Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն առայժմ դժգոհ չէ

Հունիս 27,2012 13:11

Վիտալի Բալասանյանը սկսել է քարոզարշավը:

ԼՂՀ նախագահի ընտրությունների քարոզարշավն աստիճանաբար թափ է հավաքում: Թեկնածուների առաջադրման ժամանակ պարզ դարձավ, որ զուր էր որոշ քաղաքական եւ հասարակական շրջանակների մտավախությունը, որ ԼՂՀ վերջին խորհրդարանական ընտրությունների պես այս անգամ էլ ընտրարշավը կընթանա առանց ընդդիմության ակտիվ մասնակցության:

Այս ընտրարշավի գլխավոր «քինդերսյուրպրիզը» բանակի գեներալ Վիտալի Բալասանյանի ինքնաառաջադրումն է: Հետաքրքրական է, որ վերջինս շատերի համար անսպասելի այս ընտրություններում իրեն դիրքավորում է ընդդիմադիր դաշտում, թեպետ ընդամենը 2 տարի առաջ նա հանդիսանում էր ԼՂՀ գործող նախագահ եւ այս ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Բակո Սահակյանի խորհրդականը: Եվ չնայած ԼՂՀ-ում ընտրարշավից առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ գործող նախագահի եւ մնացած երեք թեկնածուների միջեւ մրցակցությունը չպետք է շատ սուր լինի, ընտրարշավում ընդդիմադիր եւ կիսաընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուների մասնակցությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, բայց ոչ այնքան ԼՂՀ-ում, որքան նրա սահմաններից դուրս: Ասվածը մասնավորապես՝ վերաբերում է միջազգային կառույցներին, որոշակի առաքելություն ունեցող հասարակական կազմակերպություններին եւ որոշ լրատվական միջոցների, որոնց առաքելությունը, անգամ մեծ ցանկության դեպքում, ոչ միշտ կարելի է հայանպաստ եւ արցախանպաստ համարել: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ քարոզարշավի առաջին շաբաթն առանձնապես բարեհաջող չէր նրանց համար: Եթե դատենք ընտրարշավի մասնակից ոչ իշխանական թեկնածուների ելույթներից եւ հարցազրույցներից, գոնե առայժմ քարոզարշավը ընթանում է օրենքի շրջանակներում՝ առանց խոչընդոտների: Ավելին՝ դրանք անհամեմատ ավելի բարենպաստ են, քան հայաստանյան գրեթե բոլոր անցկացված ընտրությունները: Ասենք՝ դժվար է պատկերացնել, որ հայաստանյան ընտրարշավի ընթացքում արմատական ընդդիմադիր թեկնածուն կարող է հնարավորություն ունենալ նախընտրական քարոզչություն իրականացնել հատուկ հանդիպելով, օրինակ, ոստիկանության համակարգի ներկայացուցիչների հետ, կամ, ասենք, նրան կթույլատրեին հանդիպել Երեւանի պետհամալսարանի ուսանողության հետ: Հետաքրքրական է, որ ԼՂՀ նախագահի ընդդիմադիր համարվող թեկնածու Վիտալի Բալասանյանն իր նախընտրական արշավի առաջին օրը սկսել է հենց ոստիկանական համակարգի եւ ուսանողության հետ հանդիպումներով:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930