Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է ստիպել 62-ամյա հորը եւ 30-ամյա որդուն միաժամանակ կախաղան բարձրանալ

Հունիս 27,2012 10:38

 «Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք։ Աստված Ձեզ պահապան»։ Ընտանիքի իգական սեռի ներողամտությունը այս երկտողով հայցելով՝ հայր եւ որդի Գալուստյանները միասին ինքնասպանություն են գործել։ Նրանց երեկ վաղ առավոտյան գտել են Էրեբունի համայնքում գտնվող իրենց տան կիսակառույց 3-րդ հարկում՝ մետաղյա ճոպանով կախված։ Թե ինչն է ստիպել 62-ամյա հորը եւ 30-ամյա որդուն կազմակերպված, մի սենյակում միաժամանակ կախաղան բարձրանալով հրաժեշտ տալ կյանքին, իրավապահները դեռ պարզում են։ Սակայն տեղեկություններ կան, որ որդին՝ Արտաշես Գալուստյանը, նախկինում էլ է ինքնասպանության փորձ արել՝ երակները կտրելով։ Ինքնասպանության փորձ է արել դեռեւս այն ժամանակ, երբ բացվել է մի հանցագործություն, որին ինքը մասնակից է եղել։ Նա 2011թ. նոյեմբերին ընկերոջ հետ Արշակունյաց պողոտայի վրա կայանված  «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ապակին օրը ցերեկով կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած 56 մլն դրամ գումարը։ Այն պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին, եւ այդ գումարը ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ։ Նշված գողության փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Արտաշես Գալուստյանը եւ նրա ընկերը կալանավորվել էին, սակայն Գալուստյանը հունիսի 21-ին ստորագրությամբ բաց էր թողնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ըստ հարեւանների, Գա–

լուստյաններն արհեստավորներ էին, հայրը խառատ էր։ Իսկ թե ինչու է այդ առանձնակի խոշոր գողության մեջ մեղադրվողը ստորագրությամբ ազատ արձակվել, ոստիկանությունից ասացին, թե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա օժանդակել է նախաքննությանը, որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու վերաբերյալ, եւ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Իսկ թե ինչով է օժանդակել, ոչինչ չասվեց։ Թերեւս այդ «օժանդակության» հետեւանքով Արտաշես Գալուստյանը հայտնվել է ազատության մեջ, իսկ ընկերը՝ ճաղերի հետեւում։ Գուցե հենց այդ «օժանդակությունն» էլ դեր է խաղացել ինքնասպանության հարցում։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930