Այսօր` հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Tert.am-ը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել 11-ամյա Լևոն Թադևոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Երեխան տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց, որտեղ մահացել է: Ավելի ուշ Մեծամորի ոստիկանություն է ներկայացել «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Բարսեղյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթ կատարած Կ.Բարսեղյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակից է:
Մինչ վրաերթի վայրում ոստիկանները իրենց աշխատանքն էին կատարում` անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի է ենթարկում ծառայություն կատարող ՃՈ աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին և դիմում փախուստի: Ոստիկանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Մեծամորի հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը փորձում է գտնել տեսուչին վրաերթի ենթարկած վարորդին ու ավտոմեքենան: