Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյան. «Ստիպում էին գրել, որ ես եմ սպանել Արտակ Նազարյանին»

Հունիս 26,2012 22:15

Ցուցմունք է տալիս Հարութիկ Կիրակոսյանը:

Հունիսի 26-ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Ցուցմունքներ տվեցին ամբաստանյալներ` ժամկետային զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը:

Հ. Կիրակոսյանը ավարտել է զինվորական ծառայությունը եւ ներկայումս ազատության մեջ է: Երկու ամբաստանյալներն էլ  հայտարարեցին, որ  պատասխանելու են  միայն իրենց պաշտպան, փաստաբան Ալվարդ Մնացականյանի, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան  Մուշեղ Շուշանյանի հարցերին: Սակայն Հ. Կիրակոսյանը պատասխանեց դատավարության բոլոր մասնակիցների հարցերին, իսկ  Ա. Հովհաննիսյանը՝ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի եւ մեղադրող Հարություն Հարությունյանը հարցերի մի մասին: Ամբաստանյալներն ասացին, որ  Բերդ քաղաքում, ռազմական ոստիկանությունում իրենց  9 օր  ծեծել, շանտաժի են ենթարկել:

– Տարան մենախցերը, հետո բարձացրին վերեւ, մոտ 9 ժամ հարցաքննեցին, անկյունում անընդհատ կանգնած էինք, ծեծվելով, տարբեր տարիք եւ կոչում ունեցող մարդիկ էին մտնում-ելնում, հարցնում էին՝ ո՞վ է սպանել: Ինձ ասում էին՝ մենք գիտենք, որ դու ես սպանել, գրի, որ դու ես սպանել, դե ասա, թե ո՞վ է սպանել: Անուններ էին նշում, սկզբում համարյա բոլորի անուններն էլ նշում էին: Չէի գրում,ասում էի՝ ո՞ւմ անունը տամ, որ ես  նման բան չեմ տեսել: Բայց մարդիկ եղան, որ գրեցին մեր անունները, որ իբր մենք ենք դրդել ինքնասպանության, չդիմացան երեւի ծեծին,- դատարանում հայտարարեց Հարութիկ Կիրակոսյանը:

Նա  ասաց, որ  ծեծի հետեւանքով իր ոտնաթաթը ուռել էր,  պատերից բռնելով  էր քայլում,  ռազմական հոսպիտալի պետը  եւ նրա տեղակալը եկել-տեսել են,  իրեն տեղափոխել են հոսպիտալ, սակայն այնտեղ  չեն բուժել, քանզի  այդ պահին  իրեն արդեն ներգրավվել են որպես մեղադրյալ: Երեք օր անց 3 զինվորներին, որոնց հետագայում մեղադրանք են առաջադրել, առանձնացրել են, միասին պահել ամենամութ, ամենախոնավ խցում: Ամբաստանյալներն ասացին, որ  զինվորների եւ Արտակ Նազարյանի փոխհարաբերությունները լավ են եղել, Նազարյանը իր ենթակա զինվորների հանդեպ հոգատար  էր: Երկու ամբաստանյալներն էլ  իրենց մեղավոր չճանաչեցին:

Հարութիկ Կիրակոսյանը ժխտեց, թե ինքն  Արտակ Նազարյանի հետ կռվի է բռնվել, բռնել նրա վզից, փորձել խեղդել: Նա ասաց, որ  չէր կարող սպայի հետ կռվել, բացի այդ Արտակ Նազարյանը ֆիզիկապես ուժեղ էր, պարապում էր  ծանրաձողով, սպորտային կազմվածք ուներ: Ադիբեկ Հովհաննիսյանն էլ ժխտեց, որ մի առիթով Արտակ Նազարյանը խփել է իր ձախ ուսին դաջված խաչին, ինքն էլ  հարվածել է Նազարյանին:

Տուժողի իրավահաջորդի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ Հարութիկ Կիրակոսյանը Արտակ Նազարյանի սպանության հետ կապ չունի, որ նա հանիրավի մեղադրվել է, նրա նկատմամբ ռազմական ոստիկանությունում դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք, Կիրակոսյանը ենթարկվել է դաժան խոշտանգումների, շուրջ  մեկ տարի ապօրինի պահվել է կալանքի տակ միայն այն բանի համար, որ, ի տարբերություն գործում ներգրավված զինվոր վկաների,  չի վկայել իր ծառայակիցների դեմ: Շուշանյանի խոսքերով՝ նախաքննական մարմինները  հորինել են Արտակ Նազարյանի ինքնասպանության վերաբերյալ կեղծ վարկածներ, փորձ է արվել Հարութիկ Կիրակոսյանից ստանալ  դա հաստատող ցուցմունքներ:

Մ. Շուշանյանը միջնորդեց, որպեսզի  ռազմական ոստիկանությունում Հ. Կիրակոսյանի ծեծի վերաբերյալ դատարանը դիմի դատախազություն: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանին միջնորդեց Վանաձորի մեկուսարանից պահանջել Հարութիկ Կիրակոսյանի ոտքի բուժման մասին տեղեկանքներ: Դատարանը որոշեց Մ. Շուշանյանի միջնորդությունը քննարկել դատավարության  վերջնական փուլում:

Մեղադրող Հարություն Հարությունյանը, գտնելով, որ էական հակասություններ կան ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի դատարանում տված  եւ նախաքննական ցուցմունքների միջեւ, միջնորդեց  հրապարակել նրա նախաքննական ցուցմուքները; Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հունիսի 26-ին հրապարակվեցին այդ ցուցմունքներից երկուսը:  Ադիբեկ Հովհաննիսյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը  ցուցմունքներ է տվել ծեծի եւ ճնշման հետեւանքով, այդ ցուցմունքները ճշմարիտ չեն:  Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող  Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, դատական նիստի ընդմիջմանը վիրավորանքներ հնչեցրեց մեղադրող Հարություն Հարությունյանի հասցեին, ով եղել է նրա որդու մահվան  գործով մեղադրողը: Դատավոր Սամվել Մարդանյանը  Գոհար Սարգսյանին զգուշացրեց, որ դատարանի տարածքում  պետք է  դրսեւորել փոխադարձ հարգանք:   Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 27-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930