Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք համարժեք պատասխան կտանք ՀԱԿ-ին»

Հունիս 27,2012 13:06

«Առավոտի» հարցազրույցը ՕԵԿ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ

– Ձեր նախընտրական ծրագրային դրույթների մի մասն ընդգրկվել է կառավարության ծրագրում, եւ ինչպես հայտարարեցին ՀՀԿ-ականները, այդ ծրագրի կատարման պատասխանատվությունը ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի վրա է: Կհաջողվի՞ ապահովել կառավարության ծրագրի բոլոր դրույթները: Դուք գոնե չունե՞ք կասկածներ այդ առնչությամբ:

– Կառավարության ծրագիրը կազմվել է՝ հիմքում ունենալով նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որի հիմնաքարային դրույթներից շատերը ընդգրկված են այդ ծրագրում: Դրանք վերաբերում են եւ սոցիալական, եւ առողջապահական, եւ կրթական, եւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ու մեր հասարակությանը հուզող բազում խնդիրներին: Մենք ցանկացած գործ ձեռնարկելիս միշտ գիտակցել ենք պատասխանատվության պահը եւ երբեք չենք խուսափել մեր բաժին պատասխանատվությունից՝ առավել եւս, երբ դա վերաբերում է պետական կառավարմանը եւ մեր հասարակության զարգացման հեռանկարներին: Հետեւաբար մենք վճռական ենք տրամադրված եւ համոզմունք ունենք, որ մեր արդյունավետ աշխատանքի արդյունքում իրականություն կդարձնենք կառավարության ծրագիրը՝ կատարելով նաեւ մեր ընտրողների առջեւ ստանձնած պարտավորությունները:

– Ծրագրի քննարկմանը մի շարք քննադատություններ հնչեցին ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից: Այդ քննադատություններից որեւէ մեկի հետ համաձա՞յն եք: Մասնավորապես, ասվեց, որ թվեր չկան, որ գրել եք բաներ, որոնք չեք իրականացնելու, վերջում էլ ձեզ ապահովագրելու համար նշել եք արտաքին գործոնների ազդեցությունը, որոնց դեպքում կառավարության ծրագրի չիրականացնելը չեք բացառում:

– Դրական է, որ կառավարության ծրագիրը բուռն քննարկման եւ նույնիսկ քննադատության արժանացավ խորհրդարանում: Համոզված եմ, որ դրանք կնպաստեն կառավարության ծրագրի էլ ավելի ուժեղացմանը, իսկ հնչեցված մտահոգությունները, բնականաբար, հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ընթացքում: Կառավարության ծրագիրը սահմանում է առաջիկա հինգ տարիների մեր երկրի զարգացման գերակայությունները եւ այն նպատակները, որոնց պետք է հասնենք այդ տարիների ընթացքում: Փաստաթուղթը կազմվել է լուրջ մակրո եւ միկրո տնտեսական վերլուծությունների արդյունքում, եւ հետեւաբար ես չէի համաձայնվի մեր այն ընդդիմախոսների կարծիքի հետ, որ ծրագիրը, այսպես կոչված, բարի ցանկությունների ամբողջություն է: Բնականաբար, կառավարության ծրագրի իրականացման համար պահանջվելու են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր եւ որոշումներ: Եվ այս ամբողջության մեջ կարտացոլվեն կառավարության ծրագրով նախանշված նպատակներին հասնելու կոնկրետ միջոցները եւ մեխանիզմները: Իսկ ինչ վերաբերում է արտաքին գործոնների ազդեցությանը, իսկապես, այսօր անհնար է իրականացնել արդյունավետ քաղաքականություն՝ առանց արտաքին ռիսկերը հաշվի առնելու, եւ ոչ միայն արտաքին: Սա բնավ էլ չի նշանակում, որ մենք մեզ ապահովագրում ենք կառավարության ծրագիրը չիրականացնելու գործում, այլ այդ ռիսկերը հաշվի են առնվում համապատասխան խնդիրներին եւ մարտահրավերներին ադեկվատ վարքագիծ դրսեւորելու եւ միջոցառումներ ձեռնարկելու համար:

– 5-րդ գումարման ԱԺ-ում ՀԱԿ-ի մուտքը ինչպե՞ս կգնահատեք: Հաշվի առնելով, որ ողջ նախընտրական քարոզարշավին ՀԱԿ-ը քննադատության թիրախ էր դարձրել ինչպես ՀՀԿ-ին, այնպես էլ ՕԵԿ-ին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հակադարձել Կոնգրեսի կոշտ մեղադրանքներին:

– ՀԱԿ-ը ընտրություններում ստացավ հասարակության վստահության որոշակի քվե, որը այդ ուժին հնարավորություն կտա առաջիկա հինգ տարիներին իր մոտեցումները եւ տեսակետները հայտնել նաեւ Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ինչպես նաեւ հանդես գալ բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք տեղավորվում են իրենց կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում: Այս ամենին ես նորմալ եմ վերաբերվում: ՀԱԿ-ը ընդդիմություն է, հետեւաբար պետք է քննադատի իշխանությունների վարած քաղաքականությունը, եւ հուսով եմ, որ ՀԱԿ-ը իր այս հնարավորությունը կօգտագործի ռացիոնալ՝ իր քննադատություններում լինելով կոշտ, բայց նաեւ կոռեկտ: Իսկ եթե ձեր նշած մեղադրանքները լինեն անառողջ դաշտից, ապա վստահ եղեք, որ մենք համարժեք պատասխան կտանք:

