Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Ես չեմ ասում, թե առանց ընտրության՝ հեղաշրջմա’մբ գալու ենք իշխանության» (Տեսանյութ)

Հունիս 26,2012 23:23

«Գիտեք ի՞նչ կա, մեր ցանկությունը 7-ը չէր, էլի, մեր ներկայությունն այնտեղ առնվազն 27 պիտի լիներ: Էսքա՜ն կեղծիքներից հետո էլի վախեցան կամ պարտադրված 7 %-ի շեմը մենք հաղթահարեցինք: Իրենք պարտադրված կեղծիքները մի քիչ չափավորեցին»,- այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, մինչ ՀԱԿ հանրահավաքը կսկսեր, Ազատության հրապարակում սկսեց այսպես շփվել ու ԱԺ-ից իր տպավորությունները կիսել հավաքվածների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին:

Հավաքվածների դիտարկմանը, որ «ՀԱԿ-ի 7 մանդատը 70-ի դեր է խաղալու»՝ Ջհանգիրյանը պատասխանեց, որ քանակային առումով, բնականաբար, իրենք որեւէ որոշում չեն կարող անցկացնել՝ նույնիսկ մնացած ընդդիմադիր ուժերի հետ համատեղ. «Բայց դուք այդ ներկայությունն արդեն տեսաք, որ որակական փոփոխությունների է հանգեցրել: Ե’վ կառավարության ծրագրի քնարկումը, ե’ւ մնացած օրակարգի հարցերի քննարկումը: Իրենք սովոր չէին այդպիսի բովանդակային մասնագիտական քննարկումների: Այսինքն՝ մի դեպքում մթնոլորտն է փոխվում, մյուս դեպքում ես ձեզ մի բան ասեմ՝ այս երկիրն այնքան մարտահրավերների առաջ է կանգնած, որ ամեն պահի հնարավոր է այս 7-ը դառնա 70: Ես ձեզ վստահեցնում եմ, ոչ ոք այնտեղ թեկուզ ՀՀԿ-ից, թեկուզ իշխանամետ այլ քաղաքական ուժերից ոչ ոք չի պատրաստվում այս բարձրագույն իշխանությունների հետ գնա ու զոհվի»: Նա հավատացնում էր, որ երբ իրավիճակը փոխվի, լուրջ քանակական փոփոխություններ կլինեն՝ «Մենք տենց նախադեպեր ունեցել ենք»:

Հավաքվածներից մեկի դիտարկմանը, որ մենք ձեր թիկունքին կանգնած ենք՝ Ջհանգիրյանը պատասխանեց, որ եթե իրենք կարողանան ՀԱԿ-ի ֆրակցիայի ներկայությունն ԱԺ-ում զուգակցել հրապարակի, ժողովրդի շարժման հետ ՝ խնդիր չեն ունենա. «Որովհետեւ այնտեղ ոչ մի քաղաքական ուժ իրականում այդ հենարանը չունի: Ոչ մեկը չի կարող այնտեղ հա՛մ ֆրակցիա ունենալ, հա՛մ ստեղ հանրահավաք անել: Եթե անեն՝ ուրեմն պիտի բերեն ավտոբուսներով, տրոլեյբուսներով, օդապարիկներով, չգիտեմ, պարաշյուտներով եւ այլն: Հիմա մենք պիտի ցույց տանք, որ մենք յուրահատուկ քաղաքական ուժ ենք, իրական ժողովրդական շարժում ենք եւ ավելին՝ մի քանի մանդատ ունենալը մեր նպատակների գագաթնակետը չէր: Մենք պիտի շարունակենք մեր պայքարը, մինչեւ այս երկրում սահմանադրական կարգ հաստատենք, մինչեւ իրականում ժողովուրդն ընտրի իր իշխանավորին, ոչ թե գործադիրը, փողը կրիմինալը, իրավապահը ընտրեն օրենսդրին, հետո այդ նույն օրենսդիրը հավանություն տա նույն այդ գործադրի ծրագրին: Այսինքն՝ ձեւավորի մի կառավարություն, որն իրեն է ընտրել: Խայտառակություն: Հետո այս երկու իշխանության ուժերը՝ ձեւավորեն կամ յուրացնեն դատական իշխպանության լիազորությունները: Այսինքն՝ մենք ունենք միահեծան իշխանություն այս երկրում: Մի մարդ է , բոլոր իշխանության ճյուղերը ենթարկվում են մի մարդու: Դրա համար մեր սահմանադրական կարգի վերականգնման խնդիր ունենք: Երբ ասում ենք վերականգնենք դա, շատերին թվում է, թե ինչ-որ գիտահետաղզոտական բան է: Չէ’»:

Գագիկ Ջհանգիրյանը հանրահավաքի մասնակիցներին պատմեց, թե Սեւանա լճից ջուր բաց թողնելու կամ 40 մլն դոլար վարկ վերցնելու նախագծերը ԱԺ-ում քննարկելիս  ՀԱԿ-ը ինչպես նեղը դրեց ՀՀԿ-ին ու կառավարությանը. «Այս օրենսդիրի մեծամասնությունը, ոչ մեկը դեմ լինելու բառ կամ մտավախություն չարտահայտեց, թե մենք արդեն 6.5 մլրդ պարտք ունենք, ո՞ւր ենք 40 վերցնում»: Հավաքվածների դիտարկմանը, որ չեն հասկանում, Ջհանգիրյանը չհամաձայնեց. «Չհասկանալու խնդիր չի: Իրենք ընտրվել են այդ նույն կառավարության, նրա ուժային եւ իրավապահ մարմինների  միջոցով, դրա համար սուս ու փուս կատարում են նրա հրամանը: Մենք պիտի այս իրավիճակը շտկենք: Եթե չշտկենք, ուրեքն Հայաստանն արդեն ապագա չունի»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք իրավիճակը փոխելու, ձեր 7 մանդատը 70 դարձնեք, երբ բոլորն արդեն ստացել են իրենց մանդատները, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «ԱԺ մանդատ ստացողները բոլոր պրոֆեսորներ, ակադեմիկոսներ ու գիտնականներ չեն: Ես ասել եմ՝ ոնց է փոխվելու: Եթե մենք կարողանում ենք ԱԺ-ի ն զուգահեռ ակտիվ, տաք պահել մեր շարժումը, մենք ի վերջո հասնելու ենք հաղթանակի: Հնարավոր չի այլ բան, որովհետեւ այլընտրանքը այս երկրի կործանումն է: Իշխանավորները, օլիգարխները ինչքան էլ ուզում է անհասկացող լինեն, երկրի, ժողովրդի շահերն անտեսեն, գալու է մի պահ, որ դրվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը: Այդ ժամանակ բոլորը խելքի կգան: Ամեն դեպքում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրություններով: Ես չեմ ասում, թե առանց ընտրության՝ հեղաշրջմամբ գալու ենք իշխանության, բայց ընտրության համար մթնոլորտ է պետք: Եթե ձեւավորվի համապատասխան մթնոլորտ, քվեարկությունը կամրագրի այդ մթնոլորտի արդյունքը, այդքան բան է պետք»:

Ջհանգիրյանը ընտրողների հետ հանդիպումն ավարտեց «լավ եք, չէ՞, դե դուխով մնացեք» խոսքերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930