Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սերժանտական իրավապահները մի հարմար պահի ազատ կարձակեն մարդասպաններին»

Հունիս 26,2012 20:45

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱԿ հանրահավաքում նշեց, որ Մարտի մեկի մարդասպանները շրջում են ազատության մեջ. «Քաղաքական մյուս ուժերի օրակարգից նրանց բացահայտելու պահանջը ակնհայտորեն դուրս է մնացել: Նրանք սպասում են մի հարմար պահի գործը կասեցնելու՝ անհեթեթ պատճառանանությամբ: Սերժանտական հատուկ քննչական ծառայությունը վաղուց դա իրականացրած կլիներ, եթե չլիներ ՀԱԿ-ի սկզբունքայնությունը: ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ Սահմանադրական կարգի վերականգնման համատեքստում հետամուտ է Հոտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը բացահայտելու գործին»: Ըստ նրա՝ ով գտնում է, որ անձնական շահ կա, սխալված կլինի. «Հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի վրա չեն կրակել, այլ` ՀՀ Սահմանադրության, Մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա չեն կրակել, այլ ՀՀ քաղաքացու: Երբ չարքաշ ռամիկը տեսնում է, որ Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել ինքն իրեն, հրաժարվում է քաղաքացի լինել: Մարդը, հայը, հայաստանցին շարունակաբար Սահմանադրություն է փնտրում եւ դա գտնում է ամերիկաներում ու եվրոպաներում»:

Նա անդրադարձավ նաեւ «Հարսնաքարի» միջադեպին՝ նշելով. «Պետք չէ զարմանալ, որ «Հարսնաքարի» հրեշավոր դեպքերից հետո քաղաքացիական հասարակությունը չի պատրաստվում դուրս գալ փողոց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Վարդգես  Գասպարիին թողնելով մեն-մենության մեջ»: Ըստ Նիկոլ Փաշինյանի` մարդիկ վախենում են դուրս գալ, որովհետեւ գիտեն, թե ինչ խնդիրներ են ունենում նրանց դեմ ելնողերը. «Հիմա սերժանտական իրավապահները կփորձեն բթացնել հանրային զգոնությունը եւ հարմար պահի ազատ կարձակեն մարդասպաններին: Այն ուժը, որ կարող է թույլ չտալ նման բաներ՝ ՀԱԿ-ն է, որ կանգնած է այսօր Ազատության հրապարակում: Անպատիժ մնացած հանցագործությունները ծնում են նոր հանցագործություններ»:

Լեւոն Զուրաբյանն էլ արձանագրել է, որ վարչապետը կայուն ընկճախտ է ապրում՝ ԱԺ-ում իրենց հարցադրումներից հետո. «Այսօրվա իշխանավորները գունատվում են եւ կարկամում են, որովհետեւ գիտեն, որ մեր ետեւում կանգնած է ժողովուրդը: Իրենք մեզանից լավ գիտեն, թե քանի ձայն են կեղծել»: Նա ասաց, որ լինելու են Ազատության հրապարակի ներկայացուցիչները խորհրդարանում: Նա, հիշեցնելով, թե ինչ ասաց Հովիկ Աբրահամյանը` «կարծում էինք այս ամբիոնը կօգտագործեք, բայց դուք նորից հանրահավաքներ եք անում», Զուրաբյանն ասաց. «Սերժ Սարգսյանի ռեժիմը մի պարզ բան չի հասկանում՝ մեզ համար միակ արժեքավոր ամբիոնը ժողովրդի ամբիոնն է»: Ըստ նրա, անելիքները շատ են` առջեւում նախագահական ընտրություններն են, որոնք վճռորոշ են լինելու այս ավազակապետության դեմ պայքարում: Լեւոն Զուրաբյանի գիտի, որ կգտնվեն սկեպտիկներ, որոնք կասեն, որ նույն ձեւով կկեղծվեն նաեւ այս ընտրությունները: Բայց նախագահական ընտրություններում մարդիկ ավելի քիչ են հակված գործարքի գնալ կամ գայթակղվել նյութականով: Ուստի քաղաքական պայքարը, ըստ Զուրաբյանի, շատ ավելի թեժ է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930