Լրահոս
Օրվա լրահոսը

Կունենա՞ ընդդիմությունը միասնական թեկնածու

Հունիս 27,2012 11:46

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» խմբակցության անդամ 

-Ընդդիմությունը ոչ միայն պետք է կարողանա միասնական թեկնածու առաջադրել, այլեւ պարտավոր է քաղաքական ճշգրիտ հաշվարկներ կատարել եւ ընդհանուր հայտարարի գալ: Իմ խորին համոզմամբ, ակնհայտ է, որ հակառակ դեպքում գործող նախագահը կարող է ծանրակշիռ մրցակից չունենալ եւ հեշտ առավելություն ստանալ:
Միաժամանակ հասկանալի է, որ մեր ընդդիմադիր դաշտը բազմաշերտ է, աշխարհաքաղաքական տարբեր ուղղվածություններ ունի, անգամ ներքին խնդիրները լուծելու հակադիր մոտեցումներ է առաջադրում: Ուստի ընդհանուր տեսակետի գալն ու միասնական թեկնածու առաջադրելը բարդ է լինելու:
Կարծում եմ, ընդդիմությունը նախ պետք է կարողանա ձեւակերպել Հայաստանի առաջընթացն ապահովող կարեւորագույն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ առանց հաշվի առնելու գաղափարական տարաձայնությունները:
Ընդդիմությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ իրեն կարողանա առաջադրել որպես իշխանություններին իրական այլընտրանք: Միասնական նախագահի թեկնածու ունենալը միշտ է դժվար:
Չեմ բացառում նաեւ, որ ընդդիմության մի քանի թեկնածուների դեպքում հենց ժողովուրդը կենտրոնանա այն թեկնածուի շուրջ, ով կարող է իրական այլընտրանք լինել իշխանության թեկնածուին: Նման թեկնածուներ, բնականաբար, կան, սակայն նրանց մասին խոսել, երբ դեռ իրենք իրենց որոշումը չեն հրապարակել, ճիշտ չի լինի:

   ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 
   «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

-Կարծում եմ, ընդդիմությունը ոչ թե ընդդեմ՝ իշխանության կամ մեկ այլ թեկնածուի դեմ ուժեղ մրցակից առաջադրելու համար պետք է միասնական թեկնածու ունենա, այլ ընդհանրապես միավորված ընտրությունների գնալն ու միասնական թեկնածու ունենալը ճիշտ է:
Միաժամանակ չեմ կարծում, թե ընդդիմադիր դաշտում կարող է լինել մեկ նախագահի թեկնածու, որի շուրջ կհամախմբվեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա պակաս հնարավոր է:
Սուբյեկտիվ պատճառներից ամենատեսանելին այն է, որ կան մարդկային գործոններ: Օբյեկտիվ պատճառներից անենակարեւորն այն է, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները ամենատարբեր գաղափարախոսությունների կրողներ են, եւ այս ուժերի միավորումը կարող է ինքնանպատակ դիտվել: Առավել հավանական եմ համարում, որ լինեն թեկնածուներ, որոնց շուրջ կհամախմբվեն գաղափարակից կուսակցությունները եւ հասարակական կազմակերպություններ:
Այս տարբերակը ոչ միայն ավելի իրական է, այլեւ նպաստավոր քաղաքական դաշտի առաջընթացի համար: Մենք այսօր այս ուղղությամբ աշխատում ենք: Արդյունքներն ընթացքը ցույց կտա: Քաղաքական գործընթացների անորոշությունները եթե հաշվի առնելու լինենք, ապա այսօր շատ վաղ է խոսել հավանական թեկնածուների մասին: Միաժամանակ հավատացած եմ, որ մենք անպայման կունենանք մեր թեկնածուն:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930