Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատախազից կես միլիոն են պահանջում «Առավոտի» իր հոդվածի համար

Հունիս 27,2012 13:15

Հովիկ Հախվերդյանն անցյալ տարվանից դատական քաշքշուկների մեջ է հայտնվել միայն այն բանի համար, որ հանդգնել է իր մասնագիտական մոտեցումները տպագրել «Առավոտում»: Առանց «Առավոտի» մասնակցության, դատարանում քննության է դրվել պատվի, արժանապատվության եւ վիրավորանքի համար նրա դեմ հայցը, եւ Հախվերդյանից բռնագանձելու են կես միլիոն դրամ: Կա արդեն դատարանի որոշում:

Ստորեւ տպագրում ենք նախկին դատախազ Հովիկ Հախվերդյանի նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

«Ժպիտ ստոմատոլոգիական պոլիկլինիկա» արտադրական կոոպերատիվի անդամ (այսուհետ ԱԿ) թերապեւտ-ստոմատոլոգ Լիդա Քոսյանից ապօրինի կարգով խլել են նրա հասանելիք տարածքը, եւ դա արել են կեղծիքով ու խարդախությամբ: Ներկայացնում եմ կոնկրետ այն անձանց շրջանակը, ովքեր դրանց «կնքահայրերն» են:

1. 21.04.2009թ. հստակեցված հայցադիմում է ներկայացվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, պարզելու՝ Լ. Քոսյանին պետք է հատկացվի 25 քմ, թե 35քմ տարածք: 14.10.2010թ. դատարանն անհիմն կարգով հայցը ամբողջությամբ մերժեց: Դատարանն իր վճռով հայցվորի իրավունքները եւ պահանջները համարել է անհիմն: Դրանք ամբողջությամբ ներկայացված են «Առավոտ» օրաթերթի 2010թ. մայիսի 11-ի «Դատարանն անաչառ չէր» հոդվածում:

2. 2009թ. հուլիսի 23-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղարկված դիմումի առթիվ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Ժպիտ» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Վադիկ Կույումջյանը, թերապեւտիկական բաժնի վարիչ Արմեն Թումանյանը, բժիշկ- ստոմատոլոգներ Էդիկ Բաղդասարյանը եւ Վարդան Գեւորգյանը կատարել են հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետով, 214 հոդվածով եւ 325 հոդ. 2-րդ մասով:

Քննիչ Ռ. Նազարյանը 05.12.

2003թ. Վ. Կույումջյանի վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 61202903 քրգործով որոշում է կայացրել քրգործի մասը սեփականաշնորհման վերաբերյալ՝ կարճելու մասին: Քննիչի որոշումը միանշանակ ապօրինի է: Այն մանրամասնորեն ներկայացված է Երեւան քաղաքի դատախազին հասցեագրված 36 էջից բաղկացած դիմումում եւ «Առավոտ» օրաթերթի ապրիլի 2-ի եւ 3-ի համարում տպագրված «Ժպտալով տարածքը բաժանեցին» հոդվածում:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի մոտ իմ դիմումի քննարկման ժամանակ պարզվեց, որ նյութերի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Մայիլյանն ընդհանրապես տեղյակ չէ նյութերից: Պարոն Սարգսյանի կողմից ցուցում տրվեց նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցել վարույթ եւ կատարել քննություն: Անձամբ ծանոթացել եմ քննիչ Ռ. Նազարյանի՝ թեմատիկ ստուգում նշանակելու մասին որոշման մեջ ընդգրկված 9 հարցերի հետ, դրանք դուրս են գրվել իմ դիմում- բողոքներից: Հետագայում անհիմն կարգով որոշման պահանջները չկատարվեց ոչ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ ոչ էլ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, մի դեպքում՝ իբր առաջադրված հարցերի ստուգումը դուրս է իրենց իրավասությունից, մեկ այլ դեպքում՝ մասնագետներ չունենալու պատճառով: Այսքանից հետո աբսուրդն այն է, որ պարոն Մայիլյանը 10.12.2010թ. որոշում կայացրեց եւ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթը կարճեց՝ հիմք ընդունելով քննիչ Ռ. Նազարյանի նախկին անհիմն որոշումը եւ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կեղծ, շինծու գրությունը: Որոշումը ուղղակի խեղկատակություն է:

4. Վ. Կույումջյանի նկատմամբ հարուցված թիվ 61202903 քրգործի նախաքննության ընթացքում Ա. Թումանյանը եւ Վ. Կույումջյանը զգալով, որ պետք է բացահայտվեն սեփականաշնորհման վերաբերյալ կեղծիքներն ու հափշտակությունները, ձեռք են բերել ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախկին նախագահ Դ. Ոսկանյանի կողմից, նախկին տնօրեն Վ. Կույումջյանին հասցեագրված հետին ամսաթվով՝ 23 հոկտեմբերի 2003թ., գրությունը, որ իբր «Ժպիտ» պոլիկլինիկայի մասնավորեցումը կատարվել է 1996-1997թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան: Անձամբ եղել եմ Դ. Ոսկանյանի աշխատանքի վայրում (Վարդանանց 8, 3-րդ հարկ): Պարզել եմ, որ ոչ պարոն Ոսկանյանի եւ ոչ էլ նրա աշխատակիցների կողմից «Ժպիտ» պոլիկլինիկայում բացարձակապես ոչ մի ստուգում չի կատարվել:

5. Տնօրեն Վ. Գեւորգյանի՝ իմ եւ կնոջս դեմ պատվի եւ արժանապատվության ներկայացրած հայցը ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների եւ անհիմն փաստերի վրա: Պարոնայք Գեւորգյան, Կույումջյան, Բաղդասարյան եւ Թումանյան, հոդվածում արտահայտած բառերը՝ «կեղծիք», «խարդախություն», «հափշտակություն», դրանք Ձեր կատարած հանցագործությունների կատարման եղանակներ են, ոչ թե վիրավորանք ու զրպարտություն: Ինչո՞ւ 2011թ. մայիսի 11-ի «Առավոտ» օրաթերթում տպագրված՝ «Դատարանը անաչառ չէր» հոդվածի վերաբերյալ լռեցիք ու պապանձվեցիք, ինչո՞ւ չարձագանքեցիք: Չէ՞ որ թերթի մի ամբողջ հարթակում մեկ առ մեկ ներկայացված են կոնկրետ Ձեզնից յուրաքանչյուրի կատարած կեղծիքները, խարդախությունները, եւ դրա դիմաց ստացած ապօրինի տարածքը, որպես կատարած «ծառայությունների համար պարգեւատրում»: Չէիք կարող չլռել, որովհետեւ իմ ներկայացրած փաստերը բացարձակ ճշմարտություն են: Ներկայացնում եմ հայցը վարույթ ընդունած Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն դատարանի (նախագահող՝ Ս. Արամյանի) կողմից թույլ տրված օրինախախտումները եւ անարդարացի վճիռը՝ կրճատումներով:

ա) Դատավոր Ս. Արամյանը 14.02.2011թ. միանձնյա որոշմամբ ուղղել է ըստ իս՝ դատական, իսկ ըստ վերաքննիչի՝ «թվաբանական» սխալը: 14.02.2011թ. որոշումը կայացրել է պատասխանող կողմից, այսինքն՝ ինձնից գաղտնի, այդ որոշման օրինակը ինձ չի ուղարկել, որպես պատասխանողի ինձ զրկել է 14.02.2011թ. որոշումը բողոքարկելու իրավունքից: Խախտել է իմ դատավարական իրավունքները:

բ) Ինչպես նախապատրաստական նիստերով, այնպես էլ գործի ողջ դատաքննության ընթացքում հայցվորը գումարային տեսքով վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել: Վճռի հրապարակման օր է հայտարարվել 01.12.2010թ. ժամը 10:30-ը: Դատարանը, առանց կողմերին ծանոթացնելու, իր նախաձեռնությամբ, 13 օր անց, 30.11.2010թ.-ին որոշում է կայացրել գործի քննությունը վերսկսելու մասին: Իբր հայցվորը «եւ այլնի» տակ ինչ վնասների փոխհատուցում է պահանջում պատասխանողներից: Նման պահանջը աբսուրդ է: Դատարանն անթերի կատարեց երկրորդ փաստաբանի դերը: Կարծում եմ՝ դատարանը հանդես եկավ որպես ուղղորդող: Հայցվորը վիրավորանքի եւ զրպարտության համար 300 հազար եւ 500 հազար դրամ գումարների բռնագանձման վերաբերյալ որեւէ գրավոր կամ բանավոր միջնորդություն չի ներկայացրել: Հայտարարում եմ՝ ոչ հայցվորը եւ ոչ էլ դատարանը ինձ չեն հանձնել հայցվորի լրացուցիչ պահանջը եւ ոչ էլ այն դրել քննարկման: Դատարանը միակողմանիորեն է ընդունել հայցվորի կողմից ներկայացված 300 հազար դրամ վիրավորանքի եւ 500 հազար դրամ զրպարտանքի համար փոխհատուցման գումարները պատասխանողներից բռնագանձելու պահանջները: Դատարանը խախտել է իմ՝ որպես պատասխանողի, դատավարական իրավունքները: Ինչու դատարանը «չնկատեց» ՀՀ քաղօրենսգրքի 1087.1- րդ հոդվածի 2-րդ մասը, չէ որ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա, բացառությամբ բնական արատների կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

