Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկի» համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված «Երազանքների պատ» ծրագրի շրջանակում իրականացված եռաչափ նկարի շնորհանդեսին:
Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին «Երազանքների պատերին» տեղ գտած բազմաթիվ խնդրանքները, կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, երևանյան նկարն իր չափերով նկարչի նմանատիպ ամենամեծ աշխատանքն է աշխարհում:
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս նախաձեռնությունը քաղաքապետարան-մասնավոր կառույցներ արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է, որը լինելու է շարունակական: «Մեր գործընկերոջ հետ նախաձեռնելով «Երազանքների պատ» ակցիան` նպատակ էինք դրել տեղեկանալ Երևանի զարգացման ու գեղեցկացման հարցում մեր համաքաղաքացիների և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի հյուրերի մոտեցումներին: Առաջիկայում կամփոփվեն բոլոր երազանքները և կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի հավաքական այն երազանքը, որի իրագործման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տեսնելով քաղաքացիների ոգևորությունը` Ազնավուրի հրապարակի եռաչափ նկարը թերևս միակը չի լինի Երևանում:
Աշխատանքը 5 օր շարունակ կատարվել է ծածկի տակ ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով: Նկարը եռաչափ պատկերով տեսնել հնարավոր է միայն նշված մեկ կետից: Լուսանկարվել ֆոնին երևանցիները կկարողանան դեռ մի քանի ամիս շարունակ:
Կարդացեք նաև
«Քաղաքն օրեցօր ու հաճելիորեն կերպարանափոխվում է: Ու այս հարցում, անշուշտ, իր մեծ ներդրումն ունի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա ևս մեկ խթան է, որ մենք շարունակենք համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և փորձենք կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքի արտաքին տեսքի էլ ավելի գեղեցիկ ձևավորմանը»,- նշել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նշենք, որ «Երազանքների պատերին» և ֆեյսբուքյան էջին տեղ են գտել ավելի քան 4000 տարբեր երազանքներ ու ցանկություններ, որոնցից մոտ 800-ը եղել են 3D սթրիթ- արտի վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն