Լրահոս
Օրվա լրահոսը

Ստի տեսությունը

Հունիս 27,2012 12:50

Ազնիվ մարդը պետք է բացատրի, գրի, բոլորին պատմի, որ նա ազնիվ է, ոչ թե լռի պարտիզանի պես: Այդպես է մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի վարքագիծը՝ նկատի ունենալով, որ նախկին արտգործնախարարը հրաժարվում է «փողերի լվացման» գործով ցուցմունքներ տալ: Ակնհայտ է, որ պարոն Հակոբյանի նկարագրած օրինաչափությունն ունիվերսալ չէ. անազնիվ մարդը կարող է գոռալ, որ նա անմեղ է, եւ հակառակը՝ ազնիվը կարող է լռել կամ արդարանալ չափազանց անհամոզիչ կերպով: (Ես, օրինակ, հաճախ կարմրում եմ անարդար մեղադրանքներից, կարծես իսկապես կատարել եմ ինձ մեղսագրվող արարքը): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ գոռում եւ ինչպես են լռում:

Ամերիկյան «Խաբիր ինձ» («Lie to me») սերիալը (ի դեպ, բարձրորակ սերիալի օրինակներից մեկը) հենց այդ «ինչպես»-ի մասին է: Հոգեբանների խումբը համագործակցում է իրավապահների հետ եւ փորձում է բացահայտել, թե հանցագործության հետ կապված մարդկանցից եւ իրավապահներից ովքեր են ստում: Օրինակ՝ եթե մարդը խոսելու ժամանակ քորում է քիթը կամ կամ բարձրացնում է ուսը, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա ստում է: Կարեւորն, իհարկե, դիմախաղն է, դեմքի «միկրոարտահայտություններն» են, որոնք մատնում են ստախոսին: Սերիալի գլխավոր հերոսի նախատիպը Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Էքմանն է, որը մի քանի տասնամյակ ուսումնասիրում է ստի տարբեր դրսեւորումները եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում ոչ միայն իրավապահներին, այլեւ քաղաքական եւ գործարար շրջանակներին:

Հայաստանում, սակայն, հոգեբանական այդ բոլոր նրբությունները հաճախ ավելորդ են: Ստելը մեր իրականության մեջ կայուն եւ զարգացած մշակույթ է՝ պատահական չէ, որ ժողովրդական հոգեբանությունը փայլուն իմացող Հովհաննես Թումանյանի հեքիաթն այն մասին է, թե ինչպես թագավորը սուտասանների մրցույթ անցկացրեց, եւ ինչպես այդ «քաստինգում» հաղթեց նա, ով շոշափեց սույն թագավորի նյութական շահերը: Մեզ մոտ գործը դիմախաղին եւ «միկրոարտահայտություններին» սովորաբար չի հասնում: Բավական է լսել արտահայտությունների շաբլոն ցանկից թեկուզ մեկը՝ հասկանալու համար, որ դիմացինդ ստում է: Եթե որեւէ մեկը հիշում է իր ծնողների կամ պապերի շիրիմները, եթե նա «թաղում է» իր ազգականներին, եթե նա սուտը մերկացնող որեւէ փաստարկին պատասխանում է՝ «բան չունեմ ասելու, բայց…», եթե նա ինքնահայհոյում է, ուրեմն հաստատ իմացեք՝ այդ անձնավորությունը ստում է: Դե, իսկ քաղաքական գործիչների սուտը (տվյալ դեպքում՝ ոչ միայն Հայաստանում) սկսվում է հետեւյալ նախաբանից՝ «անձամբ ինձ ոչ մի բան պետք չէ»: Չկա աշխարհիս երեսին մի մարդ, որին անձամբ ոչ մի բան պետք չլինի մինչեւ այն պահը, երբ նա փչում է իր վերջին շունչը: Ամենամեծ սուտը հենց դա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930