գ) ՀՀ քաղդատօրի 32-րդ հոդվ. հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը եւ առարկան, ավելացնելու հայցային պահանջների չափը մինչեւ առաջին ատյանի դատարանում գործը դատաքննության սկսելը: Սակայն ներկայացրել է վճռի հրապարակման օրը: ՀՀ քաղդատօրի 48 հոդվ. 8-րդ կետով հայցվորի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանը կարող է ընդունել, եթե ներկայացնողը հիմնավորի մինչեւ դատաքննության սկսելը նման ապացույցների ներկայացման անհնարինությունն իրենցից անկախ պատճառներով: Ուղղակի անհասկանալի է ու անտրամաբանական: Պարոն նախագահողը 2010թ.-ի դեկտեմբերի 1-ին հայցվորի փաստաբանական ծախս 300 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջը մերժում է, այն դիտում որպես հայցվորի ներկայացրած լրացուցիչ պահանջ՝ վկայակոչելով Քաղդատօրի 48 հոդվ. 8-րդ կետը, իսկ հայցվորի նույն պահին ներկայացրած վիրավորանքի համար 300 հազ., իսկ զրպարտության համար 500 հազ. դրամ գումարների պահանջը բավարարում: Պարոն նախագահ, չէ՞ որ 300 եւ 500 հազար դրամի գումարների պահանջը հայցվորը նույնպես ներկայացրել է որպես լրացուցիչ պահանջ, ինչու մոռացաք, չկիրառեցիք Քաղդատօրի 48 հոդվ. 8-րդ կետի պահանջը: Մեկնաբանություններն ավելորդ են:

Վերաքննիչ դատարանը որպես եզրահանգում արձանագրել է, որ իբր իմ կողմից հրապարակայնորեն ներկայացված տվյալները իրականությանը համապատասխանելու վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացվել: Մի՞թե հիմնավոր իրականությանը համապատասխանող փաստեր չեն՝

1. Լ. Քոսյանի 7 տարվա աշխատանքի ստաժը «Ժպիտ» պոլիկլինիկայում ունեցած 17 տարվա ստաժին գումարելու օրինական պահանջի մերժումը:

2.650 քմ տարածքը 600 քմ ցույց տալը, երբ նախկին քաղսովետի թիվ 3227 օրդերով տարածքը եղել է 650 քմ, վարձակալության պայմանագրով՝ դարձյալ 650 քմ, իսկ սեփականաշնորհումից 5 ամիս առաջ այն դարձել է 600 քմ:

3.Մի՞թե իրական չէ Վ.Կույումջյանի կողմից Լ.Քոսյանին պատկանող 132 500 դրամի հափշտակությունը, թերթի հարթակը չի բավականացնի մնացած փաստերը շարունակելու համար, դրանք ներկայացված են բերված վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներում, ցավոք, անտեսվել են:

6. Վ. Կույումջյանի կողմից սեփականաշնորհման գործընթացի ժամանակ կատարված կեղծիքների, խարդախությունների փաստի առթիվ, նորընտիր նախագահ Է. Բաղդասարյանի անմիջական նախաձեռնությամբ, «Ժպիտ» պոլիկլինիկայի կոլեկտիվի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված դիմումում նշված փաստերի ստուգումը հանձնարարել է ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախկին դատախազ Հայկ Մարգարյանին՝ 19. 04. 2012թ., տնօրեն Գեւորգյանին հասցեագրված իմ դիմումի առթիվ 20. 04. 2012թ. թիվ 12/15 գրությամբ, ինձ հայտնել է, որ «Ժպիտ» ԱԿ-ի սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ Հայկ Մարգարյանի կողմից ոչ մի ստուգում չի կատարվել, այդ առթիվ որեւէ ակտ կամ այլ փաստաթուղթ պոլիկլինիկայում առկա չէ: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ չի կատարվել:

Նոր բացահայտումներ. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ: Պարոն Վ. Գեւորգյան, դու ունես ընդամենը 12 քմ տարածք, սակայն 2010 թվականի մայիսի 14-ին քո եւ ՀՀ քաղաքացի Վ. Կույումջյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որպես վաճառող, Վ. Կույումջյանին վաճառել ես իբր սեփականության իրավունքով քեզ պատկանող (Երեւան, Տ. Մեծի պողոտա 29ա հասցեում գտնվող) պոլիկլինիկայի 155քմ տարածքի 28,25%-ը (43,8 քմ), որի գինը քո եւ Կույումջյանի համաձայնությամբ կազմել է 27 մլն 359600 դրամ, որը Վ. Կույումջյանը վճարել է քեզ:

