«Համահայկական բանակ» շարժումն այսօր հյուրընկալել էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Բանախոսության թեման` Սփյուռք–Հայաստան–Արցախ ռազմահայրենասիրական կապն էր: Մինչ իր բուն խոսքին անցնելը` նախարարն անցկացրեց փոքրիկ հարցում` ստուգելու Հայաստանի Հանրապետության մասին երիտասարդների ունեցած գիտելիքները:
«Դեռեւս 4-5-րդ դարերում մեր նախնիները սիրել են ճամփորդել: Մենք եղել ենք ուժեղ ու շնորհքով, դրա համար մերոնց պահել են այդ երկրներում: 1915 թվականին` բացի մարդկային ցեղասպանությունից, եղավ նաեւ մշակութային եղեռն: Դրանից հետո է, որ ձեւավորվեց սփյուռքը: Հաճախ են մեզ համեմատում հրեական սփյուռքի հետ: Սակայն մերը 100 տարեկան է, իսկ նրանցը` 2000, մենք ունենք պետություն, իսկ նրանք` ոչ: Աշխարհի վրա հարյուրավոր սփյուռքեր կան, Հայաստանը միակը չէ»,-ասաց Հակոբյանը:
Նա Սփյուռքը նմանեցրեց Բաքվի նավթին. «Եթե նրանք ունեն Նավթի նախարարություն, ապա մենք էլ ունենք Սփյուռքի նախարարություն: Շուտով ինչպես կվերանա նրանց նավթային ռեսուրսները, այդպես էլ կվերանա մեր սփյուռքը»: Նախարարը հավաստիացնում է` իրենք աշխատում են բոլոր հայերի հետ. «Հայը նա է, ով խոսում է հայերեն, քրիստոնյա է ու իրեն համարում է հայ: Մեծ խնդիր է խառնամուսնությունը: Նրանցից ծնված երեխան արդեն հրաժարվում է Հայաստանից: Մեր խնդիրը նրանց այստեղ բերելն է: Ես հայտարարում եմ` մենք 10 միլիոն ենք, ու կապ չունի, թե նրանք որտեղ են ապրում: Խնդիր է նաեւ հայապահպանությունը, որը պետք է լուծի ոչ միայն նախարարությունը, այլ նաեւ հայոց պետությունը: Սփյուռքը ինձ համար, ֆինանսական առումով, վերջին տեղում է, կարեւորը ներուժն է»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