Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդհատակ անցած հանձնաժողով

Հունիս 27,2012 11:08

Ամիսներ առաջ, երբ ձևավորվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կարծիքներ հնչեցին, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե բարձրաստիճանավորների էթիկական վարք ու պահվածքին հետևեին զանգվածային լրատվամիջոցները և ոչ թե ինչ-որ հանձնաժողով, որը, կազմավորված լինելով բացառապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների (ԱԺ նախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, գլխավոր դատախազ, Վճռաբեկ դատարանի նախագահ) առաջադրած ներկայացուցիչներով, ինքը կարող էր դառնալ չինովնիկական մի կառույց, որի գործունեության արդյունավետությունը, առավել ևս արժանահավատությունն ու հանրային վստահությունը, մեղմ ասած, կլինեին կասկածելի:

Սակայն հանձնաժողովն արագ ձևավորվեց, որից հետո, չափազանց կարևորելով վերջինիս գործունեությունը, նրա անդամների հետ հանդիպում ունեցավ հանրապետության նախագահը: «Հանձնաժողովի ձևավորման և գործունեության հետ կապված հարցերն այսուհետև բնականաբար լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ»,- հանդիպման ժամանակ ասաց նախագահը:

Ահավասիկ անցել է գրեթե կես տարի` երկար մի ժամանակահատված, որպեսզի հանրությունը կարողանար տեսնել ու գնահատել վերոհիշյալ հանձնաժողովի գործունեության գոնե առաջին քայլերը, էլ չենք ասում` պտուղները: Սակայն կազմավորվելուց հետո հանձնաժողովն այնպես բարեհաջող կերպով անցավ ընդհատակ, այնպես սահուն կերպով կարողացավ չլինել «հանրային հատուկ ուշադրության օբյեկտ», որ նույնիսկ լրատվամիջոցները կարճ ժամանակ անց մեկընդմիշտ և անդառնալիորեն մոռացան նրա մասին: Հասարակությունը ևս հիմնավոր մոռացավ հանձնաժողովի գոյությունը, որի պատճառով, օրինակ, Էմիլ Բաբայան անուն-ազգանունը հարյուրտոկոսանոց անհայտություն է նրա համար, մինչդեռ այդ մարդը հանձնաժողովի նախագահն է:

Նույն կերպ հանրությանն անծանոթ են բոլոր մյուս հանձնաժողովականների անունները, ինչից պետք է ենթադրել, որ հանձնաժողովը եթե ինչ-որ բան անում էլ է, ապա դա ինքնանպատակ է: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահեցնում էր, թե կառույցը ստեղծվում է, որպեսզի «նպաստի պետական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը»: Դժվար է հավատալ, թե անցած ամիսներին հայ բարձրաստիճան պաշտոնյաները որևէ առիթ չեն տվել հանձնաժողովականներին` իրենցով «զբաղվելու», հետևաբար միանգամայն անմեկնելի է էթիկայի հանձնաժողովի լռությունը: Գոնե… էթիկայի համար ձայն հանեին:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930