ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե հանգստանալու է Քոբուլեթիում ու իր համայնքից էլ հազար հոգու տանելու է հետը: «Տանելու եմ տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ՝ լավ հանգստանան, լավ լողանան»,- ասել է նա:
«ՉԻ»- Լավ է, իհարկե, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի հազար բնակիչներ լավ կլողանան, բայց վատ է, որ մի քանի հարյուր հազար դոլար դուրս կբերվի Հայաստանից եւ կծախսվի Վրաստանում: Բայց մեղավորը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է. չտուգանեցին՝ գուցե կարողանար այդ հազար հոգուն Սեւան տանել: Մյուս կողմից, սակայն, չարժե շտապել եւ Սամվել Ալեքսանյանին մեղադրել գումարները Հայաստանից դուրս ծախսելու համար: Հեչ չի բացառվում, որ նա հասցրած լինի Քոբուլեթիում մի երկու հյուրանոց կառուցել: Չնայած՝ նրա բիզնես-մտահղացումների գիտակներն ավելի հավանական են համարում երկրորդ տարբերակը. այն է՝ նա ինչ-որ տեղ Երեւանյան լճի ափին «Քոբուլեթի» անունով հյուրանոց է կառուցել եւ հենց այնտեղ էլ տանելու է համայնքի բնակիչներին:
«Չորրորդ ինքնիշխանություն»