Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության աշխատակիցների գործը ոչ թե ծեծելն է, այլ ընդհարումը կանխելը»

Հունիս 27,2012 12:59

Ասում է թիկնապահի պրոֆեսիոնալ դպրոց անցած, «Սպիտակ Արծիվ» ակադեմիայի նախագահ Արսեն Դավթյանը

«Այսօր թիկնապահը պաշտպանում է իր շեֆին, բայց չգիտի՝ ումից ու ինչից: Ինքն ուղղակի ման է գալիս շեֆի հետ, մի երկու հանդիպում, բան, գնում են հաց ուտելու, լավ սնվում են, հետո սկսում են զուգարան ման գալ, մի երկու ժամ էլ ըտեղ է կորում: Դրանից հետո էլ մի քիչ ման են գալիս ու էլի սովածանում են, փող կա, ուտելիքը կա, խելք չկա: Իրենց համար էլ հետաքրքիր չի, թե ինչ կարա տեղի ունենա:

Ինքը մտածում է, թե երբ պետք է օրն անցնի, գնա մի 2 ժամ քնի, որ մյուս օրն էլի հաց ուտի: Ու այդպես տեղի է ունենում թիկնապահի ոչ ճիշտ աշխատանք: Որովհետեւ ինքը չի սովորել եւ չգիտի, որ պետք է քիչ սնվի, չծխի, չխմի, միշտ կայուն հոգեվիճակում լինի, փոր չունենա, ոտքերը հաստ չլինեն, միշտ պարապի, որպեսզի ողնաշարը ճիշտ կեցվածք ունենա, դիսկերի շեղումներ չլինեն, որպեսզի գլխացավեր ու նյարդային համակարգի խախտումներ չունենա: Թե չէ՝ պատահաբար կարող են ում ասես՝ վնաս տալ: Ոչ կայուն մարդիկ չեն կարող թիկնապահ կամ անվտանգության աշխատակից աշխատել: Նրանք կարող են բոլորին վնաս տալ»,- «Առավոտի» խնդրանքով «Սպիտակ Արծիվ» թիկնապահների ակադեմիայի նախագահ Արսեն Դավթյանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական թիկնապահի կամ անվտանգության աշխատակցի կեցվածքը: Ըստ նրա՝ թիկնապահ կամ անվտանգության աշխատակից լինել չի նշանակում մարդ ծեծել, ձմռան կեսին, մկանները ցուցադրելու համար, կարճաթեւ բլուզներով ու սափրած գլուխներով ման գալ: Մինչդեռ Հայաստանում, ովքեր որ մանկուց երազում են օլիգարխի, մեծահարուստի թիկնապահ դառնալ, հենց այսպես են պատկերացնում իրենց գործը:

Ֆրանսիական լեգիոնում թիկնապահի պրոֆեսիոնալ դպրոց անցած Ա. Դավթյանն անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օրերս տեղի ունեցած հայտնի միջադեպին, ինչի արդյունքում ձերբակալվեցին համալիրի մի քանի անվտանգության աշխատակիցներ՝ ռեստորան եկած զինվորական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու համար, ասաց. «Անվտանգության աշխատակիցների առաջին գործը պետք է լինի ոչ թե ծեծի ենթարկելը, այլ մինչեւ վեճ առաջանալը այդ ընդհարումը կանխելը: Նրանք այդ կառույցի պահնորդներ են, եւ եթե ռեստորաններում կամ հյուրանոցներում կա լարված իրավիճակ, նրանք պետք է հանգստացնեն, այլ ոչ թե նստեն բազմոցին՝ ծխեն կամ խմեն, հետո՝ տեսնելով, որ կռիվը թեժանում է, գնան հարցերը լուծելու: Ոչ պատշաճ վարք դրսեւորողներին պետք է դուրս հրավիրեն ու նախազգուշացնեն, որ եթե շարունակեն, ստիպված կլինեն ոստիկանություն հրավիրել: Սակայն մեզ մոտ գերադասում են հարցերն իրենք լուծել, խմիչքն էլ խմում են ու առյուծանում: Իրա բոյը մեկ մետր 50 սանտիմետր է, բայց ինքն իրեն 5 մետրանոց տղա է զգում: Հետո տեսնում ես՝ մի 25 մեքենայով եկան, նրանք էլ իրենց կողմնակիցներին են հավաքում ու հանդիպում Երեւանյան լճի մոտ, որպեսզի ավելի հեշտ լինի մարդ սպանելը:

Ռեստորանի անվտանգության աշխատակիցն էլ պարտադիր պիտի ունենա համապատասխան հագուկապ, փաստաթուղթ, որպեսզի իրեն թույլ տա հաճախորդից ինչ-որ բան պահանջել»:

Մասնագետի խոսքերով՝ այսօր շատ գործատուներ իրենց թիկնապահներին ընտրում են «բոքսի, շտանգայի» սպորտդահլիճներից, որոնք հաղթանդամ տեսք ունեն. «Բայց երբ փորձանքը գալիս է, չի նայում՝ տղան հաղթանդամ է, թե ոչ: Թիկնապահը պետք է լինի դպրոց անցած, կուլտուրական եւ նորմալ մարդ: Այսօր որեւէ մեկս ապահովագրված չենք, որ թիկնապահի զոհ չենք դառնա: Նրանք չգիտեն՝ զենքն ինչպես ճիշտ օգտագործել, հիմա թիկնապահների 80%-ը չգիտի անգամ, թե իր մոտի զենքով ինչ պետք է անի: Դահլիճում կրակել է եւ կպել է 10-ին, 9-ին, 8-ին, ու իրենով հպարտացել է, թե՝ վա՜յ, ինչ լավ տղա է, բայց ինքը չգիտի, որ երբ դեպքը գալիս է, նյարդային համակարգի խախտում է առաջանում, եւ ինքը չի կողմնորոշվում՝ այդ զենքով ինչ պիտի անի, անգամ պատահում է, որ չեն իմանում, թե որ կողմը կրակեն:

Որ կողմը գոռացել են, այդ կողմը կրակել են, եւ արդյունքում անմեղ մարդ է մահացել»:

«Շեֆերի» կողմից թիկնապահներին օր ու գիշեր շահագործելու վերաբերյալ էլ պարոն Դավթյանը նկատեց. «Օրը 26 ժամ իրենց կողքին են պահում: Ասում են՝ դավայ, վազի գնա մի հատ կնոջս հետ առեւտուր արա, տատիկիս օգնի, գնա հողամասը փորի կամ սիրուհուս հասցրա էսինչ տեղը: Իսկական թիկնապահները պետք է իրենք իրենց գնահատեն եւ 10 ժամից ավել չաշխատեն: Այդ վիճակով որեւէ մեկը չի կարող նորմալ իր գործն անել: Երեք օր՝ գիշեր-ցերեկ հետները ման են գալիս, որ մի 150 հազար դրամ ստանան: Նման մարդիկ ոչ թե թիկնապահներ են, այլ հանձնարարություն կատարողներ, այդպիսի թիկնապահներին պահում են, որ գնան իրանց համար ռազբորկա անեն, հարցեր լուծեն»:

Արսեն Դավթյանի խոսքերով՝ պետք է տարանջատել՝ ովքեր են թիկնապահները, ովքեր՝ պահակներն ու պահնորդները: Ըստ նրա՝ արտերկրում անգամ պրոֆեսիոնալ դպրոց անցածների միջից են ընտրություն անում՝ ով պետք է «կլիենտի» կողքը կանգնի, ով՝ երկրորդ պլանում լինի. «Նրանք պետք է լինեն բարետես, համեստ ու նվիրված իրենց գործատուին եւ ամեն րոպե պատրաստ՝ փրկելու առաջին հերթին իրենց կյանքը, ապա՝ կլիենտի: Դա միայն ֆիլմերում է, որ թիկնապահը քցվում է իր շեֆի կյանքը փրկելու համար, բայց իրականում նա պիտի փրկի իր կյանքը, կենդանի մնա, որպեսզի ճիշտ գործողություններով փրկի նաեւ կլիենտի կյանքը: Թիկնապահը հիմնականում միշտ պաշտպանվում է: Նման բան գոյություն չունի, որ մի թիկնապահ մարդաշատ վայրում կարողանա ինչ-որ մեկին վնասազերծել: Երբ ինչ-որ չափով ապահովագրել է իր կլիենտին, ու եթե տարածքում բարձրահարկ շենքեր չկան, նա կարող է օդ կրակել, մարդկանց հրահանգել պառկել, որպեսզի կողմնորոշվի, թե ովքեր են իր վրա կրակողները, իր ուղղությամբ շարժվողները: Հակառակ դեպքում, եթե սկսես կրակել, մարդկանց մեջ խուճապ է առաջանում, իսկ խուճապի միջից այլեւս չես կարող գտնել ոչ ոքի: Բացի այդ՝ թիկնապահին բնորոշ չի ընկնել հանցագործի հետեւից»:

Անդրադառնալով հայաստանյան որոշ օլիգարխների հետ շրջող թիկնապահներին, որոնք իրենց տեսքով ու գործողություններով այսօր ահ ու սարսափ են տարածում հասարակության մեջ, պարոն Դավթյանն ասաց. «Իրենք պետք է միշտ համեստ լինեն, լարված իրավիճակներում միշտ կարողանան մարդկանց համոզել ու հանգստացնել, այլ ոչ թե ասել՝ հեսա կտամ քեզ կսպանեմ, սպառնալ՝ գնալ տան մեջ սպանել եւ այլն: Չհաշված, որ այսօր առանց այդ էլ մարդիկ վատ են ապրում, մի բան էլ վախի մթնոլորտ են ստեղծում նրանց համար, եւ իրենց ընտանիքներին, երեխաներին փրկելու համար այդ մարդիկ սկսում են մտածել տները վաճառելու եւ Հայաստանից գնալու մասին: Բայց չեն մտածում, որ դրանից լավ եղեռն չկա: Ի՞նչ տարբերություն՝ 100 ընտանիք մահացա՞վ, թե՞ երկիրը լքեց»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930