Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը՝ հոր եւ որդու ինքնասպանությունից հետո

Հունիս 27,2012 11:35

«Ժողովուրդ»-ը եղավ այն տանը, որի երկրորդ, կիսակառույց հարկում հայր եւ որդի ինքնասպանություն են գործել։ Նշենք, որ տունն ուղղակի անմխիթար վիճակում էր, զուրկ տարրական կենցաղային պայմաններից։ Ինքնասպանություն գործածների հարազատների հետ զրույցից տեղեկացանք, որ հայր ու որդի արհեստավորներ էին։ «Հայրը, տղան, մայրը՝ Գայանեն, ու աղջիկը՝ Ասյան, չորսով էս տան մեջ են ապրել, էս պայմաններում, միայն կարողացել են հաց վաստակել։ Ազնիվ ընտանիք էր, մենք տեղյակ չենք, թե ինչ է եղել, գողություն եղել է, թե չէ, մենք ըտենց բաներից անտեղյակ ենք։ Մենակ գիտենք, որ իրանց ընտանիքի նման ընտանիք չկար, շատ համեստ, շատ խելացի ընտանիք էր»,- նշեց մեր զրուցակից Սիլվան, որն ասաց, թե Պետրոս Գալուստովի հորեղբոր կինն է։

Տանը հավաքվածները ցավով էին նշում տեղի ունեցածը՝ շեշտելով որ իրենք մինչեւ այժմ կատարվածից շոկի մեջ են. «Նոր ենք լսել ու վազելով էկել ենք, տեսել ենք, որ վերեւում կախվել են։ Արհեստավոր մարդ էր, անգամ մի 1000 դրամ մարդուց ավել չէր վերցնում, ոնց ա եղել, ում ազդեցության տակ են ընկել՝ չենք հասկանում, սենց չենք իմանում՝ ոնց ա եղել, ուղղակի ապշահար ենք։ 30 տարեկան տղան պայմաններ չուներ ամուսնանալու համար, 32 տարեկան էլ աղջիկն էր, ընտանիքը վատ պայմաններում էր ապրում, երեւի դա է ստիպել էդ մարդկանց այդ քայլին գնալ, ի՞նչ ասենք»,- նշեցին հարազատները։

«Իսկ կինը՝ Գայանեն, պոչկաներից հիվանդ ա, մի քանի անգամ վիրահատել են, չեք պատկերացնում իրանց ծայրահեղ ծանր վիճակը, ինչ իմանանք՝ ինչն ա ստիպել էդ մարդկանց էդ քայլին գնալ, մենք էլ բան չենք կարող ասել։ Ես ենթադրում եմ, որ տղան ա գնացել կախվել, հետո հայրն էկել տեսել ա ու չի դիմացել, չեմ իմանում, չեք պատկերացնում մեր վիճակը, բան չենք հասկանում»,- լացակումած ասաց տիկին Սիլվան։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից

տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930