Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը ընտրողներին պատմում է, թե ոնց են կերել Գալուստ Սահակյանի ներվերը

Հունիս 26,2012 19:51

Քիչ առաջ ՀԱԿ-ը սկսեց իր հանրահավաքը Ազատության հրապարակում: Կոնգրեսի ընտրազանգվածին ողջունեց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իրենք գոհ են ԱԺ-ում իրենց աշխատանքից. «Այս ամենը անակնկալ էր կառավարության, վարչապետի համար: Նրանք գիտեին, որ դժվար է լինելու, բայց` ոչ այսքան շատ: Ընթացքում մեզ մոտեցել են նախարարներ, պատգամավորներ, որոնք իրենց զորակցությունն ու գոհունակությունն են մեզ հայտնել, նույնիսկ այդ մարդկանց մոտ հույս է արթնացել, որ ՀԱԿ-ը իր նորամուծությամբ կարող է որոշակի գործընթացներ իրականացնել: Դա ծանր է մեզ համար, բայց մենք պետք է դա իրականացնենք: Առանց ձեզ մենք շատ թույլ ենք: 7 հոգին բնականաբար այն թիվը չէ, որ կարողանանք ռադիկալ փոփոխություններ մտցնել պառլամենտում: Ասենք, ձեզ, իրենք մեզնից այնքան չեն վախենում, իրենք վախենում են ձեզնից: ՀԱԿ-ի ուժը մնում է ժողովրդական շարժումը: Իրենք ավելի շատ են լինելու ԱԺ դահլիճում,  ավելի շատ են պատրաստվելու»:

Արամ Մանուկյանը խնդրեց Կոնգրեսի անունից շարժումը միշտ պահել ու հրապարակը միշտ պահել. «Մենք ուզեցինք, բայց չկարողացանք մի հարվածով միասնական հաղթանակ ունենալ, ոչինչ հաջորդը կլինի աշնանը, կլինի փետրվարին: Այս իշխանությունը իմունիտետ չունի: Եվ թանկացումներն են շարունակվելու, պետք է իր քաղաքական գործընթացները իրականացնի: Ցանկացած վերադասավորումներ կարող են լինել ցանկացած ժամանակ: Խնդրում եմ թիմը մեր մշտապես պատրաստ պահել՝ ցանկացած գործողությունների դեպքում»:

Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց հանրությանը, որ իրենք ընդգրկված են ԱԺ բոլոր հանձնաժողովներում եւ ծանրաբեռնված աշխատելու են նույնիսկ այն տղերքի փոխարեն, որոնք ցուցակում ընդգրկվել էին, բայց չեն մտել պառլամենտ. «Ներեք, ներող եղեք, տղերք: Մի երկու բառ էլ ձեզ զվարճացնելու համար: Ասեմ, թե ինչու էր իրար խառնվել ու խեղճացել Գալուստ Սահակյանը: 40 դեպուտատ կոչված 5 տարվա ընթացքում ելույթ չէր ունեցել: Դրանք կոճակներ են, ոչ թե դեպուտատ: Ամեն մի պատգամավոր կողմ է քվեարկել 350 անգամ: Գալուստի ներվերը այստեղ չէր դիմանա, ոչ մեկինը չէր դիմանա: ՀՀԿ խմբակցություն՝ որպես այլընտրանքային, ինքնուրույն, չկա, սա էր ապացույցը: Պարզ չէ՞ր, որ սրանից իրենք պիտի կատաղեին, փրփրեին: 5 տարվա ընթացքում հարկային օրենսդրության փոփոխության համար կառավարությունը 126 անգամ մտել է պառլամենտ: Հարկային օրենքները փոփոխվում են ամենադժվարը, աշխարհն է ասում: Սրանից շատ բիզնեսը, տնտեսությունը քանդող բան չկա: Սա է այսօրվա պառլամենտը, եւ սրա մեխը, գլուխը ուրիշ տեղ է, ոչ թե այնտեղ է, որտեղ մենք նստած ենք, այլ դրա մյուս՝ դիմացի մայթին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930