2. 20.07.2010թ. անշարժ գույքի մասին առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Վ. Կույումջյանին վաճառել ես 155քմ տարածքի մնացած 71,75%-ը (որը կազմում է 111,21 քմ): Վաճառքի գինը կազմել է 19 մլն 630.600 ՀՀ դրամ, որը Կույումջյանն արդեն իսկ վճարել է քեզ: 2-ը միասին Կույումջյանից ստացել ես 46 մլն 940. 200 դրամի գումար:

3. 11.05.2010թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն, սեփականության իրավունքով քեզ պատկանող 110քմ-ի 33,7%-ը վաճառել ես գնորդ՝ ՀՀ քաղաքացի Սուրեն Սիմոնյանին, որի գինը կազմել է 6 մլն 569100 ՀՀ դրամ, որը Սիմոնյանն արդեն իսկ վճարել է քեզ:

4. Նույն 11.05.2010թ. պայմանագրով, 110,3քմ տարածքի 28%-ը վաճառել ես գնորդ՝ ՀՀ քաղաքացի Լեւոն Սարգսյանին, որի գինը կազմել է 5 մլն 464900 ՀՀ դրամ, որը Սարգսյանն արդեն իսկ վճարել է քեզ:

5. Նույն 11.05.2010թ. պայմանագրով, Լյուդմիլա Հովհաննիսյանին վաճառել ես 110քմ տարածքի 38,3%-ը, որի գինը կազմել է 7 մլն 451.100 դրամ, որը Հովհաննիսյանն արդեն իսկ վճարել է քեզ:

14.05.2010թ., 20.07.2010թ. եւ 11.05.2010թ. անշարժ գույքի պայմանագրերը կնքվել են օրենքի բառին ու տառին համապատասխան: Պարոն Գեւորգյան, նոտարին հանձնած օրինակների վրա անձամբ քո ձեռքով գրել եւ ստորագրել ես, ստացա 27 մլն 359.600, 19 մլն 630.600, 6 մլն 569.100, 5 մլն 464900, եւ 7 մլն 451100, բոլորը միասին կազմում է 66 մլն 475300 դրամ: 28.02.2012թ. գրավոր դիմում եմ ներկայացրել քեզ, խնդրել ինձ տրամադրելու քո ստացած գումարների մուտքի անդորրագրերի պատճենները, սակայն առ այսօր չես տրամադրում, իհարկե, «կոշտ եւ չուտվող» պայմանագրեր են, գումարների հետ միասին մնացել են քո կոկորդում:

Պարոն Գեւորգյան, կոոպերատիվի բաժնային ֆոնդը՝ 600քմ տարածքը սեփականաշնորհվել է նրա 22 բաժնետերերի միջեւ: Որտեղի՞ց «ծլեց» սեփականության իրավունքով քեզ պատկանող 155 եւ 110քմ մակերեսով կեղծ տարածքները: Փաստորեն, ըստ քեզ, դու ունեցել ես ոչ թե 12քմ տարածք, այլ 12+155+110քմ՝ բոլորը միասին 277քմ տարածք: Այ խարդախ, ո՞նց ես ձեռք բերել այդ տարածքների համար սեփականության վկայականներ, որտեղ են գրանցված քո 155 եւ 110քմ մակերեսով տարածքները: Կեղծիքների ու խարդախությունների «բազմավաստակ» չեմպիոն: Ես քեզ հարցեր չեմ ուղղում, դրանք շատ են, թողնենք ստուգող կազմակերպությանն ու քննչական մարմիններին: Փաստորեն, համաձայն ըստ քո ունեցած տարածքների՝ «Ժպիտի» տարածքը պետք է լինի ոչ թե 600քմ, այլ 865քմ, այ քեզ հերթական աբսուրդ:

Քաղաքացիական օրենսգրքի 1087.1.-րդ հոդվածի վերաբերյալ սահմանադրական դատարանը ընդգծել է, որ գնահատողական դատողությունների համար որեւէ լրատվամիջոց եւ անձ չպետք է ենթարկվի պատասխանատվության, առավել եւս՝ ֆինանսական փոխհատուցում չպետք է վճարի: Զրպարտության մասով դատարանը պետք է հաշվի առնի զրպարտելու դիտավորությունը:

Մի՞թե կեղծիքների, խարդախության, հափշտակության վերաբերյալ ներկայացված կոնկրետ փաստերն անարդարացի կերպով կարելի է դիտել զրպարտություն, դա ուղղակի անբարո է եւ անարդարացի:

Մեր նախագահն ասել է՝ ժամանակակից իրավական պետության խնդիրը ոչ միայն մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, այլ նաեւ այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին պատժելը: Զավեշտալին այն է, որ 2 դատարանների ակնհայտ ապօրինի վճիռները վերահաստատվեցին վերադաս դատական ատյանների կողմից:

Հ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Լ. Քոսյանի լիազորված անձ
Իրավաբանական գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930