արձանագրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը Հայաստանի եւ հայերի հասցեին մշտական բացասական հայտարարություններով ավելի են սրում անհանդուրժողականությունը հայերի  նկատմամբ, ինչը ուղղակիորեն անթույլատրելի է։ Ուստի, մենք բոլորս համատեղ ուժերով պետք է պայքարենք ցանկացած գործողության, կամ խոսքի դեմ, ինչը կարող է խորացնել լարվածությունը տարբեր ռասսայական, ազգային, կրոնական կամ սոցիալական խմբերի միջեւ։

Եվ այս  կոչը ես  կհասցեագրեի նաեւ Թուրքիայի իշխանություններին, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները հետեւողական բնույթ են կրում, եւ մեր Վեհաժողովի ամբիոնից քանիցս այդ մասին խոսելու առիթ ունեցել ենք։

Հարգելի գործընկերներ, ես կցանկանայի մեջբերել նաեւ տիկին Նուրսունայի զեկույցից մի հատված, ուր Վեհաժողովը կոչ է անում ԵԽ անդամ երկրներին մշակել դպրոցական ծրագրեր, որոնք կներառեն հակառասիստական կրթություն, կոնֆլիկտների խաղաղ կարգավորում։ Ես հորդորում եմ Վեհաժողովի անդամ իմ գործընկերներին՝ ուսումնասիրել մասնավորապես ադրբեջանական որոշ դասագրքերը, որտեղ հայը ներկայացված է որպես ջարդարար մարդասպան։ Ավելին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ադրբեջանական այդ  դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու, քանզի այդ դասագրքերով մեծացած սերունդը է՜լ ավելի է խորացնելու անհանդուրժողականության, այլատյացության, ռասիզմի ու ծայրահեղականության լրջագույն խնդիրները, որոնց  առջեւ այսօր կանգնած է Մեծ Եվրոպան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930