Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը պետք է ամուսնացած լինի

Հունիս 27,2012 13:33

Կամ ամպագոռգոռ բառեր հնչեցնելով՝ մարդկանց կենցաղը չի փոխվի

Երբ գրեցի «Կաթողիկոս ընտրելու տրամաբանությունը կամ նժույգին սանձ է պետք» հոդվածը (Religions.am,25.04.2012), ոմանք կարծեցին, թե Հայ եկեղեցու դեմ եմ խոսում ու շրջանառության մեջ դրեցին «Մարտնչում են Հայ առաքելական եկեղեցու դեմ» (BlogNews.am, 04.05.2012) զրպարտանքը: Ես ոչ միայն կողմ եմ, որ առաջարկություններն ու կարծիքները քննարկվեն, այլ ինքս էլ հաճախ զանգվածային լրատվամիջոցներով թե՛ բանավոր եւ թե՛ գրավոր արտահայտել եմ իմ կարծիքները հայաստանյան կրոնական դաշտի եւ ի մասնավորի Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ: Ցավոք, հայ եկեղեցու որոշ պաշտոնյաներ զարմացած ու հոռացած իրենց դիրքային առավելություններից, համառորեն խցել են իրենց ականջներն ու փակել աչքերը, մինչդեռ արդարացի կլիներ պատերի տակ բամբասելու եւ այլ միջոցներով հարցեր «փակելու» փոխարեն՝ օգնել Վեհափառ հայրապետին եւ ներեկեղեցական հարցերը պարզաբանել եկեղեցու ներսում: Հենց այս հասկացությամբ էլ ես ձեռնպահ եմ մնում իմ քահանայության հետ կապված հարցերը կրկին հասարակական քննարկման առարկա դարձնելուց, բայց փոխարենը սիրով արդարամիտ ու ազնիվ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ կարծիքը կուսակրոնության վերաբերյալ:

«Վանականությունը կուսակրոնության մայրն է» (Lragir.am, 12 հունվար 2012) հոդվածում արդեն նշել եմ, որ եթե վանականություն չկա կամ կա, բայց չկա, ապա կուսակրոնությունը անիմաստ ու անօգուտ է, իսկ հիմա ավելացնեմ, որ այն աստիճանաբար կարող է վերածվել նաեւ հասարակական կամ սոցիալական ախտի: Միանշանակորեն կարող եմ Հայ եկեղեցում ծառայող կուսակրոն հոգեւորականների անուններ ասել, որոնք իսկապես հրաժարվել են աշխարհիկ կյանքից եւ պատրաստ են սարերում գտնվող զորավոր վանքերում ապրել եւ աղոթել հանուն մարդկության բարօրության ու խաղաղության, նրանց աղոթքները կարող են բուժիչ լինել, բայց այդպիսի առաքինություններով կարող են օժտված լինել նաեւ բազմաթիվ ամուսնացյալ քահանաներ ու աշխարհիկ մարդիկ:

Ո՞րն է կուսակրոնության իմաստը: Ինչո՞ւ պետք է երիտասարդ կուսակրոնները, թեկուզ եւ ոչ բոլորը, մտածեն, թե ինչպե՞ս գաղտնի ամուսնանան, կամ գաղտնի ամուսնացածները, միգուցե եւ ոչ բոլորը, պետք է իրենց ամբողջ կյանքում կրեն գաղտնիության այդ ծանր բեռը: Ով ուզում է թող ամուսնանա, ով չի ուզում՝ թող չամուսնանա, դա որեւէ կերպ չպետք է ազդի հոգեւորականի ծառայության վրա, իսկ առաջընթացի համար եթե լինեն նախապայմաններ, ապա հենց օրինավոր ամուսնությունը պետք է նախապայման լինի եւ ո՛չ թե կուսակրոնությունը:

Ես ավելի քան վստահ եմ, որ եթե ամուսնացյալ քահանայի համար փակ չլինի թեմակալ առաջնորդ կամ կաթողիկոս ընտրվելու ճանապարհը, ապա շատ շուտով կուսակրոնությունը անցյալում կմնա եւ Հայ եկեղեցու պատմության մեջ իր պատվավոր տեղը կունենա: Պարզապես պետք է ինքնամաքրվել ու օրինավոր ընտանիք ունեցողի համար կաթողիկոս ընտրվելու ճանապարհը չփակել, դրանով որեւէ կերպ չի խախտվում Սրբազան Ավանդությունը:

«Ջուրը պետք է հոսի, որ ճահիճ չառաջանա» («Առավոտ» օրաթերթ, մայիսի 11, 2012) հոդվածում արդեն խոսել եմ այն մասին, որ ի սկզբանե Ամենայն հայոց կաթողիկոսները ամուսնացած են եղել, եւ դա իրենց բոլորովին չի խանգարել, որպեսզի նրանք սրբակենցաղ կյանքով ապրեն: Այո, եկեղեցին հոգեւոր կառույց է, բայց այն մարդկանց համար է: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելով՝ մարդկանց կենցաղը չի փոխվի դեպի լավը, պարզապես պետք է ազատվել անիմաստ կապանքներից ու կյանքն ավելի արդյունավետ ու իմաստալից դարձնել:

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

(տեր Մանուկ քահանա)

աստվածաբանության մագիստրոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930