Անդրադառնալով ԱԺ կանոնակարգի հիշյալ կետին, որը սահմանում է, որ խմբակցությունները պետք է հանդես գան ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, Տեր-Պետրոսյանը հեգնանքով ասաց. «ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով ասած՝ իդիոտիզմ է»։ Եթե Տեր-Պետրոսյանը դա հիմարություն եւ իդիոտիզմ է համարում, այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ խմբակցությունը, ավելի կոնկրետ՝ նրա քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր է։ Թե՞ ԲՀԿ-ի համար դա իդիոտիզմ է, իսկ ՀԱԿ-ի համար՝ ոչ այնքան։
Կամ՝ Տեր-Պետրոսյանն ասում է. «Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը»։ Միանգամայն ընդունելի դրույթ է, բայց ընդամենը մի քանի օր առաջ ԲՀԿ խմբակցությունը միահամուռ «կողմ» քվեարկեց Սեւանից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրինագծին, այն դեպքում, երբ իրենց ընդդիմադիր հայտարարած ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» «դեմ» քվեարկեցին, իրենց վրա չվերցնելով Սեւանը դատարկելու պատասխանատվությունը։
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը մաքրել է այն ուժերից, ովքեր դեմ էին ՀԱԿ-ի՝ ԲՀԿ կցորդ դառնալուն, բայց դեռ որոշ անհատներ կան։ Հատուկ նրանց համար Տեր-Պետրոսյանը գնաց վիրավորանքի, որին քիչ է դիմում։ Նա ասաց, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելը թուլացրել է Սերժ Սարգսյանին, եւ դա հենց այն է, ինչ ուզում էին իրենք, եւ այսպիսի հարցադրում արեց. «Էլ մեր ուզածն ինչ էր, եւ ինչով են զբաղվում խառնակիչները»։ Ում նկատի ունի Տեր-Պետրոսյանը՝ «խառնակիչ» ասելով։ Համենայնդեպս, միակ մարդը, ով շարունակում է մնալ ՀԱԿ-ի կազմում եւ հրապարակայնորեն կասկածել ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, Նիկոլ Փաշինյանն է։ ՀԱԿ-ում, իհարկե, էլի նման մարդիկ կան, բայց նրանք գերադասում են դրա մասին խոսել պատերի տակ։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը կգերադասեր, որ ինքը ոչ թե ինքնակամ հեռանար ՀԱԿ-ից, այլ իրեն այնտեղից հեռացնեին հակաբարգավաճական դիրքորոշում ունենալու պատճառաբանությամբ, բայց, կարծում ենք, Տեր-Պետրոսյանը փորձեց Փաշինյանին, մանեւրելու տեղ չթողնել։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»