Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատացե՛ք, որ փոխելու՛ ենք

Հունիս 27,2012 13:41

ՖԲ-ում գործող՝ «Իրազեկ և կողմնորոշված սերունդ» խումբը ԱԺ-ի ընտրություններից ամիսներ առաջ քարոզարշավ ծավալեց, պահանջելով Հայաստանի իշխանություններից՝  վերականգնել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, սակայն դա ոչ միայն անտեսվեց, այլ իր հետ բերեց խիստ աղետալի հետեւանքներ, թե՛ բուն ընտրությունների արդյունքների վրա, թե՛ պատճառ հանդիսացավ, որպեսզի ճակատագրի բերումով Սփյուռքում ապրող միլիոնավոր հայորդիներ հիասթափվեն և օտարվեն սեփական Հայրենիքից:

Այսօր, բոլորին է հայտնի, թե ինչ տեղի ունեցավ ընտրությունների ընթացքում , ինչպիսի հիասթափություն է տիրում Հայրենիքում եւ Սփյուռքում, քանի որ Երկրում կուտակված հարցերը է՛լ ավելի խորացան։ Իշխանությունը հին մեթոդներով վերարտադրվեց, պառակտված ու անմիաբան ընդդիմությունը  ջախջախվեց, ժողովուրդն իսպառ հուսահատվեց, արտագաղթի ցուցանիշները կտրուկ աճեցին: Փաստորեն Երկիրը մտնում է խորը քաղաքական-տնտեսական փակուղի եւ կոնկրետ ոչինչ չի արվում լուծելու կործանարար խնդիրները:

Մարդկությանը շատ հայտնի չէ նման դեպք, երբ Անկախություն հռչակած ժողովրդի 80%-ը ապրի իր Հայրենիքից դուրս եւ, ներգաղթի ու հայրենաշինության փոխարեն, շարունակ բռնի գաղթի ճամփան, աստիճանաբար դատարկելով երկիրը: Պատճառը՝ հիմնադիր հայրերի կարճատեսությունն էր, որի արդյունքում ժողովրդի կամքին հակառակ, նրա վզին փաթաթվեց խայտառակ Սահմանադրություն, ուր ոչինչ չի ասվում հայ ժողովրդի հիմնական ներուժի՝  հզոր Սփյուռքի մասին: Ավելին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ փակեցին Հայրենիքի դռները՝  անվանելով սփյուռքահայերին «նարինջ ուտողներ», «հայրենազուրկներ», «Հայաստանից թռած աբիժնիկներ», որի արդյունքում, հետզհետե Սփյուռքը օտարացավ Հայրենիքից, այդպես էլ չհասկանալով Երկրի առաջին դեմքերի բուն նպատակը:

Այս բոլորի արդյունքում, ստեղծված ծանր իրավիճակում, հալածված, հյուծված ու խաբված հայրենաբնակ ժողովուրդն  այլեւս ի զորու չէ միայնակ որեւէ բան փոխել Երկրում, առավել եւս, երբ իսպառ փոշիացավ իշխանությունների հերթական քաղաքական խաղերի ծուղակն ընկած, առանց այն էլ թույլ ու անմիաբան ընդդիմությունը: Նման պայմաններում, բնականաբար հրամայական է դառնում Հայրենիքից դուրս գտնվող հայության 80%-ի միջամտությունը սեփական Երկրի ճակատագրին, քանզի հակառակը՝  կարող է ճակատագրական լինել Հայաստանի և համայն աշխարհի հայության համար:

Հաշվի առնելով այս ամենը, ՖԲ «Իրազեկ և կողմնորոշված սերունդ»  խումբը, այսուհետեւ համացանցում,  ինչպես նաեւ՝  հնարավոր բոլոր միջոցներով, քարոզարշավ է սկսելու Հայրենիքում եւ Սփյուռքում՝  կոչ անելով մեր ժողովրդին եւ հատկապես նոր սերնդին, միանալ եւ աջակցել այս շարժմանը, որպեսզի կարողանանք ազդեցիկ ճնշում բանեցնել Հայաստանի իշխանությունների վրա՝ արմատական փոփոխությունների ենթակելու  Երկրի Սահմանադրությունը, հնարավորություն տալով աշխարհի հայությանը,  լիիրավ իրավունքով՝ տիրոջ  իրավունքով, մասնակից լինելու իր ՄԻԱԿ Հայրենիքի պետականակերտման գործընթացներին:

Զուտ լոզունգային բնույթ կրող Հայաստանի իշխանությունների՝ «Հավատանք, որ փոխվենք» կոչին ի պատասխան, մենք հանդես ենք գալիս՝ «ՀԱՎԱՏԱՑԵ՜Ք, ՈՐ ՓՈԽԵԼՈ Ւ՜ ԵՆՔ» կարգախոսով, միաժամանակ կոչ անելով իրավիճակի լրջությունը հասկացող աշխարհասփյուռ հայորդիներին՝ միանալ պահի հրամայականով ծնված սույն նախաձեռնությանը, տարածելով այն ամենուր ու  ներգրավելով նորերին…

 

«Իրազեկ և կողմնորոշված սերունդ» ՖԲ խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930