2012թ. Բերդի տարածաշրջանում կատարված բնակարանային բոլոր՝ 9 գողությունները տեղի ոստիկանության կողմից բացահայտվել են: Ոստիկանությունից տեղեկացանք, որ հունիսի 3-ին Բերդ քաղաքի 25-ամյա բնակիչ, նախկինում դատված Արմեն Ռուբենի Ոսկանյանը Բերդի բնակիչ Հրաչ Զաքինյանի տնից գողացել է 1 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկե զարդեր եւ 20 հազար դրամ: Այդ գողությունը հաջորդ օրը բացահայտվել է: Հունվարին Արծվաբերդի 28-ամյա բնակիչ Դավիթ Էդվարդի Չոբանյանը իրենց գյուղում կատարել է 5 բնակարանի գողություն՝ գողանալով 3 հատ «նոութբուք» համակարգիչ, թվային նվագարկիչ, թվային լուսանկարչական ապարատ եւ այլն:Նա, մինչ հանցագործությունների բացահայտվելը, հասցրել է գողոնի մի մասը վաճառել, մնացած մասն առգրավված է:
Մայիս ամիսին Բերդի 22-ամյա բնակիչ Դավիթ Պողոսյանը Բերդ քաղաքում կատարել է ընդհանուր առմամբ 10 կտոր ոսկե զարդերի եւ 60 հազար դրամի գողություն, գողոնն առագրավված է, Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Այգեձորի բնակիչ Սասուն Երեմյանը հարազատ գյուղում բնակվող սահմանապահ 2 սպաների տներից գողացել է թվային նվագարկիչներ եւ «նոութբուք» համակարգիչ, գողությունները բացահայտվել են: Բացի բնակարանային գողություններից, ոստիկանները բացահայտել են նաեւ Բերդ քաղաքի բնակիչ Սոս Խորենի Ներսիսյանի եւ Չինչին գյուղի բնակիչ Հովհաննես Էդիկի Գյուրջինյանի կողմից անտառանյութի ապօրինի արտահանման դեպքերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