Վերջին 1-2 տարվա ընթացքում մեզանում նոր միտումներ են նկատվում. կառուցվեց եւ շահագործման հանձնվեց Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, կառավարությունը արդեն որոշում է կայացրել Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի կառուցման վերաբերյալ, կարծես տեղից շարժվում է մնջախաղի թատրոնի կառուցման հարցը:
Հիշյալ կառույցները բոլորը քաղաքի կենտրոնում են կառուցվել եւ կառուցվելու: Իսկ մյուս վարչական տարածքները մոռացության են մատնվել, թեպետ ե՛ւ նախորդ, ե՛ւ այս կառավարության առաջնահերթությունների թվում տարածքների համաչափ զարգացումն է: Այսօր Ավանի, Դավիթաշենի կամ Նորքի զանգվածի, ընդհանրապես Կենտրոնից զատ գրեթե բոլոր վարչական տարածքների բնակիչները որեւէ հնարավորություն չունեն իրացնելու իրենց մշակութային պահանջմունքները:
Այն, որ այս հարցը դեռ չի կարեւորվում քաղաքային իշխանությունների կողմից, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ զանազան հասարակական կազմակերպություններին նույնպես չի հետաքրքրում արվարձանների բնակիչների հոգեւոր-մշակութային խնդիրները (թերեւս դրանց համար գրանտներ չեն ստացել), այլապես սվիններով չէին դիմավորի Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի այգում, կյանքի կոչվող մեծ բարերար Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի կառուցումը:
Ավելի քան տարօրինակ է ինչ-որ նախաձեռնությունների աղմուկն այս առումով, մանավանդ փոքր չափեր ունեցող թանգարանը` 52 քմ, բետոնապատ հարթակի վրա է կառուցվելու, հետաքրքիր գեղարվեստական լուծմամբ է աչքի ընկնում եւ այգուն լրացուցիչ մշակութային ուղղվածություն կհաղորդի:
Կարդացեք նաև
Ընդ որում, նկատի ունենանք, որ այսօր մշակութային փոխներթափանցումների, սինթեզի ժամանակներ են, եւ թանգարան-ցուցասրահ ասվածը չպետք է պատկերացնել իբրեւ պասիվ մի վայր, ուր ընդամենը լուռ ցուցանմուշներ կարող են ցուցադրվել: Նանսենի անվան թանգարանը կարող է վերածվել կամերային մշակութային մի օջախի, ուր ե՛ւ կարելի է երաժշտական միջոցառումներ անցկացնել, ե՛ւ կերպարվեստի ու ամենատարբեր ցուցահանդեսներ, ե՛ւ ընդհանրապես այս օջախը կարելի է լիարժեք կերպով ծառայեցնել տարածքի բնակչության հոգեւոր-մշակութային պահանջմունքների բավարարմանը:
Հետաքրքիր է, այս ամենի՞ն են դեմ քաղաքացիական ակտիվիստները:
Ի դեպ, օրեր առաջ Նանսենի անվան թանգարանի շուրջ բարձրացված անիմաստ աղմուկին արձագանքելով, Երեւանի քաղաքապետարանը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ դեռ անցյալ տարի նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում էր Երեւանի քաղաքապետարանում քննարկվել մայրաքաղաքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը. «2012թ. մարտի 22-ին Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի անվան փողոցին հարակից՝ համանուն զբոսայգում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի էսքիզային առաջարկը»:
Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ եւ թանգարան կառուցելուն կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները: Ավելին՝ ճարտարապետների գնահատմամբ՝ թանգարանը հետաքրքրություն եւ մշակութային աշխուժություն կմտցնի այգում:
Ըստ ճարտարապետական հանձնաժողովի անդամ Սաշուր Քալաշյանի. «Այգու մեջ թանգարաններ կառուցելու հետաքրքիր օրինակներ կան արտասահմանում: Պարզապես այս դեպքում կառույցն անպայման պիտի թանգարանային տեսք ունենա»:
Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն էլ վկայակոչում է Ալ.Թամանյանի աստղադիտարանի օրինակը, որն այնքան ներդաշնակ է ուսանողական այգում. «Թամանյանի աստղացուցարանը նման լավ օրինակ է` փոքրիկ, գողտրիկ կառույց է»:
Իհարկե, համամիտ ենք նրան, բայց եւ չենք կարող չասել` 3 տարի առաջ այստեղ կառուցված սրճարանը այդ բնապաշտական տրամադրությունն էապես փոխեց:
Ճարտարապետ Գարի Ռաշիդյանի համոզմամբ էլ. «Քանի որ այգին կամերային է, թանգարանն էլ պիտի կամերային լինի: Այսինքն՝ կերպարային հարմոնիա պիտի լինի: Ի դեպ, նման կառույցները հաճախ կամերային տարածքում ավելի գեղեցիկ են լինում»։
Ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի համոզմամբ. «Արդի ճարտարապետական գրականության մեջ օրինակները շատ են` կարելի է 50 քմ-ի վրա շշմելու բան ստեղծել: Այգին գեղեցիկ է եւ իր անվամբ օգնում է գաղափարի իրականացմանը»:
Լեւոն Ղալումյանն ու Լեւոն Վարդանյանը համամիտ էին գործընկերների հայտնած մտքերին. «Այգում կարելի է փոքր ոճի մեջ սիրուն մի բան դնել, միայն թե լավ ճարտարապետություն լինի»:
Այս ամենին մնում է ավելացնել, որ թանգարանի պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը: Թանգարանը կառուցվում է անհատ բարերարների՝ Եսայան ընտանիքի միջոցներով՝ ոչ կանաչ տարածքի հաշվին: Այնպես որ, ինչ-որ մարդիկ ոչնչից աղմուկ են բարձրացնում:
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հայոց աշխար»