Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները շարունակում են թմրամիջոցներից կախում ունեցող անձանց նկատմամբ պայքարի պրակտիկան»

Հունիս 26,2012 21:34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը թմրամիջոցների դեմ  պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

 

Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով թմրամիջոց  գործածող  անձանց իրավունքների պաշտպանությունը, մշտական ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ իշխանությունների կողմից վավերացված «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից վերցված պարտավորությունների կատարման ընթացքը:

ՀՀ նախագահի 2009 թ. սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրությամբ հաստատված «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում նախատեսված 87 միջոցառումներից միայն 12-ն է վերաբերում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ցուցաբերվող բժշկական ծառայությունների բարելավմանը: Եվս 42 միջոցառում առնչվում են թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության, այդ թվում` ազատազրկված անձանց և զինծառայողների իրազեկվածության բարձրացմանը, խորհրդատվության տրամադրմանը, տեղեկատվական և կրթական նյութերի տարածմանը, թմրամոլության տարածվածության ու հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական առաջարկությունների մշակմանը:

Կազմակերպության կողմից 2010-2011 թթ. ընթացքում ուսումնասիրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 142 քրեական գործ, որոնց շրջանակներում 218 անձանց նկատմամբ մեղադրանքներն առաջադրվել են.

  • 56 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հիմքով` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը
  • 129 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հիմքով` թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի
  • 32 անձի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների համակցությամբ:

Դիտարկված քրեական գործերով դատական մարմիններն անդրադարձել են միայն 8 անձանց առողջական խնդիրներին` պատժի հետ մեկտեղ նրանց նկատմամբ նշանակելով հարկադիր բուժում թմրամոլությունից:

Ելնելով դիտարկված գործերի ուսումնասիրությունից` կազմակերպությունը գտնում է, որ չնայած 2008 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով սահմանված թմրամիջոցների ապօրինի գործածման ապաքրեականացմանը, շարունակվում է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման պրակտիկան: Այսինքն` ՀՀ իշխանությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում շարունակում են թմրամիջոցներից կախում ունեցող անձանց նկատմամբ պայքարի պրակտիկան:

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է`

  • Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամբողջությամբ չեն իրականացնում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները
  • անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում Կոնվենցիայով սահմանված թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման, կրթության և սոցիալական ինտեգրման խնդիրներին /կոնվենցիայի 3-րդ հոդվածի b), c), d) կետեր/:

 

26.06.2012 թ.

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930