Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյանը պահանջել էր 110 հազար եվրո: ՄԻԵԴ-ը սահմանեց 4,500 եվրո

Հունիս 27,2012 11:06

Եվրադատարանի վճռի համաձայն, Վարդան Մալխասյանը 2006-ի դեկտեմբերի 9-ից 2007-ի օգոստոսը կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ, եւ որպես փոխհատուցում՝ ՀՀ կառավարությունը նախկին քաղբանտարկյալին պետք է վճարի 4 հազար 500 եվրո։ Վերջինս 2006-ի դեկտեմբերի 9-ին ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր) մեղադրանքով։ Որպես սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչ ներկայացնում էին Վարդան Մալխասյանի՝ իշխանություններին առնչվող ելույթները։ Չնայած առաջադրված մեղադրանքն անհեթեթ եւ անհիմն էր, բայց միեւնույն է՝ Մալխասյանը 2007-ի օգոստոսի 6-ին դատապարտվեց երկու տարի ազատազրկման եւ ազատ արձակվեց 2008-ի դեկտեմբերի 9-ին (քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հետագայում փոխվեց): Նույն քրեական գործի շրջանակներում մեկուկես տարվա ազատազրկման դատապարտվեց Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինս դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը): Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դրված էր նրան պաշտոնապես նվիրված ատրճանակը, որը, իբր, նա ապօրինի էր պահել։

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը այս գործով եղել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը, մեզ հետ զրույցում ասաց, որ եվրադատարանն իր այս վճռով անդրադարձել է միայն Մալխասյանի կալանքի խնդրին։ Իսկ նրան եւ Սեֆիլյանին ազատազրկման դատապարտելու խնդիրը Եվրադատարանը դեռեւս քննարկում է. ներկայացված դիմումների վերաբերյալ վճիռները ԵԴ-ն նոր պետք է կայացնի։

Վարդան Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Եվրադատարանի վճիռն իր համար կանխատեսելի էր, պարզապես ինքը կարծում էր, որ փոխհատուցման հարցում վճիռն ավելի խիստ կլինի։ Մալխասյանը Եվրադատարան ներկայացրած իր դիմումով, որպես փոխհատուցում, պահանջել էր 110 հազար եվրո։ «Իհարկե, այստեղ կարեւորը գումարի չափը չէ, այլ այն փաստը, որ Եվրադատարանն իր վճռով հաստատեց, որ իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, սխալ է եղել»,- ասաց Մալխասյանը։ Նրա կարծիքով՝ Եվրադատարանն իր այս վճռով հերթական անգամ հաստատեց, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ «Հայաստանը ոչ թե իրավական պետություն է, այլ չարիքի, խաբկանքի, ստորության տիրապետություն է։ Դատավորները մեզ մոտ արդարադատություն չեն իրականացնում»,- ասաց Մալխասյանը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930