– ՕԵԿ-ականները հայտարարել էին, որ ՕԵԿ-ը ԱԺ է տանելու սեփական ձեռագիրը: Ո՞րն է այդ ձեռագիրը, ի՞նչ անելիքներ ունի ՕԵԿ-ը առաջիկայում: Այս ԱԺ-ում միակ նորությունը կարծես թե ՀԱԿ-ն է, այսինքն՝ նույն թաղային հեղինակություններն են: Ի՞նչ նոր սպասելիքներ ունեք այս օրենսդիր մարմնի աշխատանքներից:

– «Օրինաց երկիրը» խորհրդարանում նոր ուժ չէ, արդեն չորրորդ անգամ մենք անցնում ենք խորհրդարան, հետեւաբար ունենք ձեւավորված քաղաքական գործունեության ձեռագիր, որի հիմքում մեր սկզբունքներն ու նպատակներն են եւ դրանց հասնելու ամենօրյա աշխատանքը: Առաջիկայում մեր անելիքները միտված են լինելու մեր նախընտրական խոստումներն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական դաշտի եւ մեխանիզմների ստեղծմանը: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի կազմին, ապա պետք է նշեմ, որ իսկապես, խորհրդարանում հայտնվել են նաեւ, այսպես կոչված, թաղային հեղինակություններ, սակայն ես ավելի կոռեկտ եմ համարում խոսել մեր խմբակցության անդամներից, ովքեր ունեն բազմամյա օրենսդրական աշխատանքի փորձ, բանիմաց օրենսդիրներ են եւ երբեք աչքի չեն ընկել հասարակության համար անընդունելի վարքագծով:

– Հաշվի առնելով կանխատեսումները, որ ամենայն հավանականությամբ նոր կոալիցիոն հուշագիր կստորագրվի ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, սակայն այսօր, երբ այն չի իրականացել, հիասթափություններ չկա՞ն:

– Ընդհանրապես քաղաքական գործընթացներում ոչինչ բացառել պետք չէ, հետեւաբար ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս չկազմելը որքան սպասելի, նույնքան էլ անկանխատեսելի էր: ԲՀԿ-ի հետ մենք քաղաքական համագործակցության չորս տարիներ ենք անցել եւ բոլորս էլ հարգում ենք այդ ճանապարհը, բայց քաղաքական ուժը ինքն է որոշում իր կարգավիճակը քաղաքական դաշտում՝ ելնելով իր նպատակադրումներից եւ շահերից, հետեւաբար ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշմանը մենք վերաբերվում ենք հարգանքով՝ առանց ոգեւորության եւ առավել եւս՝ հիասթափության: Մեծ հաշվով հիասթափվելու առիթ չկա, քանզի ներկայիս կոալիցիան ունի անհրաժեշտ քաղաքական ռեսուրս եւ ներուժ մեր երկրում առկա խնդիրները լուծելու համար:

– Ինչպե՞ս կգնահատեք Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» շուրջ զարգացումները եւ «Հարսնաքարի» միջադեպը:

– «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ընթացող զարգացումները իրավական հարթության մեջ են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով եւ որոշակի եզրակացությունից հետո հնարավոր կլինի այդ հարցին տալ կոնկրետ գնահատականներ: Ինչ վերաբերում է «Հարսնաքար» համալիրի միջադեպին, ապա ես դատապարտում եմ ցանկացած հարցի լուծում ուժի եւ բռնության միջոցով՝ հատկապես, եթե այն վնաս է հասցնում մարդու կյանքին եւ առողջությանը: Համոզված եմ՝ այդ միջադեպի մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խորությամբ:

– Ընտրություններից հետո ՕԵԿ-ը հայտարարեց կուսակցության կառույցների վերակազմակերպման եւ ներկուսակցական բարեփոխումներ կատարելու մասին: Ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը, եւ ի՞նչ արդյունքներ կան:

– Ընտրություններից հետո, մինչեւ այս պահը, կուսակցությունում իրականացվել են զգալի կառուցվածքային փոփոխություններ՝ համապատասխան ՕԵԿ քաղխորհրդի որոշման: Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ մարզերում ընթանում է տարածքային կառույցների վերակազմակերպման եւ նոր կուսակցականների անդամագրման գործընթաց: Դրան զուգահեռ ընթանում է նաեւ Երեւան քաղաքի կառույցների վերակազմավորման եւ հաստատման գործընթացը, քանզի ինչպես գիտեք՝ սարերի հետեւում չեն նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները: Այս պահի դրությամբ արդյունքները մեզ համար գոհացուցիչ են, եւ նախատեսել ենք մինչեւ հուլիսի 25-ը ամբողջ հանրապետությունում ավարտել նախանշածս գործընթացը:

Զրույցը վարեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930