Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների գործերով երկու վճիռ է կայացրել, նրանցից մեկը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է: Հիշեցնենք` նա 2006-ի դեկտեմբերին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար» առաջադրված մեղադրանքով ձերբակալվել էր և այնուհետև դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Եվրոպական դատարանը գտել է, որ Մալխասյանի պարագայում տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտում և վճռել է որպես Մալխասյանին բարոյական փոխհատուցում Հայաստանի կառավարությունից գանձել 4,5 հազար եվրո:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Մալխասյանն ասաց, որ գոհ է Եվրադատարանի կայացրած որոշումից, բայց` մասամբ: «Ես կարծում եմ, որ ավելի խիստ պետք է մոտեցած լինեին», -նկատեց նա:
Ազատամարտիկի խոսքով, Հայաստանի դեմ կայացվող վճիռներից, միևնույնն է դատական համակարգը հետևություններ չի անում: «Սրանով հաստատեցին, որ Հայաստանում չկա արդարադատություն, եղածը ծաղրանկար է: Սահմանադրության մեջ գրել են, որ սա իրավական պետություն է: Ի՞նչ իրավական պետություն, երբ դատարանի ցանկացած որոշում, երբ մարդը հետամուտ լինի, դիմի եվրոպական դատարան, կարող է շահել, որովհետև Հայաստանում արդարադատություն չկա: Ախր, դաս չի լինում սրանց, ախր չեն հասկանում, որ դատավորները կամակատար են», -նշեց Մալխասյանը: